
« ՍԱ Է ԻՄ ՈՐԴԻՆ՝ ՍԻՐԵԼԻՆ »
- 01
- 02
- 03
- 04
Սբ. Հովհան Դամասկացի (մոտ 675-749). « Քարոզ Տիրոջ Պայծառակերպության մասին », 18 (PG 96, 573).
[...] «Ամպից մի ձայն ելավ. "Սա՛ է իմ Որդին՝ Սիրելին, որ ունի իմ բարեհաճությունը։ Լսեցե՛ք Նրան» (Մտթ 17, 5)։ Այսպիսիք են Հոր խոսքերը, որ դուրս են եկել Հոգու ամպի միջից. «Սա իմ սիրելի Որդին է, որ մարդ է և մարդկային վիճակն(1) է ստանձնել։ Երեկ(2) մարդացավ, խոնարհաբար ապրեց ձեր մեջ. այժմ Իր դեմքը փայլում է։ Սա իմ սիրելի Որդին է. հավիտյաններից առաջ Նա գոյություն ուներ։ Միակ Աստծո Միածին Որդին է։ Ժամանակից դուրս և հավիտենապես ծնված է ինձնից՝ Հորից։ Գոյության չի եկել ինձնից հետո, այլ՝ միշտ ինձնից է, իմ մեջ և իմ հետ»։ [...]
Հոր բարյացակամությամբ՝ Միածին Որդին – Իր Բանը(3) – մարդացավ։ Բարյացակամությամբ՝ Հայրն Իր Միածին Որդու միջոցով(4) կատարեց ողջ աշխարհի փրկությունը։ Հոր բարյացակամությունն իրագործեց ամեն ինչի միությունն Իր Միածին Որդու մեջ։ [...]
Ճշմարտապես հաճելի եղավ ամեն ինչի Վարպետին – Արարչին, որ պահում է տիեզերքը(5) – Իր Միածին Որդու մեջ միավորել աստվածությունն ու մարդկությունը, և դրանում(6)՝ բոլոր արարածներին, «որպեսզի Աստված ամեն ինչ լինի ամեն ինչի մեջ» (1Կր 15, 28)։
«Սա իմ սիրելի Որդին է, "ճառագայթումը իմ փառքի և դրոշմը իմ էության" (Եբր 1, 3). Իր ներկայությամբ ստեղծեցի հրեշտակներին, Իր միջոցով երկինքն ամրացվեց և երկիրը հաստատվեց։ Նա "ամեն բան պահում է Իր խոսքի զորությամբ" (Եբր 1, 3) և "Իր բերանի շնչով" (Սղմ 33, 6; հմմտ. 2Թղ 2, 8), այսինքն՝ Հոգու միջոցով, Ով առաջնորդում է և տալիս է կյանքը։ Լսեցե՛ք Նրան, որովհետև ո՛վ ընդունում է Նրան, ընդունում է ինձ (Մրկ 9, 37), որ ուղարկեցի Նրան, ո՛չ թե բացարձակ տիրապետություն ունեցող իշխանությանս զորությամբ, այլ՝ իբրև հայր։ Արդարև, ուղարկվեց որպես մարդ, բայց որպես Աստված՝ օթևանում է իմ մեջ, և ես՝ Իր մեջ։ [...] Լսեցե՛ք Նրան, որովհետև խոսքեր ունի հավիտենական կյանքի (Հվհ 6, 68)»։ [...]