« ՍԱ Է ԻՄ ՈՐԴԻՆ՝ ՍԻՐԵԼԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՍԱ Է ԻՄ ՈՐԴԻՆ՝ ՍԻՐԵԼԻՆ »

Սբ. Հովհան Դամասկացի (մոտ 675-749). « Քարոզ Տիրոջ Պայծառակերպության մասին », 18 (PG 96, 573).

 

[...] «Ամպից մի ձայն ելավ. "Սա՛ է իմ Որդին՝ Սիրելին, որ ունի իմ բարեհաճությունը։ Լսեցե՛ք Նրան» (Մտթ 17, 5)։ Այսպիսիք են Հոր խոսքերը, որ դուրս են եկել Հոգու ամպի միջից. «Սա իմ սիրելի Որդին է, որ մարդ է և մարդկային վիճակն(1) է ստանձնել։ Երեկ(2) մարդացավ, խոնարհաբար ապրեց ձեր մեջ. այժմ Իր դեմքը փայլում է։ Սա իմ սիրելի Որդին է. հավիտյաններից առաջ Նա գոյություն ուներ։ Միակ Աստծո Միածին Որդին է։ Ժամանակից դուրս և հավիտենապես ծնված է ինձնից՝ Հորից։ Գոյության չի եկել ինձնից հետո, այլ՝ միշտ ինձնից է, իմ մեջ և իմ հետ»։ [...]

Հոր բարյացակամությամբ՝ Միածին Որդին – Իր Բանը(3) – մարդացավ։ Բարյացակամությամբ՝ Հայրն Իր Միածին Որդու միջոցով(4) կատարեց ողջ աշխարհի փրկությունը։ Հոր բարյացակամությունն իրագործեց ամեն ինչի միությունն Իր Միածին Որդու մեջ։ [...]

Ճշմարտապես հաճելի եղավ ամեն ինչի Վարպետին – Արարչին, որ պահում է տիեզերքը(5) – Իր Միածին Որդու մեջ միավորել աստվածությունն ու մարդկությունը, և դրանում(6)՝ բոլոր արարածներին, «որպեսզի Աստված ամեն ինչ լինի ամեն ինչի մեջ» (1Կր 15, 28)։

«Սա իմ սիրելի Որդին է, "ճառագայթումը իմ փառքի և դրոշմը իմ էության" (Եբր 1, 3). Իր ներկայությամբ ստեղծեցի հրեշտակներին, Իր միջոցով երկինքն ամրացվեց և երկիրը հաստատվեց։ Նա "ամեն բան պահում է Իր խոսքի զորությամբ" (Եբր 1, 3) և "Իր բերանի շնչով" (Սղմ 33, 6; հմմտ. 2Թղ 2, 8), այսինքն՝ Հոգու միջոցով, Ով առաջնորդում է և տալիս է կյանքը։ Լսեցե՛ք Նրան, որովհետև ո՛վ ընդունում է Նրան, ընդունում է ինձ (Մրկ 9, 37), որ ուղարկեցի Նրան, ո՛չ թե բացարձակ տիրապետություն ունեցող իշխանությանս զորությամբ, այլ՝ իբրև հայր։ Արդարև, ուղարկվեց որպես մարդ, բայց որպես Աստված՝ օթևանում է իմ մեջ, և ես՝ Իր մեջ։ [...] Լսեցե՛ք Նրան, որովհետև խոսքեր ունի հավիտենական կյանքի (Հվհ 6, 68)»։ [...]

(1) Բառացի՝ մարդու ձև։
(2) Այսինքն՝ անցյալում, նախապես։
(3) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
(4) Բառացի՝ մեջ։
(5) «Պահում է» Իր զորությամբ, որովհետև եթե «բաց թողնի», տիեզերքը վերստին կընկնի ոչնչության մեջ, "որտեղից" որ – արարչությամբ – դուրս է քաշվել։
(6) Այսինքն՝ Որդու աստվածության ու մարդկության միության մեջ։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։