« ՊԱՏՐԱՍՏԵՑԵՔ ՏԻՐՈՋ ՃԱՆԱՊԱՐՀԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՊԱՏՐԱՍՏԵՑԵՔ ՏԻՐՈՋ ՃԱՆԱՊԱՐՀԸ »

Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացի (380-444). Եսայի մարգարեի մասին, III, 3.
 
 
[...] «Թող որ ուրախանան անապատն ու անջրդի հողերը, թող որ ցնծա ու ծաղկի տափաստանը» (Ես 35, 1)։ Այն, ինչը որ ներշնչված Մատյանն ընդհանրապես անվանում է ամայի ու ամուլ, Հեթանոսներից սերած Եկեղեցին է։ Այն գոյություն է ունեցել անցյալում, ժողովուրդների մեջ, բայց չէր ստացել երկնքից իր միստիկ Փեսային, այսինքն՝ Քրիստոսին։ [...] Բայց Քրիստոսը եկավ նրա մոտ. գրավվեց նրա հավատքից, հարստացրեց նրան աստվածային գետով, որ բխում է Իրենից, հոսում, քանի որ Ինքն է «կյանքի աղբյուրը, վայելքների հոսանքը» (Սղմ 36, 10.9)։ [...] Հազիվ Նա ներկա եղավ, Եկեղեցին դադարեց ամուլ ու ամայի լինելուց. հանդիպեց իր Փեսային, անթիվ զավակներ ծնեց, ծածկվեց միստիկ ծաղիկներով։ [...]
Եսային շարունակում է. «Այնտեղ մի հարթեցված ճանապարհ կլինի և այն կանվանեն Սուրբ Ճանապարհ» (35, 8)։ Հարթեցված ճանապարհը Ավետարանի զորությունն է, որ թափանցում է կյանքի մեջ, կամ ա՛յլ կերպ ասած՝ Հոգու կողմից պարգևված մաքրագործումն է։ Որովհետև Հոգին ջնջում է բիծը մարդկային հոգուց, ազատում է մեղքից և հաղթահարում է որևէ ապականություն։
Այս ճանապարհը, հետևաբար, իրավացիորեն է սուրբ ու մաքուր կոչվում. այն անհասանելի է բոլոր նրանց, ովքեր մաքրագործված չեն։ Ոչ ոք, արդարև, չի կարող ապրել Ավետարանի համաձայն, եթե նախ չի մաքրագործվել Սուրբ Մկրտությամբ։ Ոչ ոք, հետևաբար, դա չի կարող անել առանց հավատքի։ [...]
Միայն նրանք, ովքեր ազատագրվել են սատանայի բռնակալությունից, կկարողանան վարել փառավոր կյանքը, որը մարգարեն լուսաբանում է այս պատկերներով. «Առյուծն այլևս չի լինելու, ոչ մի գիշատիչ գազան չի հանդիպի» (35, 9) այդ մաքուր ճանապարհին։ Անցյալում սատանան՝ մեղքի հեղինակը, երկրի բնակիչների վրա հարձակվում էր գիշատիչ գազանի նման, չար ոգիների հետ միասին (հմմտ. 1Պտ 5, 8)։ Բայց ոչնչի վերածվեց Քրիստոսի կողմից, հեռացվեց հավատացյալների հոտից, մերկացվեց տիրապետությունից, որ կիրառում էր նրանց վրա։ Ուստի, Քրիստոսի կողմից փրկված և հավատքի մեջ վերամիավորված, քայլելու են միայն մեկ սրտով այս մաքուր ճանապարհի վրա (35, 9)։ Թողնելով իրենց նախորդ ճանապարհները, «այս ճանապարհի վրա են վերադառնալու Տիրոջ կողմից փրկագնվածները և ցնծությամբ գալու են Սիոն», այսինքն՝ Եկեղեցի. «հավերժական երջանկություն է փայլելու նրանց գլխավերևում» (35, 10), և փառաբանելու են Աստծուն՝ իրենց Փրկչին։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։