« ԱՅՍ ՎԵՄԻ ՎՐԱ ԵՄ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԻՄ ԵԿԵՂԵՑԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՅՍ ՎԵՄԻ ՎՐԱ ԵՄ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԻՄ ԵԿԵՂԵՑԻՆ »

Սբ. Հովհան Ոսկեբերան (մոտ 345-407). « Քարոզ Սուրբ Պետրոսի և Սուրբ Եղիայի մասին », 1 (PG 50, 727-728).

 

 

[...] Պետրոսն ուր որ է ստանալու էր Եկեղեցու բանալիները, առավել ևս՝ Երկնքի բանալիները, և ուր որ է նրան էր հանձնվելու մի անծայրածիր ժողովրդի կառավարումը։ [...] Եթե Պետրոսը, խստության իր հակումով, առանց մեղքի մնացած լիներ, ինչպե՞ս կկարողանար ողորմության օրինակ հանդիսանալ իր աշակերտների համար։ Այժմ, մինչդեռ, աստվածային շնորհի տնօրինման շնորհիվ, ընկել է մեղքի մեջ, այնպես՝ որ, սեփական խեղճության փորձառությունն ունենալուց հետո, կարողանար բարի լինել ուրիշների հանդեպ։

Մտածիր մի պահ. նա, ով տեղի է տվել մեղքին, հենց Պետրոսն է, Առաքյալների գլուխը, ամուր հիմքը, անկործանելի վեմը, Եկեղեցու առաջնորդը, անառիկ նավահանգիստը, անսասան աշտարակը, նա, ով Քրիստոսին ասել էր. «Նույնիսկ եթե մեռնելու լինեմ Քո համար, Քեզ չեմ ուրանա» (Մտթ 26, 35). նա, ով աստվածային հայտնության շնորհիվ դավանել էր ճշմարտությունը. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո Որդին» (Մտթ 16, 16)։

Արդ, Ավետարանը տեղեկացնում է, որ այն նույն գիշերը, որում դավաճանվեց, [...] մի երիտասարդ աղջնակ Պետրոսին ասաց. «Դու էլ էիր Նրա հետ», և Պետրոսը նրան պատասխանեց. «Ես այդ մարդուն չեմ ճանաչում» (Մտթ 26, 69.72)։ [...] Նա՝ սյունը, պատվարը, պաշտպանվում է մի կնոջ կողմից հարուցված կասկածների դիմաց։ [...] Հիսուսն Իր հայացքը սևեռեց նրա վրա։ [...] Պետրոսը հասկացավ, զղջաց իր հանցանքի համար և սկսեց լալ։ Այնժամ ողորմած Տերը նրան շնորհեց ներումը։

Ենթարկվեց մեղքին, որպեսզի սեփական հանցանքի և Տիրոջից ստացած ներման գիտակցությունը մղեին իրեն ներելու ուրիշներին հանուն սիրո։ Կատարվում էր, դրանում, մի նախախնամական տնօրինություն, որն համապատասխանում է Աստծո գործելակերպին։ Հարկավոր էր, որ Պետրոսը, հե՛նց ինքը, որին հանձնվելու էր Եկեղեցին, Եկեղեցիների սյունը, հավատքի նավահանգիստը, աշխարհի վարդապետը, տեսնվեր իբրև թույլ ու մեղավոր։ Եվ սա տեղի ունեցավ, որպեսզի, ճշմարտապես, կարողանար իր տկարության մեջ մի պատճառ գտնել՝ կիրառելու իր բարությունը ուրիշ մարդկանց հանդեպ։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։