« ԲԱՆՆ ԱՍՏՎԱԾ ԷՐ ... ԲԱՆԸ ՄԱՐՄԻՆ ԵՂԱՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ԲԱՆՆ ԱՍՏՎԱԾ ԷՐ ... ԲԱՆԸ ՄԱՐՄԻՆ ԵՂԱՎ »

Սբ. Ռոմանոս Երգեցող (? - մոտ 560). Տաղ 13, Սուրբ Ծննդյան; SC 110, 143.

 
[...] Ականջ դրեք, հովիվնե՜ր, շեփորների ձայնին։ [...] Ծնվում է Բանը(*), Աստված հայտնվում է աշխարհին։ Եվ դուք, թագավորների դուստրեր, մտե՜ք Աստվածամոր ուրախության մեջ (հմմտ. Սղմ 44, 10)։ [...] Ասե՜նք, ժողովուրդնե՜ր. «Օրհնյա՜լ ես, Աստված Մանուկ, փա՜ռք Քեզ»։
 
Կույսը, որ այր չգիտեր (Ղկս 1, 34), լույս աշխարհ բերեց Բերկրանքը, հին տխրությունը դադարեց։ Այսօր ծնվեց Անստեղծը. Նա, Ում աշխարհը չի կարող բովանդակել, մտնում է աշխարհ։ Այսօր ուրախությունը հայտնվեց մարդկանց. այսօր սխալը նետվեց անդունդի մեջ։ Ասե՜նք, ժողովուրդնե՜ր. «Օրհնյա՜լ ես, Աստված Մանուկ, փա՜ռք Քեզ»։
 
Հովիվներ, [...] երգեցե՜ք Բեթղեհեմում ծնված Վարդապետին. Նրան, Ով փրկագնում է աշխարհը։ Ահա՛, Եվայի անեծքը խզվեց՝ շնորհիվ Նրա, Ով Կույսից ծնվեց։ Բարեբանե՜նք Աստծուն բերկրալի ձայնով (Սղմ 46, 2). մեկ միակ դաս կազմե՜նք հրեշտակների հետ։ Տերը Կույս Մարիամից ծնվեց՝ «նեցուկ լինելու համար սասանվողին և կրկին ոտքի կանգնեցնելու համար յուրաքանչյուր ընկածի» (Սղմ 144, 14), նրանց, ովքեր գոչում են հավատքով. «Օրհնյա՜լ ես, Աստված Մանուկ, փա՜ռք Քեզ»։ [...]
 
Օրենքի Հեղինակը մարմնացավ [և] Օրենքի տակ [մտավ] (Գղտ 4, 4), անժամանակ Որդին ծնվեց Կույսից, տիեզերքի Արարիչը պառկած է մսուրի մեջ։ Նա, Ով հավիտենապես ծնվում է Հորից, անմայր՝ երկնքում, ծնվեց Կույսից, անհայր՝ երկրի վրա. ասե՜նք, ժողովուրդնե՜ր. «Օրհնյա՜լ ես, Աստված Մանուկ, փա՜ռք Քեզ»։
 
Ճշմարտապես, Բերկրանքն ահա՛ ծնվել է ախոռում։ Այսօր հրեշտակային դասերն ուրախանում են, բոլոր ազգերը մեծարում են անարատ Կույսին, մեր նախահայր Ադամն ուրախությունից պարում է, որովհետև այսօր ծնվել է Փրկիչը։ Ասե՜նք, ժողովուրդնե՜ր. «Օրհնյա՜լ ես, Աստված Մանուկ, փա՜ռք Քեզ»։ [...]

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։