« ԱՍՏԾՈ ԽՈՍՔԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ ԵՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ԽՈՍՔԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ ԵՆ »

Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան (949-1022), « Կրոնագիտական ուսուցումներ », 11, 2, 131-188.

 

[...] Աստվածային ընթերցումների ժամանակ, ծիսական հավաքների ընթացքում, զանց մի՛ առեք փոխադարձաբար խրախուսել միմյանց՝ ունկնդրելու։ Ինչպես, արդարև, նյութական սեղանակցության ժամանակ ենք մեր սեղանակիցներին հորդորում և խրախուսում ուտել, և նրանց, որոնց ավելի ենք սիրում, ուղղակի ստիպում ենք ուտել, այդպես նաև հոգին սնուցող այս ճաշկերույթի ժամանակ պետք է ուշադիր լինենք մեր սեղանակիցների հանդեպ և հորդորենք նրանց, որպեսզի չպատահի մեզ այնպես, որ մեղադրվենք(1) որպես անձինք, որ փոխադարձաբար չեն սիրում միմյանց, և [հետևաբար] կորցնենք Քրիստոսի աշակերտները լինելու մեր կարգավիճակը։ Նա, արդարև, ասում է. «Այս բանից բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք. եթե դուք սիրեք միմյանց» (Հվհ 13, 35)։ Ով, հետևաբար, նյութական սեղանակցության ժամանակ իր ընկերոջը չի ստիպում ուտել, դրանով հաճախ նրան ամենամեծ օգուտն է տվել. բայց ով հոգևոր սեղանակցության ժամանակ, այսինքն՝ աստվածային խոսքերի ունկնդրման պահին, այդ նույն կերպ է վարվում, ո՛չ փոքր վնաս է հասցնում իր մոտիկներին։ [...]

Յուրաքանչյուր ոք, ուստի, թող որ ուշադիր լինի ընթերցվածին (հմմտ. 1Տմ 4, 13)։ Սրբերի(2) խոսքերն, արդարև, Աստծո [կողմից տրված] խոսքեր են, և ո՛չ թե՝ մարդկանց։ Յուրաքանչյուր ոք թող որ հավաքի դրանք իր սրտի մեջ(3) և պահպանի ամրապինդ կերպով (հմմտ. Ղկս 2, 19.51), քանի որ Աստծո խոսքերը կյանքի խոսքեր են (հմմտ. Հվհ 6, 68), և նա, ով ունի դրանք ինքն իր մեջ և պահպանում է դրանք, հավիտենական կյանքն ունի (հմմտ. Հվհ 5, 24)։

Երբ, իրոք, նստում եք շքեղ սեղանի շուրջը, ինչպես որ հաճախ է ձեզ պատահում, չեմ կարծում, թե ձեզնից որևէ մեկը պարապ է մնում և քուն մտնում, կամ թե վերցնում է միայն այնքան, որքան որ իրեն բավական է, հեռանալով՝ առանց խանդավառությամբ ինչ որ մի բան հավաքելու նաև հաջորդ օրվա համար, փափագելով կիսվել որոշ ընկերների հետ, կամ աղքատների։ Իսկ այստեղ, որտեղ մեզ մատուցվում են կյանքի խոսքեր, որոնք անմահ են դարձնում նրանց, ովքեր դրանցով սնվում են, մի՞թե հնարավոր է, որ ինչ որ մեկը ննջի, ասա՛ ինձ, կամ պարապ մնա, կամ քուն մտնի ու խռմփացնի, ինչպես մի մեռել, որ շնչում է։ Օ՜հ, ինչպիսի՜ վնաս։ Օ՜հ, ինչպիսի՜ անզգայություն և անտարբերություն։

Ով սեղան է նստում և ախորժակ չի ունենում այն բաների հանդեպ, որ իրեն մատուցվում են, ակնհայտ կերպով զուրկ է բնական առողջությունից։ Նմանապես նաև նա, ով լսում է մի աստվածային ընթերցված և անճառելի հաճույքով ու աննյութական ախորժակով չի վայելում իր հոգու խորքում, աննյութական կերպով, այդ աննյութական և աստվածային խոսքերը, և հոգևոր եղանակով չի լցնում իր բոլոր զգայարանները դրանց քաղցրությամբ, այդպիսին տկար է հավատքի մեջ (հմմտ. Հռմ 4, 19), և ամբողջովին զուրկ է հոգևոր պարգևների համից, նա, որ այսքա՜ն բազմաթիվ բարիքների մեջ գտնվելով հանդերձ՝ ինքն իրեն հանձնում է սպառվելու քաղցից ու ծարավից։ Ինչպես մեռած մարդն է անզգա մնում, երբ լվացվում է ջրով, այդպես էլ այսպիսի մարդը, Խոսքի կենարար և աստվածային ջրերով ոռոգված լինելով հանդերձ, ոչինչ չի ընկալում։

Դուք բոլորդ, հետևաբար, որ ինքներդ ձեր մեջ ունեք կյանքի Խոսքը (հմմտ. Փլպ 2, 16). դուք բոլորդ, որ եկել եք այստեղ՝ սնվելու համար Խոսքի այս հացով. դուք բոլորդ, որ մեռած չեք, այլ՝ մեռած վիճակից վերադարձել եք կյանքի (հմմտ. Հռմ 6, 13), ճաշակել եք ճշմարիտ կյանքը և ողորմած Աստծո կողմից ստացել եք ողորմության հորձանքները մերձավորի հանդեպ (հմմտ. Կղս 3, 12), երբեք մի՛ դադարեք, եթե հնարավոր է, վերարթնացնել, հորդորել և ուղղել ձեր մոտիկներին և բոլոր մարդկանց, բայց համարելով նրանց որպես ձեր սեփական անդամները, մանավանդ թե՝ որպես Քրիստոսի անդամները և Աստծո զավակները, ջանացեք կրթել նրանց, հանդիմանել և խրատել, անշուշտ ո՛չ տրտմեցնելու համար նրանց, այլ՝ ազատելու համար նրանց Հոր զայրույթից ու բարկությունից. ո՛չ էլ վնասելու համար նրանց, այլ՝ տալու համար նրանց ամենամեծ նպաստները, նրանց ընդունակ դարձնելով կատարելու իրենց Աստծո և Հոր կամքը։ [...]

(1) Բնագրում բառացի՝ դատապարտվենք։
(2) Ի նկատի ունի Աստվածաշնչի գրքերի ներշնչված հեղինակներին։
(3) Բնագրում բառացի՝ զետեղի իր սրտի վրա։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։