« ՀԱՄԲԵՐԱՏԱ՜Ր ԵՂԻՐ ԻՄ ՀԱՆԴԵՊ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԱՄԲԵՐԱՏԱ՜Ր ԵՂԻՐ ԻՄ ՀԱՆԴԵՊ »

Սբ. Հովհան Ոսկեբերան (մոտ 345-407). « Քարոզներ Մատթեոսի Ավետարանի շուրջ », 61.

 

[...] Քրիստոսը մեզնից պահանջում է դատապարտել մեր մեղքերը, բայց ներել ուրիշների մեղքերը. անել առաջին բանը՝ երկրորդի նպատակով, որն հետևաբար ավելի հեշտ կլինի։ Քանի որ ով մտածում է իր մեղքերի մասին, նվազ խիստ կլինի իր մեղավոր ընկերոջ հանդեպ։ Եվ ներել ո՛չ միայն խոսքերով, այլ՝ սրտի խորքում, ինքներս մեր դեմ չուղղելու համար այն դանակը, որով կարծում ենք, թե հարվածում ենք ուրիշներին։ Ի՞նչ չարիք կարող է անել քեզ թշնամին, այն չարիքի համեմատ, որն ինքդ քեզ անում ես քո չափազանց խստությամբ։ [...]

Տե՛ս, թե քանի՜ նպաստներ ես քաղում խոնարհությամբ ու հեզությամբ ընդունված վիրավորանքից։ Նախևառաջ – և սա ամենակարևորն է – արժանանում ես քո մեղքերի ներմանը։ Ապա մարզվում ես համբերության ու արիության մեջ։ Երրորդ, ձեռք ես բերում հեզությունն ու հոգեղեն սերը, որովհետև ով անընդունակ է զայրանալու նրա դեմ, ով իր հանդեպ սխալ վարմունք է ցուցաբերել, շա՜տ ավելին կլինի սիրո մեջ նրա, ով իրեն սիրում է։ Չորրորդ. ամբողջովին արմատախիլ ես անում ցասումը քո սրտից. մի բան, որն իրեն հավասարը չունեցող բարիք է։ Ով իր հոգին ազատում է զայրույթից, այն ակնհայտ կերպով ազատում է նաև տխրությունից. կյանքը չի անցկացնի տհաճության և ունայն փոթորկումների մեջ։ Իրոք, ուրիշների հանդեպ ատելությամբ պատժում ենք ինքներս մեզ, մինչ ինքներս մեզ բարեգործում ենք՝ նրանց սիրելով։ Եվ բոլորը քեզ պատիվ են մատուցելու, մինչև իսկ թշնամիները, նույնիսկ եթե դևեր(*) են։ Բայց է՛լ ավելին. այսպես վարվելով՝ թշնամիներ չես ունենա այլևս։ [...]

(*) Այսինքն՝ շատ չար կամ դաժանաբարո մարդիկ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։