« ԱՍՏՎԱԾ ՀԱՎԱՏՔԴ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ, Ո՛Չ ԹԵ՝ ՄԱՀԴ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ՀԱՎԱՏՔԴ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ, Ո՛Չ ԹԵ՝ ՄԱՀԴ »

Սբ. Պետրոս Ոսկեխոսի (4րդ դարի վերջ-450) « Ճառեր »ից.
 
 
[...] Լսիր Տիրոջը, որ ասում է. Իմ մեջ ձեր մարմինն եք տեսնում, [...] ձեր արյունը։ [...] Մի՛ երկնչեք։ Այս խաչը խայթոց չէ իմ համար, այլ՝ մահվան։ Այս գամերն ինձ այնքան ցավ չեն պատճառում, որքան ավելի խորը կերպով դրոշմում են իմ մեջ ձեր հանդեպ սերը։ Այս վերքերն ինձ չեն ստիպում ողբալ, այլ ավելի՝ ներս են մտցնում ձեզ իմ մեջ։ [...] Եկե՛ք, ուրեմն, վերադարձե՛ք։ Գոնե իմ հայրական գորովի փորձառությունն ունեցեք, որը չարությունը բարությամբ է փոխհատուցում, անարգանքները՝ սիրով, այսքա՜ն մեծ վերքերը՝ այսքա՜ն անծայրածիր սիրով։
Բայց այժմ լսենք Առաքյալին. «Հորդորում եմ ձեզ», ասում է, «ընծայելու ձեր մարմինները» (Հռմ 12, 1)։ Այսպիսով Առաքյալը բոլոր մարդկանց տեսնում է քահանայական արժանապատվության բարձրացված՝ ընծայելու համար սեփական մարմինները որպես կենդանի զոհ։ Ո՜վ քրիստոնեական քահանայության վիթխարի արժանապատվություն։ Մարդը դարձել է զոհ և քահանա ինքն իր համար։ Մարդն իրենից դուրս չի փնտրում այն, ինչը որ պետք է զոհաբերի Աստծուն, այլ՝ իր հետ և իր մեջ է կրում այն, ինչը որ զոհաբերում է Աստծուն իր համար։ [...] «Հորդորում եմ ձեզ Աստծո ողորմության համար. ընծայել ձեր մարմինները որպես կենդանի զոհ»։ [...] Քրիստոսն իսկապես Իր մարմինը կենդանի նշխար դարձրեց, որովհետև, սպանված լինելով հանդերձ, այն ապրում է։ Հանձինս այս զոհի, հետևաբար, մահվանը վճարվել է իր գինը։ Բայց զոհը մնում է, զոհը կենդանի է, իսկ մահը՝ պատժված։ [...]
Սա այն է, ինչ մարգարեն կանխավ ասել էր. «Ո՛չ զոհ ուզեցիր, ո՛չ ընծա, այլ՝ մարմին տվեցիր ինձ» (հմմտ. Սղմ 39, 7)։ Եղի՛ր, ո՜վ մարդ, զոհ և քահանա Աստծո։ [...] Խաչը թող որ մնա ի պաշտպանություն քո ճակատի։ Կրծքիդ մոտեցրու աստվածային գիտության խորհուրդը։ Միշտ դեպի վեր բարձրացրու աղոթքի խունկը որպես հոտ անուշ։ Ձեռքդ առ հոգու սուսերը, սիրտդ խորան դարձրու, և այդպես՝ հաստատուն վստահությամբ մարմինդ իբրև զոհ ներկայացրու Աստծուն։ Աստված հավա՛տքդ է ակնկալում, ո՛չ թե՝ մահդ։ Քո աղոթքի՛ ծարավն ունի, ո՛չ թե՝ արյանդ։ Հաշտվում է՝ տեսնելով կա՛մքդ, ո՛չ թե՝ մահդ։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։