« ՔՐԻՍՏՈՍԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ ԵՎ ԿՅԱՆՔԸ ԹԱԳԱՎՈՐՈՒՄ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ՔՐԻՍՏՈՍԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ ԵՎ ԿՅԱՆՔԸ ԹԱԳԱՎՈՐՈՒՄ Է »

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Զատկական քարոզ (Բյուզանդական Ծես, Զատկի առավոտյան ժամերգություն, PG 59, 721-724).
 
 
[...] Աստվածասեր ամեն մարդ թող ուրախանա այս լուսափայլ տոնի օրը: Հավատարիմ ծառան թող բերկրանքով մտնի իր Տիրոջ ուրախության մեջ: Ով կրել է պահքի ծանրությունը, այժմ թող գա ստանալու իր հատուցումը: Ով աշխատել է առաջին ժամից ևեթ, այժմ թող ստանա իր արդար վարձը: Ով եկել է երրորդ ժամից հետո, թող հանդիսավոր կատարի այս տոնը երախտագիտությամբ: Ով հասել է միայն վեցերորդ ժամից հետո, թող առանց վախի մոտենա. վնաս չի կրի: Եթե ինչ որ մեկն ուշացել է մինչև իններորդ ժամը, թող գա առանց երկմտելու: Եվ տասներկուերորդ ժամվա աշխատավորն էլ թող չամաչի. առատաձեռն է Տերը: Վերջինին ընդունում է առաջինի նման: Տասներկուերորդ ժամվա աշխատավորին ընդունում է Իր խաղաղության մեջ, այնպես՝ ինչպես նրան, ով աշխատանքը սկսել է արշալույսին: Վերջինին կարեկցում է, առաջինին լիացնում է: Սրան պարգևում է, նրան շնորհում է: Չի նայում միայն աշխատանքին, այլ՝ քննում է սրտի դիտավորությունը:
Բոլորդ, ուստի, մտեք ձեր Տիրոջ ուրախության մեջ: Առաջիններդ և վերջիններդ, ստացեք հատուցումը: [...] Ժուժկալներդ և ծույլերդ, տոնակատարեցեք այս օրը: Դուք, որ պահել եք պահքը, ուրախացեք այսօր: Սեղանը պատրաստ է, եկեք բոլորդ անխտիր: Պարարտ հորթը սեղանին է, թող որ բոլորը կշտանան: Մասնակցեցեք հավատքի խնջույքին, բոլորդ էլ քաղեցեք ողորմության առատ հարստություններից:
[...] Թող ոչ ոք չսգա իր մեղքերը. ներումը հարություն է առել գերեզմանից: Թող ոչ ոք չվախենա մահից. Փրկչի մահը ազատել է մեզ: Նա գետին տապալեց մահվանը, երբ Նրան շղթայված էր պահում: Դժոխքը դատարկեց Նա, ով իջավ դժոխք:
Նա ավերեց դժոխքը, Իր մարմինը համտեսած լինելու համար: Եսային կանխասել էր դա. դժոխքը զարհուրեց, երբ հանդիպեց Նրան:
Զարհուրեց, որովհետև ոտնատակ ճզմվեց: Դառնությամբ պատվեց, որովհետև ծաղրի ենթարկվեց: Մի մարմին էր կլանել, բայց իր առաջ գտավ Աստծուն: Տեսանելին էր բռնել, բայց անտեսանելին նրան խուճապի մատնեց: Ո՞ւր է, մահ, քո խայթոցը: Ո՞ւր է, դժոխք, քո հաղթանակը: Քրիստոսը հարություն առավ և դու ոչնչացվեցիր: Քրիստոսը հարություն առավ և դևերը պարտվեցին: Քրիստոսը հարություն առավ և հրեշտակներն ուրախանում են: Քրիստոսը հարություն առավ և կյանքը թագավորում է: Քրիստոսը հարություն առավ և ննջեցյալներն ազատվեցին գերեզմաններից: Որովհետև մեռյալներից հարություն առած Քրիստոսը դարձել է առաջնեկը նրանց, ովքեր ննջում են: Նրան փառք և կարողություն հավիտյանս հավիտենից: Ամեն: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։