« ԱՄԵՆ ՕՐ ԱՄԵՆ ԲԱՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՈՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՅՐՆ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՆՈՒՄ Է ՈՐԴՈՒ ՄԻՋՈՑՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՄԵՆ ՕՐ ԱՄԵՆ ԲԱՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՈՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՅՐՆ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՆՈՒՄ Է ՈՐԴՈՒ ՄԻՋՈՑՈՎ »

Սբ. Հիլարիուս Պիկտավիումացի (մոտ 315-367). « Սաղմոսների Մեկնություն », 91,3; PL 9,495.

 
[...] Շաբաթ օրվա պատվիրանը՝ ոչ մի աշխատանք չանելու և անգործության մեջ հանգստանալու, պարտավորեցնող էր բոլորի համար, առանց բացառության։ Ինչպե՞ս, ուրեմն, Տերը կարողացավ զանց առնել շաբաթ օրը։ [...]
Ճշմարտապես, մեծ են Աստծո գործերը. Իր ձեռքերի մեջ պահում է երկինքը, լույս է տալիս արևին և մյուս աստղերին, աճեցնում է բույսերը երկրի վրա, կյանքի մեջ է պահում մարդուն։ [...]
Այո՛, ամեն բան երկնքում և երկրի վրա գոյություն ունի և տևում է Հայր Աստծո կամքով. ամեն բան գալիս է Աստծուց և ամեն բան գոյություն ունի Որդու միջոցով։ Նա, արդարև, ամեն ինչի գլուխն ու սկիզբն է։ Ամեն բան Նրա մեջ է ստեղծվել (Կղս 1, 16-18): Եվ Իր լիությունից, Իր հավիտենական զորության նախաձեռնության համաձայն, Նա ստեղծեց ամեն բան։
Արդ, եթե Քրիստոսը գործում է ամեն ինչի մեջ, դա՝ անհրաժեշտաբար ներգործությամբ Նրա, Ով գործում է Քրիստոսի մեջ։ Այդ իսկ պատճառով Նա ասում է. « Իմ Հայրը միշտ գործում է, և ես էլ գործում եմ » (Հվհ 5, 17)։ Արդարև, այն ամենը, ինչը որ արվում է Քրիստոսի՝ Աստծո Որդու կողմից, Որի մեջ է Հայր Աստված, Հոր գործն է։ Ուստի ամեն օր ամեն բան ստեղծվում է Որդու կողմից, որովհետև այն ամենը, ինչը որ արվում է Հոր կողմից, արվում է Որդու միջոցով։ Հետևաբար, Որդու գործունեությունը ամեն օր է. և, ըստ իս, կյանքի սկզբունքները, մարմինների ձևերը, կենդանի էակների զարգացումն ու աճը բացահայտում և ցույց են տալիս այդ գործունեությունը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։