« ԳՆԱ՛, ՆԱԽ ԵՂԲՈՐԴ ՀԵՏ ՀԱՇՏՎԻՐ, ԵՎ ԱՊԱ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ ԸՆԾԱԴ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ » – Գրադարան – Mashtoz.org

« ԳՆԱ՛, ՆԱԽ ԵՂԲՈՐԴ ՀԵՏ ՀԱՇՏՎԻՐ, ԵՎ ԱՊԱ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ ԸՆԾԱԴ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ »

Սբ. Հովհան Ոսկեբերան (մոտ 345-407). « Առ Կորնթացիս Առաջին Նամակի մեկնություն », 24.
 
 
[...] «Բազմաթիվ լինելով հանդերձ, միայն մեկ մարմին ենք. բոլորս, արդարև, մասնակցում ենք միակ հացին» (1Կր 10, 17)։ Ի՞նչ է այս հացը։ Քրիստոսի Մարմինը։ Եվ ի՞նչ են դառնում նրանք, ովքեր այն ստանում են։ Քրիստոսի Մարմինը։ Այլևս տարբեր մարմիններ չեն, այլ՝ միայն մեկ Մարմին։ Ցորենի քանի՜ հատիկներից է կազմվում հացը։ Եվ սակայն, ո՞վ է տեսնում այդ հատիկները։ Ճշմարտապես հացի մեջ են, որն իրենք կազմել են, և սակայն ոչինչ չի զանազանում նրանց միմյանցից, այնքա՜ն միացած են իրար։
Ահա՛ այսպես՝ մենք միացած ենք միմյանց և Քրիստոսի հետ։ Չկան այլևս բազմաթիվ մարմիններ՝ սնուցված բազմաթիվ կերակուրներով. կազմում ենք միայն մեկ մարմին՝ սնուցված ու կենագործված մեկ միակ հացով։ Սրա համար Պողոսն ասում է. «Բոլորս մասնակցում ենք միակ հացին»։ Եթե բոլորս մասնակցում ենք միակ հացին, եթե նրա մեջ սնուցված ենք այն աստիճան, որ դառնում ենք միևնույն մարմինը, ինչո՞ւ ուրեմն միացած չենք միևնույն սիրով, սերտորեն կապված մեր մեջ՝ միևնույն սրտակցությամբ։
Վերընթերցեք հավատքի մեջ մեր նախածնողների պատմությունը և կգտնեք այս առանձնահատուկ պատկերը. «Հավատքի եկածների բազմությունը միայն մեկ սիրտ ուներ և միայն մեկ հոգի» (Գրծ 4, 32)։ Բայց ցավոք, այսօր այդպես չէ։ Մեր օրերում Եկեղեցին հակառակ տեսարանն է ներկայացնում. ա՛յլ բան չենք տեսնում, եթե ո՛չ՝ ցավալի բախումներ, անողոք բաժանումներ եղբայրների միջև։ [...] Հեռու էիք Իրենից, և սակայն Քրիստոսը չվարանեց միավորել ձեզ Իրեն։ Եվ այժմ դուք չեք բարեհաճո՞ւմ հետևել Իր օրինակին՝ ողջ սրտով միանալով եղբոր հետ։ [...] Հողի փոշիով կաղապարված մեր մարմինները (Ծնդ 2, 7) մեղքի պատճառով կորցրել էին կյանքը և ստրկացել էին մահվանը. Աստծո Որդին դրանց ավելացրեց թթխմորը որևէ մեղքից զերծ Իր Մարմնի, կյանքի լիության մեջ։ Եվ Իր Մարմինը որպես կերակուր տվեց բոլոր մարդկանց համար, որպեսզի Խորանի այս խորհրդով նորոգված՝ նրանք բոլորը մասնակցեն Իր անմահ ու երանելի կյանքին։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։