« ԱՅՆԺԱՄ ԾՈՄ ԿՊԱՀԵՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՅՆԺԱՄ ԾՈՄ ԿՊԱՀԵՆ »

Սբ. Ռոմանոս Երգեցող (? - մոտ 560). Տաղ « Ադամ և Եվա », 1-5 (SC 99).

 
[...] Զղջա՜, հոգի իմ, 
մտքով միացի՜ր Քրիստոսին,
գոչի՜ր հեծելով.
«Թողությո՜ւն շնորհիր իմ հանցանքներին,
որպեսզի Քեզնից, որ միայնդ ես բարի (Մրկ 10, 18),
ես ստանամ արձակումն ու հավիտենական կյանքը»։ [...]
 
Մովսեսն ու Եղիան, հրեղեն աշտարակները,
մեծ էին իրենց գործերով։ [...]
Առաջիններն են մարգարեների մեջ,
ազատորեն խոսում էին Աստծո հետ,
կարող էին մերձենալ Նրան
աղոթելու և Նրա առաջ դեմառդեմ կանգնելու համար (Ել 34, 5; 1Թգ 19, 13),
մի անհավատալի ու ապշեցուցիչ բան։
Եվ սակայն, հոժարությամբ ծոմապահում էին,
որն իրենց տանում էր Աստծո մոտ (Ել 34, 28; 1Թգ 19, 8)։
 
Պահեցողությունը, հետևաբար, գործերի հետ միասին,
ձեռք է բերում հավիտենական կյանքը։
Պահեցողությամբ է, որ դևերը հեռացվում են, նման մի սրի,
որովհետև նրանք չեն հանդուրժում պահեցողության բերկրանքը,
նրանք որկրամոլին ու արբեցողին են սիրում։
 
Իսկ պահեցողությանն ի տես չեն դիմանում, 
հեռու են փախչում, 
ինչպես որ ուսուցանում է մեր Աստվածը՝ Քրիստոսը,
երբ ասում է. «Պահքով ու աղոթքով է,
որ դևերի այս տեսակն արտաքսվում է» (հմմտ. Մրկ 9, 29)։
 
Ահա՛ թե ինչո՛ւ է ուսուցանվում, որ պահեցողությունը
մարդկանց տալիս է հավիտենական կյանքը։ [...]
Նրան, ով այն գործադրում է,
պահեցողությունը վերադարձնում է հայրական տունը,
որից Ադամը վտարվել էր։ [...]
 
Աստված Ինքն էր, մարդկանց Բարեկամը (Իմս 1, 6),
որ սկզբում պահեցողությանը հանձնեց մարդուն, որին ստեղծել էր,
ինչպես մի սիրասուն մոր, ինչպես մի ուսուցչի։
Նրան արգելել էր ուտել պտուղը միայն մի ծառի (Ծնդ 2, 17)։
Եվ եթե մարդը պահած լիներ այս պահքը,
կբնակվեր հրեշտակների հետ։
 
Բայց նա մերժեց և գտավ տառապանքն ու մահը,
փշերի ու տատասկների խայթոցը,
և ցավին ենթակա կյանքի վիշտը (Ծնդ 3, 17)։
 
Արդ, եթե Դրախտում պահեցողությունն օգտակար էր,
որքա՜ն ևս առավել օգտակար կլինի այստեղ՝ ներքևում,
ձեռքբերելու համար հավիտենական կյանքը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։