
« ԵՍ ԿԽՆԴՐԵՄ ՀՈՐԻՑ, ԵՎ ՆԱ ՁԵԶ ՄԻ ՈՒՐԻՇ ՄԽԻԹԱՐԻՉ ԿՏԱ, ՈՐՊԵՍԶԻ ՄԻՇՏ ՁԵՐ ՀԵՏ ՄՆԱ. ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԻՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
Սբ. Հիլարիուս Պիկտավիումացի (մոտ 315-367). « Երրորդության մասին », 2, 31-35.
[...] «Աստված հոգի է», ասում է Տերը սամարացի կնոջը. [...] քանի որ Աստված անտեսանելի է, անըմբռնելի և անսահմանափակ, Նրան պաշտամունք չեն մատուցում [միայն մի] լեռան վրա, կամ [միայն մի] տաճարի մեջ (հմմտ. Հվհ 4, 21-24)։
«Աստված հոգի է», իսկ հոգին չի կարող սահմանագծվել, ո՛չ էլ պահվել այդ սահմանների ներսում. իր բնության զորությամբ` ամենուր է և ոչ մի տեղում բացակա չէ. իր ողջ էությամբ գերառատորեն ներկա է ամեն ինչի մեջ։ Սրա համար հարկավոր է Սուրբ Հոգու մեջ պաշտել Աստծուն, Ով հոգի է։ [...]
Նույն բանն է ասում Պողոս Առաքյալը, երբ գրում է. «Տերը հոգի է, և որտեղ կա Տիրոջ Հոգին, այնտեղ գտնվում է ազատությունը» (2Կր 3, 17)։ [...]
Թող որ լռեն, ուրեմն, պատճառաբանությունները նրանց, ովքեր մերժում են Հոգին։ Սուրբ Հոգին մեկ է, ամենուր տարածված. Նա է, որ լուսավորել է բոլոր նահապետներին, մարգարեներին և ամբողջ դասը բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Օրենքի շարադրմանը(1)։ Նա ներշնչեց Հովհաննես Մկրտչին, նրա մոր արգանդից սկսած. վերջում հեղվեց Առաքյալների և բոլոր հավատացյալների վրա, որպեսզի կարողանային ճանաչել շնորհով իրենց հայտնված ճշմարտությունը։
Տիրոջ իսկ խոսքերից լսենք, թե ո՛րն է Նրա պաշտոնը մեր նկատմամբ։ Ասում է. «Տակավին շատ բաներ ունեմ ձեզ ասելիք, բայց առայժմ չեք կարող դրանց կշիռը տանել։ Ձեր համար լավ է, որ ես գնամ. եթե գնամ, կուղարկեմ Մխիթարչին, [...] Ճշմարտության Հոգին, որ կառաջնորդի ձեզ դեպի ամբողջական ճշմարտությունը» (Հվհ 16, 7-13)։ [...] Այս խոսքերի մեջ հայտնի են դարձվում ինչպես պարգևողի կամքը, այնպես էլ բնությունն ու դերը Նրա, Ով պարգևվում է մեզ։ Քանի որ մեր սահմանափակ բնությունը մեզ թույլ չի տալիս ըմբռնել ո՛չ Հորը, ո՛չ էլ Որդուն, [մեր համար] դժվար է հասկանալ Աստծո մարդեղության խորհուրդը։ Սուրբ Հոգու պարգևը, Ով մեր դաշնակիցն է դառնում Իր բարեխոսությամբ, լուսավորում է մեզ։ [...]
Պարգևը, որ Քրիստոսն է, ամբողջությամբ տրված է բոլորին։ Ամենուր մնում է մեր տրամադրության ներքո, և մեզ տրվում է այն չափով, որքանով որ կամենում ենք այն ընդունել։ Սուրբ Հոգին մեր հետ է մնալու մինչև աշխարհի վերջը, մեր սպասման մխիթարությունն է, գրավականն է Իր պարգևների ապագա իրականացման հույսի(2), լույսն է մեր մտքերի մեջ, փառքի պայծառությունն է մեր հոգիներում։ [...]