« ԵԿԵ՛Ք, ՏԵՍԵ՛Ք ԱՅՆ ՏԵՂԸ, ՈՒՐ ՊԱՌԿԱԾ ԷՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵԿԵ՛Ք, ՏԵՍԵ՛Ք ԱՅՆ ՏԵՂԸ, ՈՒՐ ՊԱՌԿԱԾ ԷՐ »

Սբ. Հովհան Ոսկեբերանի (345-407) « Ճառեր »ից, 10-12: PG 88, 1860-1866.

 

[...] « Եկե՛ք, տեսե՛ք այն տեղը, ուր պառկած էր » (Մտթ 28, 6)։ [...] Եկե՛ք տեսնելու այն տեղը, ուր գրվեց ձեր հարությունը երաշխավորող վկայականը։ Եկե՛ք տեսնելու այն տեղը, ուր մահը թաղվեց։ Եկե՛ք տեսնելու այն տեղը, ուր մի մարմին, իբրև ո՛չ մարդու ձեռքով ցանված ցորենի հատիկ, արդյունավորեց հասկերի մի բազմություն անմահության համար։ [...] « Գնացե՛ք ավետելու իմ եղբայրներին, որ գնում եմ Գալիլիա, և այնտեղ կտեսնեն ինձ։ Ավետե՛ք իմ աշակերտներին խորհուրդները, որ տեսաք »։ Սա ասաց Տերը կանանց։ Եվ այժմ էլ, Մկրտության ավազանի ափին, կանգնած է, անտեսանելի, մոտ հավատացյալներին, նոր մկրտվածներին փարվում ու գրկում է որպես մտերիմ ընկերներ ու եղբայրներ։ [...]

Լիացնում, հագեցնում է նրանց սրտերն ու հոգիները պանծալի բերկրանքով ու փառքով։ Նրանց բծերը լվանում է Իր շնորհի աղբյուրներում։ Սուրբ Հոգու բուրմունքով օծում է նրանց, ովքեր վերածնվել են։ Տերը դառնում է նրանց կերակրողն ու նրանց կերակուրը։ Իր ծառաների համար հայթայթում է հոգևոր սննդի իրենց մասը։ Ասում է բոլոր հավատացյալներին. «Առե՛ք, կերե՛ք երկնային հացը, ստացե՛ք կողիցս բխող աղբյուրը, որից կարող եք միշտ խմել, [որովհետև] այն երբեք չի ցամաքելու։ Դուք, որ քաղցած եք, հագեցե՛ք. դուք, որ ծարավ եք, արբեցե՛ք ժուժկալ ու փրկարար գինիով»։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։