« ՎԻՇՏԸ ԲՆՈՐՈՇ Է ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ՎԻՇՏԸ ԲՆՈՐՈՇ Է ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ »

Հովհան Ոսկեբերան, « Քարոզներ Տիմոթեոսին ուղղված Երկրորդ Նամակի մասին », 1, 2-3.
 
 
[...] Բոլորիս համար համընդհանուր է վիշտը, բայց դրա պատճառը տարբեր է։ Մեկը տառապում է կնոջ պատճառով, մեկը՝ զավակի, մի ուրիշը՝ ծառայի, ուրիշ մեկն՝ ընկերոջ, մի ուրիշը՝ թշնամու, ուրիշ մեկն էլ՝ հարևանի, իսկ ուրիշ մեկն էլ՝ ինչ որ կորստի։ Բազմաթիվ ու տարատեսակ են տառապանքի պատճառները, և ուղղակի անհնարին է գտնել ինչ որ մեկին, որ զերծ լինի վշտից ու տագնապից, թեև մեկը կրելիք նվազ բան ունի, իսկ ուրիշը՝ շատ։ Չվհատվենք, հետևաբար, դրա պատճառով, և չկարծենք, թե միայն մենք է, որ տառապում ենք։
Չկա ոչ ոք, – որ մարդ է, որ ապրում է այս մահկանացու կյանքը, – որ ազատ է վշտից։ Եթե ո՛չ այսօր, ապա վաղը, եթե ո՛չ վաղը, ապա հետագայում, ենթարկվելու է տառապանքի։ Ինչպես որ անհնարին է, որ տագնապից զերծ լինի նա, ով նավարկում է, – ի նկատի ունեմ՝ ով նավարկում է բաց ծովում, – այնպես էլ ով ապրում է այս կյանքը, անհնարին է, որ զերծ լինի մտահոգություններից։ Նույնիսկ եթե հարուստ լինի, հե՛նց որովհետև հարուստ է, բազմաթիվ պատճառներ ունի անձկալու։ Նույնիսկ եթե թագավոր լինի, նա էլ ենթակա է բազմաթիվ հարկադրանքների և ամեն ինչ չէ, որ անում է այնպես, ինչպես ցանկանում է, այլ՝ վարձատրվում է բազմաթիվ բաներով, որոնք իր կամքին հակառակ են. մանավանդ թե, ուրիշներից ավելի, հե՛նց նա է, որ անում է այն, ինչ չի ցանկանում։ Բայց ինչպե՞ս։ Որովհետև բազմաթիվ են նրանք, որ ցանկանում են տիրանալ բաներին, որ նա ունի։ Հասկացիր, թե ինչպիսի՛ սրտնեղության մեջ է հայտնվում, երբ ուզում է ինչ որ մի բան անել և չի կարողանում, կա՛մ վախի պատճառով, կա՛մ կասկածների, կա՛մ ընկերների պատճառով, կա՛մ էլ թշնամիների։ Հաճախ, ապա, երբ սկսում է անել մի բան, որն իսկապես հաճելի է իրեն, արածի ողջ հաճույքը խաթարվում է, քանի որ բազմաթիվ են նրանք, որ ընդդիմանում են իրեն։
Բայց ի՞նչ, կարծում ես, թե նրանք, ովքեր իրենց կյանքն անցկացնում են ակտիվ գործունեություններից հեռու, զերծ են մնո՞ւմ վշտից։ Այդպես չէ։ Ինչպես որ անհնարին է, որ մի մարդ լինի անմահ, այդպես էլ հնարավոր չէ, որ ազատ լինի տառապանքից։ Որքա՜ն նեղություններ պետք է կրեն, և նրանց համար հնարավոր էլ չէ խոսել դրանց մասին ուրիշների. պետք է միայնակ կրեն իրենց իրավիճակը։ Հազարավորներ ու հազարավորներ տենչացել են մեռնել՝ նաև հարստությունների մեջ, նաև հաճույքների մեջ։ Հաճույքները բնավ չեն ազատում վշտից. ընդհակառակը՝ հենց դրանք են մեծաքանակ տառապանքներ, հիվանդություններ ու տհաճություններ ծնում. և, այդ ամենից զատ, մարդիկ հաճախ տառապում են նաև առանց որևէ պատճառի։ Իրոք, երբ հոգին ընկղմվում է այդպիսի վիճակի մեջ, կարող է իրեն վատ զգալ հենց այնպես, առանց դրա պատճառը հասկանալու։ Բժիշկներն էլ են ասում, որ ստամոքսի անառողջությունը կարող է ծնունդ տալ տհաճ ու անպատեհ ցավերի։ Եվ մեզ էլ չի պատահո՞ւմ, որ երբեմն վատ տրամադրության մեջ ենք գտնվում և չենք տեսնում մեր անհանգստության պատճառը։
Իսկապես, հնարավոր չէ գտնել որևէ մեկին, որ ազատ լինի վշտից, և եթե ինչ որ մեկը մեր միևնույն պատճառը չունի տառապելու, յուրաքանչյուր ոք համոզված է, որ իր տառապելու պատճառները նվազ չեն և ավելի իր սեփական ցավերի պատճառով է տառապում, քան ուրիշների։ Ինչպես նրանք, ովքեր ինչ որ մի ցավ են կրում իրենց մարմնի մասերից մեկում, կարծում են, թե ուրիշներից ավելի են տառապում, – ով աչքերի հիվանդություն ունի, համոզված է, թե իր ցավի նման ուրիշ ցավ չկա. ով ստամոքսի հիվանդություն ունի, ասում է, որ դա վատագույն ցավն է. և յուրաքանչյուր ոք համարում է, որ իր հիվանդությունը բոլորից ավելի տաղտկալին է, – այդպես է նաև ա՛յլ տառապանքների դեպքում. յուրաքանչյուր ոք համոզված է, թե ամենասուր ցավը հենց այն մեկն է, որին ինքն է այդ պահին ենթարկվում։ Փաստացի, դատում է սեփական փորձառության համաձայն։ Օրինակ՝ նա, ով զավակ չունի, մտածում է, որ զավակ չունենալուց ավելի վատ բան չկա. ով բազմաթիվ զավակներ ունի և աղքատ է, ուրիշ ոչ մի բանի դեմ այդքան չի զայրանում, որքան բազմաթիվ զավակներ ունենալու. ով միայն մի զավակ ունի, ոչինչ այնքան ձախողակ չի համարում, որքան միայն մեկ զավակ ունենալը. դրանից սերում է, – ասում է նա, – ծույլ անհոգություն զավակի մոտ, որն ապագայի համար ո՛չ սակավ ցավեր է պատրատում հոր համար. իսկ հայրը, որքան էլ որ սիրում է նրան բորբոքուն սրտով, չի կարողանում դաստիարակել նրան և փոխել։ Ով գեղեցիկ կին ունի, ասում ու պնդում է, որ ոչինչ ավելի վատ չէ, քան գեղեցիկ կին ունենալը. դա վտանգներով ու կասկածներով լի իրավիճակ է։ Ով տգեղ կին ունի, ասում է, որ ոչինչ ավելի վատ չէ, քան տգեղ կին ունենալը. տհաճությամբ լի իրավիճակ է։
Ով մեկուսի կյանք է վարում, ասում է, որ ոչինչ ավելի անօգուտ ու ձանձրալի չէ, որքան այդպիսի կյանքը։ Զինվորն ասում է, որ ոչինչ ավելի տանջալի ու վտանգավոր չէ, քան որքան զինվորական կյանքը. ավելի լավ կլիներ հաց ու ջրով ապրել, քան այդպիսի նեղություններ կրել։ Ով հրամայում է, ասում է, որ ոչինչ ավելի ծանր չէ, որքան ուրիշների մասին հոգ տանելը. ով ենթակա է հրամանների, որ ոչինչ ավելի ցածր ու ստրկավայել չէ, քան ուրիշների կամքին ենթակա լինելը։ Ով ամուսնացած է, ասում է, որ ոչինչ ավելի վատ չէ, որքան կինն ու ընտանիքի հոգսերը. ով ամուսնացած չէ, որ անկախ տղամարդու համար ոչինչ այնքան վատ չէ, որքան ամուրիությունը, և օջախից ու ընտանեկան խաղաղությունից զրկված լինելը։ Վաճառականը երանելի է հռչակում գյուղացուն՝ նրա հանգստավետության համար, գյուղացին երանելի է հռչակում վաճառականին՝ նրա հարստության համար։
Վերջին հաշվով, մարդկային ցեղը դա դժգոհ ցեղ է, տրտնջացող ու լալկան, բարոյալքված։ Ամեն վայրկյան տրվում է դատապարտելու մարդկային վիճակը, պնդում է, թե մարդը մի ոչնչություն է, որ ողջ էությամբ ճնշված է հոգնության ու վշտակրության ներքո։ Քանի՜ քանիներ են հիանում ծերությամբ։ Քանի՜ քանիներ են երանելի հռչակում երիտասարդությունը։ Այսպիսով, տարիքն անգամ աղբյուր է մեծ դժգոհության համար։ Երբ մեր տարիքի պատճառով ինչ որ մի հանդիմանություն ենք լսում, ասում ենք. «Ինչո՜ւ տարեց չենք»։ Երբ մեր գլուխը ճաղատանում է, բացականչում ենք. «Ո՜ւր կորավ երիտասարդությունը»։ Եվ հազարավոր պատճառներ ունենք վշտանալու համար։
Միայն մեկն է ճանապարհը, որ վերջ է դնում այդքա՜ն չարիքներին. Առաքինության ճանապարհը։ Անշուշտ, դա էլ իր տառապանքն ունի, բայց ապարդյուն տառապանք չէ, այլ՝ շահ և օգուտ է բերում։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։