« ՄԻ´ ՍՏԻՊԻՐ ՆՐԱՆՑ ԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՆՐԱՆՑ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ԵՍ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԻ´ ՍՏԻՊԻՐ ՆՐԱՆՑ ԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՆՐԱՆՑ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ԵՍ »

Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան (մոտ 949-1022). Տաղեր 42, SC 196
 
 
[...] Նրանց համար, ովքեր դա փափագում են, ես Հովիվն եմ ու Վարդապետը։ Մյուսների համար, մինչդեռ, ես, այո՛, նրանց Արարիչն եմ, նրանց Աստվածն եմ ըստ բնության, բայց նրանց Թագավորը չեմ, նրանց Առաջնորդը չեմ, բացարձակապես ո՛չ. նրանց, ովքեր իրենց խաչը չվերցրեցին Ինձ հետևելու համար. նրանք, արդարև, Ոսոխի՛ զավակներն են, նրա՛ ստրուկները, նրա՛ գործիքները։
Տե՛ս այս սարսափելի խորհուրդները, տե՛ս նրանց անմտությունը, տե՛ս ու ողբա՛ նրանց վրա ամեն ժամ, եթե կարող ես։ Արդարև, քանի որ կանչվել են խավարից անմայրամուտ լույսին, մահվանից՝ կյանքին, դժոխքից՝ երկնքին, ժամանակավորից ու ապականացուից՝ հավիտենական փառքին, զայրացած ու գազազած են նրանց դեմ, ովքեր կրթում են իրենց, և ամեն տեսակ խարդախություն են նյութում նրանց դեմ։ Կնախընտրեին մեռնել, քան թե հրաժարվել խավարից ու խավարի գործերից՝ Ինձ հետևելու համար։ [...]
Մի´ ստիպիր նրանց անել այն, ինչ նրանց ուսուցանում ես. պարզապես կրկնիր նրանց Իմ խոսքերը և հորդորիր հետևել դրանց, ինչպես մի բանի, որ նրանց համար հավիտենական կյանքն է հայթայթում, և այս խոսքերն իսկ ոտքի են կանգնելու, երբ գամ Դատաստանի համար, և դատելու են նրանց բոլորին, մեկ առ մեկ, յուրաքանչյուրի արժանիքի համաձայն, մինչ դու պատասխանատվություն չես ունենա, ոչ մի տեսակ դատապարտություն չես կրի, քանի որ թաքցրած չես լինի Իմ խոսքերի արժեքը, այլ՝ բոլորին շռայլած կլինես այն, ինչ ստացել ես։
Սա´ է այն, ինչ Ինձ հաճելի է, սա´ է Իմ առաքյալների ու Իմ աշակերտների գործը. նրանց, ովքեր վարվել են Իմ պատվիրանների համաձայն. Ինձ որպես Աստված հռչակել ամբողջ աշխարհում, ուսուցանել Իմ կամքն ու Իմ հրամանները, և դրանք գրի առնված թողնել մարդկանց։ Դու նույնպես, հետևաբար, ջանա վարվել և ուսուցանել նրանց նման։ [...] Ջանա փրկել ինքդ քեզ և նրանց, ովքեր լսում են քեզ, այն դեպքում, երբ կգտնես մի մարդ երկրի երեսին, որ ականջներ կունենա լսելու համար և կլսի քո խոսքերը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։