« ՏԻՐՈՋ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՀՈԳԻՆ ԴՈՒՐՍ ՔԱՇԵԼՆ Է ՔԱՈՍԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏԻՐՈՋ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՀՈԳԻՆ ԴՈՒՐՍ ՔԱՇԵԼՆ Է ՔԱՈՍԻՑ »

ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Հարյուրյակներ սիրո մասին, IV, 22.27.32.35.56 (PG 90, 1052D.1053B.1053D-1056A.1056B.1060D-1061A).
 
 
[...] Եղբայրդ քեզ նեղացրել է և տրտմությունը քեզ հասցնում է ատելությա՞ն: Մի՛ թող, որ հաղթի քեզ, այլ՝ հաղթանակիր ատելության դեմ սիրով: Ահա՛ թե ինչպես. անկեղծ սրտով աղոթելով Աստծուն նրա համար, ընդունելով, որ ուրիշ մեկն արդարացնի նրան, կամ դու ինքդ դառնալով նրա պաշտպանը. քո վրա վերցնելով նեղությանդ պատասխանատվությունը և այն քաջությամբ կրելով, մինչև որ ամպը կցրվի:
Մինչ երեկ գովում էիր ինչ որ մեկի բարությունը և հռչակում էիր նրա առաքինությունները, մեծապես զգույշ եղիր, որ այժմ չներկայացնես նրան որպես չար ու մոլի, որովհետև գորովը քեզնում փոխվել ու վերածվել է հակակրանքի: Մի՛ փորձիր արդարացնել քո չար հակակրանքը՝ եղբորդ պարսավելով, այլ՝ շարունակիր հավատարմորեն գովել նրան, նույնիսկ եթե տրտմությունը ճնշում է քեզ, և շուտով կվերադառնաս փրկարար սիրույն:
Երբեք մի՛ վիրավորիր եղբորդ երկդիմի խոսքերով, որպեսզի այնպես չպատահի, որ նա էլ նույն կերպ պատասխանի քեզ և երկուսդ էլ դուրս գաք սիրո կարգից: Այլ, ընկերային մտերիմ ու անկեղծ համարձակությամբ, գնա՛ և հորդորիր նրան. և, վերացնելով նեղվածության պատճառները, երկուսդ էլ կազատվեք խռովքից ու դառնությունից:
Հոգին, որն ատելություն է տածում մարդկային որևիցէ մի էակի նկատմամբ, չի կարող խաղաղության մեջ մնալ Աստծո հետ: [...] «Եթե դուք մարդկանց չներեք նրանց մեղքերը», ասում է Նա, «ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ չի ների ձեր մեղքերը» (Մտթ 6, 15): Եթե ինքը չկամենա վերահաստատել խաղաղությունը, գոնե դու հեռու մնա՛ նրան ատելուց և անկեղծորեն աղոթիր նրա համար, առանց որևիցէ մեկի առաջ նրա դեմ չարախոսելու:
Տիրոջ պատվիրանների ամբողջ նպատակը հոգին դուրս քաշելն է քաոսից և ատելությունից, հասցնելու համար Իր և մերձավորի հանդեպ սիրույն: Այստեղից է կայծակի նման փայլատակում սուրբ ճանաչողությունը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։