« ԹՈՂ ՈՐ ԱՌԱՏ ԼԻՆԵՆ ՁԵՐ ՄԵՋ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԱՍՏԾՈ ՇՆՈՐՀՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ԹՈՂ ՈՐ ԱՌԱՏ ԼԻՆԵՆ ՁԵՐ ՄԵՋ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԱՍՏԾՈ ՇՆՈՐՀՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ »

Սբ. Կղեմես Հռոմեացի (Պապ մոտ 90֊100թթ.ին). « Առաջին Նամակ Կորնթացիներին », 3-7.
 
 
Աստծո Եկեղեցին, որ Հռոմում է, Աստծո Եկեղեցուն, որ Կորնթոսում է, մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար Աստծո կամքի մեջ նվիրագործված ընտրյալներին։ Թող որ առատ լինեն ձեր մեջ Ամենակարող Աստծո շնորհն ու խաղաղությունը՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ [...]
 
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՂԵՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
 
Գ. - 1. Ամեն պատիվ ու առատություն տրվել էր, և կատարվել էր այն, ինչ գրված էր. «Սիրելին կերավ ու խմեց, իր տեղն ընդարձակեց ու գիրացավ, և քացի տվեց»։
2. Այստեղից՝ խանդն ու նախանձը, վեճն ու հրահրումը, հալածանքն ու անկարգությունը, պատերազմն ու գերությունը։
3. Այսպես ապստամբեցին պատվազուրկները հարգվածների դեմ, անուն չունեցողները անվանիների դեմ, խելազուրկները իմաստունների դեմ, երիտասարդները տարեցների դեմ։
4. Սրա համար է, որ հեռացան արդարությունն ու խաղաղությունը, որովհետև ամեն ոք լքեց Աստծո երկյուղը և հանգցրեց(1) իր հավատքը. չի ընթանում աստվածային պատվիրանների համաձայն, չի վարվում այնպես, ինչպես պատշաճ է Քրիստոսին, այլ՝ առաջ է շարժվում իր չարամիտ սրտի կրքերի համաձայն, բռնված անարդար ու ամբարիշտ նախանձով, որի միջոցով նաև «մահը մտավ աշխարհ»։
 
ՕՐԻՆԱԿՆԵՐ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻՑ
 
Դ. - 1. Այսպես է գրված. «Պատահեց, որ շատ օրեր անց Կայինը զոհ մատուցեց Աստծուն երկրի պտուղներից, և Աբելն էլ զոհ մատուցեց ոչխարների առաջնեկներից ու նրանց ճարպից։
2. Եվ Աստված նայեց Աբելին ու նրա ընծաներին, բայց ուշադրություն չդարձրեց Կայինին ու նրա զոհերին։
3. Կայինը դրա համար շատ տրտմեց և իր դեմքին թախիծ էր երևում։
4. Աստված Կայինին ասաց. "Ինչո՞ւ ես տխրել, և ինչո՞ւ է դեմքիդ թախիծ երևում։ Մի՞թե չես մեղանչել, եթե զոհդ ուղղամտորեն մատուցելով հանդերձ՝ ուղղամտորեն չբաժանեցիր դրա մասերը։
5. Հանդարտվի՛ր. քո ընծան քեզ է վերադառնում և դու կարող ես ուզածիդ պես տնօրինել այն"։
6. Կայինն իր եղբայր Աբելին ասաց. "Դաշտ գնանք"։ Եվ պատահեց, որ մինչ դաշտում էին, Կայինն իր եղբոր վրա նետվեց և սպանեց նրան»։
7. Ահա՛ տեսնում եք, եղբայրներ, որ խանդն ու նախանձը եղբայրասպանության հասցրեցին։
8. Նախանձի պատճառով մեր հայր Հակոբը փախավ իր եղբոր՝ Եսավի առջևից։
9. Նախանձը մահու չափ հալածել տվեց Հովսեփին և հասցրեց նրան մինչև ստրկության։
10. Նախանձը հարկադրեց Մովսեսին փախչել Փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի ներկայությունից, երբ իր ազգակիցներից մեկից լսեց. «Ո՞վ քեզ կամարար ու դատավոր կարգեց մեր վրա։ Արդյոք ինձ է՞լ ես ուզում սպանել, ինչպես եգիպտացուն սպանեցիր երեկ»։
11. Նախանձի պատճառով Ահարոնն ու Միրիամն օթևանեցին վրաններից(2) դուրս։
12. Նախանձը ողջ-ողջ դժոխք իջեցրեց Դաթանին ու Աբիրանին, որովհետև ապստամբել էին Մովսեսի՝ Աստծո ծառայի դեմ։
13. Նախանձի պատճառով Դավիթը ո՛չ միայն օտարների կողմից ատվեց, այլ՝ Իսրայելի թագավոր Սավուղի կողմից էլ հալածվեց։
 
ՕՐԻՆԱԿՆԵՐ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻՑ
 
Ե. - 1. Բայց թողնելով հին ժամանակները, գանք մեզ մոտիկագույն մարզիկներին(3) և վավերական օրինակներ առնենք մեր դարաշրջանից։
2. Նախանձի ու խանդի պատճառով ամենամեծ ու արդար սյուները հալածվեցին ու պայքարեցին մինչև մահ։
3. [Որպես օրինակ] վերցնենք բարի առաքյալներին։
4. Պետրոսն անարդար նախանձի պատճառով ո՛չ թե մեկ կամ երկու, այլ՝ բազմաթիվ հոգնությունների համբերեց, և այդպես մարտիրոսությամբ հասավ փառքի տեղին։
5. Նախանձի ու տարաձայնության պատճառով Պողոսը տեսանելի դարձրեց համբերության մրցանակը։
6. Յոթն անգամ կրելով շղթաներ, աքսոր, քարկոծում, պատգամախոս դառնալով արևելքում և արևմուտքում, ազնվական համբավ ունեցավ հավատքի մեջ։
7. Արդարությունը ողջ աշխարհին քարոզելուց հետո, արևմուտքի սահմանին հասած(4) և իշխանությունների առաջ վկայություն տված, թողեց աշխարհը և հասավ սուրբ վայրը, դառնալով համբերության ամենամեծ նմուշ օրինակը։
 
ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՄԻ ԶՈՐԱԽՈՒՄԲ
 
Զ. - 1. Այս այրերին, որ սրբորեն ապրեցին, գումարվում է ընտրյալների մի մեծ զորախումբ, որոնք, նախանձի պատճառով բազմաթիվ վիրավորանքներ ու տանջանքներ կրելով, գեղեցկագույն օրինակ եղան մեր համար։
2. Նախանձի պատճառով հալածվեցին կանայք, երիտասարդուհիներ ու պարմանուհիներ, որոնք սարսափելի ու ամբարիշտ վիրավորանքներ կրեցին հավատքի համար։ Դիմագրավեցին մի ապահով ճամփորդության և մի առատաձեռն հատուցում ստացան՝ նրանք, որ տկար էին մարմնով։
3. Նախանձը հեռացրեց կանանց [իրենց] ամուսիններից, և աղավաղեց մեր հայր Ադամի խոսքը, թե. «Ահա՛ նա ոսկր է իմ ոսկորներից և միս է իմ մսից»։
4. Նախանձն ու տարաձայնությունը բազմաթիվ քաղաքներ ավերեցին և մեծ ազգեր կործանեցին։
 
ԶՂՋՈՒՄԸ
 
Է. - 1. Թանկագիններ, բոլոր այս բաները գրում ենք ձեզ՝ ո՛չ միայն ձեզ զգուշացնելու, այլ նաև՝ դրանք ինքներս մեզ հիշեցնելու համար։ Միևնույն մրցադաշտում ենք գտնվում և միևնույն մարտն է սպասվում մեզ։
2. Թողնենք ունայն ու անօգուտ մտքերը և հետևենք մեր ավանդության փառավոր ու մեծահարգ կանոնին։
3. Տեսնենք այն, ինչը որ գեղեցիկ, այն, ինչը որ հաճելի և ընդունելի է Նրա առաջ, Ով ստեղծել է մեզ։
4. Նայենք Հիսուս Քրիստոսի արյանը և ի միտ առնենք, թե այն որքա՜ն թանկարժեք է Իր Հոր համար։ Մեր փրկության համար հեղված, աշխարհին բերեց զղջման շնորհը։
5. Հերթով նայենք բոլոր սերունդներին և կնկատենք, որ սերնդե սերունդ Վարդապետը «զղջման վայր տվեց» բոլոր նրանց համար, ովքեր կամենում էին դիմել Իրեն։
6. Նոյը քարոզեց զղջումը և բոլոր նրանք, որ լսեցին նրան, փրկվեցին։
7. Հովնանը կանխասաց Նինվեացիների բնաջնջումը, բայց նրանք, իրենց մեղքերի համար զղջալով, Աստծո բարեհաճությունը շահեցին՝ աղոթելով, և փրկությունը ստացան, թեև օտար էին Աստծուն(5)։ [...]
(1) Բառացի՝ խավարեցրեց, մթագնել տվեց։
(2) Բառացի՝ բանակումից, բանակատեղիից։
(3) Մարզադաշտում մարզվող և մրցանակի համար մարտնչող մարզիկի պատկերը հոգևոր մարզադաշտում մարզվողների և հոգևոր պատերազմի դաշտում մարտնչողների վերաբերյալ կիրառվել է Պողոս Առաքյալից սկսած (հմմտ. 1Կր 9, 23-27; 2Տմ 2, 5)։
(4) Ի նկատի ունի վերին սահմանը, գագաթնակետը, կայսերական մայրաքաղաք Հռոմը։
(5) Այսինքն՝ Աստծո ժողովրդին, ճշմարիտ Աստծո հավատքին ու պաշտամունքին։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։