« ՈՉ ՈՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀՈՐԸ, ԱՅԼ ՄԻԱՅՆ` ՈՐԴԻՆ, ԵՎ ՆԱ, ՈՒՄ ՈՐ ՈՐԴԻՆ ԿԿԱՄԵՆԱ ՀԱՅՏՆԵԼ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՉ ՈՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀՈՐԸ, ԱՅԼ ՄԻԱՅՆ` ՈՐԴԻՆ, ԵՎ ՆԱ, ՈՒՄ ՈՐ ՈՐԴԻՆ ԿԿԱՄԵՆԱ ՀԱՅՏՆԵԼ »

Սբ. Հիլարիուս Պիկտավիումացի (մոտ 315-367). « Երրորդության մասին », 2, 6-7.

 

[...] Հորից է [գոյության] գալիս ամեն ինչ, որ գոյություն ունի։ Նա անձամբ – Քրիստոսի մեջ և Քրիստոսի միջոցով – ամեն ինչի սկզբում է։ Ի վերջո, Ինքն Իր մեջ է Նրա էությունը, և Նա ոչ ոքից չի ստանում այն, ինչը որ Ինքն է։ [...]

Անսահմանափակ է, որովհետև չի գտնվում ինչ որ մի տեղում, այլ` ամեն ինչ գտնվում է Իր մեջ։ [...]

Նա ժամանակից առաջ է, ժամանակը Նրանից է գոյություն ստացել։ Եթե միտքդ վազում է Նրա ետևից, եթե կարծում ես, թե կհասնես Նրա էության սահմաններին, միշտ կվերագտնես Նրան, որովհետև մինչ դու անդադար առաջ ես շարժվում Նրա ուղղությամբ, նպատակը, որին ուղղված ես, միշտ ավելի հեռանում է։ [...]

Այսպիսին է Աստծո խորհրդի ճշմարտությունը, այսպիսին է Հոր աններթափանցելի բնության արտահայտությունը։ [...] Այն արտահայտելու համար` խոսքը կարող է միայն լռել, այն քննելու համար` միտքը անշարժ է մնում, իսկ ըմբռնելու համար` խելքը զգում է իր ողջ սահմանափակությունը։

Եվ սակայն, այս Հայր անունը մատնանշում է Իր բնությունը. Նա ուրիշ բան չէ, եթե ո՛չ` Հայր։ Արդարև, ոչ ոքից չի ստանում Հայր լինելու փաստը, ինչպես պատահում է մարդկանց դեպքում։ Չծնված Հավիտենականն է։ [...]

Նրան միայն Որդին է ճանաչում, քանի որ. «Ոչ ոք չի ճանաչում Հորը, այլ միայն` Որդին, և նա, ում Որդին կկամենա հայտնել», և. «Ոչ ոք չի ճանաչում Որդուն, այլ միայն` Հայրը» (Մտթ 11, 27)։ Երկուսն էլ ճանաչում են մեկը մյուսին, և այս փոխադարձ ճանաչողությունը կատարյալ է։ Ուստի, քանի որ «Ոչ ոք չի ճանաչում Հորը, այլ միայն` Որդին», Հոր մասին ա՛յլ բան չգիտենք, եթե ո՛չ միայն` Որդու կողմից մեզ հայտնված միտքը. Որդու, Ով միակ «հավատարիմ Վկան է» (Հյտ 1, 5)։

Հորը վերաբերվող բաների մասին ավելի լավ է մտածել, քան թե խոսել։ Իրոք, որևէ խոսք անկարող է արտահայտել Նրա կատարելությունները։ [...] Կարող ենք միայն ճանաչել Նրա փառքը, մի որոշակի գաղափար կազմել և փորձել այն ճշգրտել երևակայությամբ։ Բայց մարդկային բարբառը զգում է [իր] անկարողությունը, և խոսքերը չեն բացատրում իրականությունն այնպես, ինչպիսին որ կա։ [...] Ուստի, որքա՛ն էլ որ ճանաչելու լինենք Աստծուն, պետք է հրաժարվենք Նրան [բանաձևերով] սահմանելուց. ի՛նչ խոսք էլ որ գործածելու լինենք, դրանք չեն կարողանալու արտահայտել Աստծուն այնպես, ինչպիսին որ Ինքն Է, ո՛չ էլ կարող են հասկանալի դարձնել Նրա մեծությունը։ [...] Պետք է հավատանք Նրան, փորձենք ընկալել [հոգու իմացականությամբ], և պաշտել Նրան. այսպես վարվելով` խոսած կլինենք Նրա մասին։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։