« ՈՐՊԵՍԶԻ ՏԵՍՆԵՆ ԻՄ ՓԱՌՔԸ » (Հվհ 17, 24) – Գրադարան – Mashtoz.org

« ՈՐՊԵՍԶԻ ՏԵՍՆԵՆ ԻՄ ՓԱՌՔԸ » (Հվհ 17, 24)

Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան (մոտ 949-1022). Տաղեր 47 (SC 196).
 
 
[...] Դու, որ վերևում ես՝ Հոր հետ,
և գտնվում ես այստեղ՝ մեր հետ, [...]
մեզ ցույց տվեցիր Քո անբիծ փառքի լույսը.
տո՜ւր ինձ այն, այո՜, նաև այժմ,
և թող որ այն չհեռանա ինձնից այլևս երբեք։
 
Շնորհի՜ր ինձ միշտ տեսնել այդ լույսի մեջ, ո՜վ Բան(1),
ըմբռնել, թե ինչպե՜ս է բարությունդ անհասանելի,
հպվի՜ր և շանթահարի՜ր իմ իմացականությունը,
վերափոխի՜ր իմ հոգին,
և վառի՜ր իմ սրտի մեջ հուրը Քո սիրո։
 
Այս լույսն է, որ, աստվածային ցանկության բոցերի մեջ տարածվելով,
ինձ ավելի լավ տեսնել է տալիս Քո փառքը, ո՜վ Աստված իմ.
Մինչ պաշտում եմ Քեզ, Քեզնից աղերսում եմ, Որդի Աստծո,
շնորհի՜ր ինձ այս փառքը, այժմ իսկ և ապագայում,
որպեսզի ունենամ այն և նրա միջոցով կարողանամ տեսնել, ո՜վ Աստված։ [...]
 
Այո՜, Հովիվ կարեկցող, բարի ու հեզ(2),
որ կամենում ես փրկությունը բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ,
ողորմա՜ծ գտնվիր, ընդունի՜ր աղոթքը, որ ուղղում եմ Քեզ.
Մի՛ զայրացիր, երեսդ ինձնից մի՛ շրջիր,
այլ՝ սովորեցրո՜ւ ինձ կատարել Քո կամքը,
քանի որ հետամուտ չեմ իմ կամքի կատարմանը,
այլ ̀ Քո կամքի, Քեզ ծառայելու նպատակով,
ո՜վ Ողորմած։
 
Աղաչում եմ Քեզ, ողորմի՜ր ինձ,
Դու, որ բնությամբ իսկ գթառատ ես,
և արա՜ այն, ինչը որ օգտակար է իմ թշվառ հոգուն,
որովհետև Դու, միայն Դու ես Աստված մարդասեր(3),
անստեղծ, անվախճան, ամենակարող,
ճշմարտապես կյանք և լույս նրանց, ովքեր սիրում են Քեզ,
և Քո միջոցով, ո՜վ Մարդասեր(3), այսքա՜ն սիրված են։
 
Ինձ նրանց ընկերակցության մեջ դիր, Վարդապե՜տ,
և Քո աստվածային փառքին
ինձ մասնակից դարձրու, դարձրո՜ւ ինձ ժառանգակից,
որովհետև Քեզ է պատկանում, Հա՜յր,
հավիտենակից Որդու և Սուրբ Հոգու հետ,
փառքը հավիտյանս հավիտենից։
 
Ամեն։
(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
(2) Բառացի՝ քաղցր, անուշ։
(3) Բառացի՝ մարդուն բարեկամ, ընկեր։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։