« ԴՈՒ ԼԱՎ ԳԻՆԻՆ ՊԱՀԵԼ ԵՍ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ » – Գրադարան – Mashtoz.org

« ԴՈՒ ԼԱՎ ԳԻՆԻՆ ՊԱՀԵԼ ԵՍ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ »

Սբ. Ռոմանոս Երգեցող (? - մոտ 560). Տաղ 18, Կանայի հարսանիքը.
 
 
[...] Մինչ Քրիստոսը մասնակցում էր հարսանիքին և հրավիրվածների բազմությունը զվարճանում էր, գինին վերջացավ և նրանց ուրախությունը փոխվեց տխրության։ [...] Երբ մաքրագույն Մարիամը տեսավ սա, իսկույն իր Որդու մոտ գնաց և ասաց. «Այլևս գինի չունեն. ուստի խնդրում եմ Քեզ, Որդիս, ցույց տուր, որ Դու կարող ես ամեն ինչ. Դու, որ ամեն ինչ ստեղծել ես իմաստությամբ»։
Խնդրում եմ քեզ, ո՜վ Պատվելի Կույս, [ասա՜ ինձ.] Նրա ո՞ր հրաշքներից իմացար, որ Որդիդ, առանց խաղողը հավաքելու, կարող էր գինին պարգևել, երբ տակավին հրաշքներ չէր գործել դրանից առաջ։ Ուսուցանի՜ր մեզ, [...] ինչպե՞ս ասացիր Որդուդ. «Նրանց գինի տուր. Դու, որ ամեն ինչ ստեղծել ես իմաստությամբ»։
«Ես ինքս տեսա Եղիսաբեթին, որ ինձ Աստծո Մայր կոչեց Նրա ծննդից առաջ. իսկ ծննդից հետո Սիմեոնը օրհներգեց իմ համար, Աննան՝ տոնակատարեց. Մոգերը եկան Պարսկաստանից մսուրի առաջ, որովհետև մի աստղ կանխավ ավետել էր ծնունդը Նրա. հովիվները հրեշտակների հետ մունետիկներն էին ուրախության, և արարչությունն ամբողջ ցնծում էր նրանց հետ։ Այս հրաշքներից ավելի մեծ ի՞նչ կարող էի փնտրել՝ նրանց հավատքի վրա հիմնվելով հավատալու համար, որ իմ Որդին Նա է, Ով ամեն ինչ ստեղծել է իմաստությամբ»։ [...]
Երբ Քրիստոսն Իր իշխանությամբ ջուրը բացահայտ կերպով փոխեց գինու, ժողովուրդն ամբողջ ուրախացավ՝ գինու համը զմայլելի գտնելով։ Այսօր բոլորս բազմած ենք Եկեղեցու խնջույքին, որովհետև գինին փոխված է Քրիստոսի Արյան, և բոլորս այն խմում ենք սուրբ ուրախությամբ՝ փառավորելով մեծն Փեսային։ Որովհետև ճշմարիտ Փեսան Մարիամի Որդին է՝ Բանը(1), որ բոլոր հավիտյաններից առաջ է, որ ստրուկի կերպարանք առավ, և որ ամեն ինչ ստեղծել է իմաստությամբ։
Ամենաբարձրյա՜լ, Սո՜ւրբ, Փրկի՜չ բոլորի, անապական պահիր գինին, որ մեր մեջ է, քանի որ Դու նախագահում ես ամեն ինչի։ Հեռու արտաքսիր մեզնից ամեն տեսակի այլասերումները, բոլոր վատ մտքերը, որոնք անհամ են դարձնում(2) Քո սրբազնասուրբ գինին։ [...] Երանելի Կույս Աստվածածնի աղոթքների շնորհիվ ազատի՜ր մեզ մեզ ճնշող մեղքերի տագնապից, Ողորմա՜ծ Աստված. Դու, որ ամեն ինչ ստեղծել ես իմաստությամբ։ [...]
(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
(2) Բառացի՝ ջրիկացնում են։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։