« ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ՁԵՐ ՄՈՏ ԵԿԱՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ԵՎ ԴՈՒՔ ՆՐԱՆ ՉՀԱՎԱՏԱՑԻՔ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ՁԵՐ ՄՈՏ ԵԿԱՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ԵՎ ԴՈՒՔ ՆՐԱՆ ՉՀԱՎԱՏԱՑԻՔ »

Սբ. Պետրոս Ոսկեխոս (մոտ 406-450). Ճառեր, 167 (CCL 248, 1025; PL 52, 636).
 
 
[...] Հովհաննես Մկրտիչն ուսուցանում է խոսքերով և գործերով։ Որպես ճշմարիտ ուսուցիչ, [սեփական վարքի] օրինակով ցույց է տալիս այն, ինչը որ շուրթերով հաստատում է։ Գիտենալը դարձնում է ուսուցիչ, բայց [սեփական վարքի] օրինակն է, որ հաղորդում է հեղինակություն։ [...] Գործերով ուսուցանելը միակ կանոնն է նրա համար, ով կամենում է ուսուցանել։ Խոսքերով ուսուցումը գիտենալն է, բայց երբ անցնում է գործերի միջով, դառնում է առաքինություն։ Հետևաբար, գիտենալը վավերական է միայն այն դեպքում, երբ միացած է առաքինությանը։ Միայն այս վերջինն է աստվածային և ո՛չ մարդկային։ [...]
«Այն օրերին հրապարակ իջավ Հովհաննես Մկրտիչը՝ Հուդեայի անապատում քարոզելու, ասելով. "Ապաշխարեցեք, որովհետև Երկնքի Արքայությունը մոտ է"» (Մտթ 3, 1֊2)։
«Ապաշխարեցե՛ք»։ Ինչո՞ւ չի ասում, մինչդեռ. «Ուրախացե՜ք»։ «Ուրախացե՜ք, որովհետև մարդկային իրականություններն իրենց տեղը զիջում են աստվածային իրականություններին, երկրայինները՝ երկնայիններին, վայրկենականները՝ հավիտենականներին, չարիքը՝ բարիքին, անորոշությունը՝ ապահովությանը, տրտմությունը՝ երջանկությանը, անցողիկ բաները՝ մնայուններին։ Երկնքի Արքայությունն այլևս մոտ է։ Դարձի՛ եկեք»։
Թող որ ակներև լինի դարձի եկածի քո վարքը։ Դու, որ նախընտրեցիր մարդկայինն ավելի, քան աստվածայինը. որ ցանկացար ստրուկ լինել աշխարհին ավելի, քան թե աշխարհի նկատմամբ հաղթանակող լինել աշխարհի Տիրոջ հետ։ Ապաշխարի՛ր։ Դու, որ կորցրեցիր ազատությունը, որ քեզ տալու էին առաքինությունները, որովհետև ենթարկվեցիր մեղքի լծին, ապաշխարի՛ր։ Իսկապես դարձի՛ եկ դու, որ Կյանքն ունենալուց վախեցած՝ ինքդ քեզ հանձնեցիր մահվանը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։