« ՓՈՒԹԱՆՔ ԼԻՆԵԼ ԱՍՏԾՈ ՀԵՏ, ՈՐ ԵՐԿԻՐ ԻՋԱՎ ՄԵԶ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ՓՈՒԹԱՆՔ ԼԻՆԵԼ ԱՍՏԾՈ ՀԵՏ, ՈՐ ԵՐԿԻՐ ԻՋԱՎ ՄԵԶ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ »

Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան (մոտ 949-1022). Տաղեր 42, SC 196.
 
[...] Փութանք, ուրեմն, եղբայրնե՜ր, օրվա(*) ավարտից առաջ փութանք հարել Աստծուն՝ գոյություն ունեցող ամեն ինչի Արարչին, որ երկիր իջավ մեր համար, որ խոնարհեցրեց երկինքները և ծածկվեց հրեշտակներից, որ բնակվեց Սուրբ Կույսի արգանդում, որ նրանից մարմին վերցրեց՝ անփոփոխ մնալով, անճառելի կերպով, և որ մահ կրեց մեր բոլորիս փրկության համար։
Արդ, մեր փրկությունն ա՛յլ բան չէ, քան սա ( – այնպես չէ, որ խոսում ենք մենք մեզնից, այլ՝ Աստծո բերանն է, որ հայտնել է գալիք դարաշրջանի մեծ լույսը – ). Երկնքի Արքայությունն իջել է երկրի վրա, կամ ավելի լավ է ասել՝ վերևինների ու ներքևինների ինքնիշխան Արքան եկել է, և կամեցել է դառնալ մեր նման, այնպես՝ որ կարող լինենք մուտք գործել Երկնքի Արքայության բաժնեկցության մեջ, և միաժամանակ՝ մասնակցել Իր փառքին, և ժառանգները լինել հավիտենական բարիքների, որոնք ոչ ոք երբևէ չի տեսել։ Այդ բարիքներն ա՛յլ բան չեն, – սա իմ համոզումն է, սա՛ է հավատքը, որ հաստատում եմ, – քան Հայրը, Որդին և Սուրբ Հոգին՝ Ամենասուրբ Երրորդությունը. սա՛ է բարիքների ակունքը, սա՛ է կյանքը գոյություն ունեցող ամեն ինչի, սա՛ է անարտահայտելի բերկրանքը և փրկությունը բոլոր նրանց, ովքեր ինչ որ մի բան են ստանում Նրա անճառելի լուսավորությունից և գիտակից են, որ հաղորդության մեջ են Նրա հետ։
Ո՛ւնկն դիր. պատճառը, որի համար կոչվել է Փրկիչ, այն է, որ փրկությունը բերում է բոլոր նրանց, որոնց Ինքը միանում է. և փրկությունը դա բոլոր չարիքներից ազատված լինելն է, և միաժամանակ՝ գտնել բոլոր բարիքներն ընդմիշտ. կյանքը՝ մահվան փոխարեն, լույսը՝ խավարի փոխարեն, և կրքերի ու անարգ արարքների փոխարեն՝ ամբողջական ազատությունը, շնորհված՝ բոլոր նրանց, ովքեր միացած են Քրիստոսին՝ բոլոր էակների Փրկչին. այնժամ ունենալու են, առանց կորցնել կարողանալու, ամբողջ ուրախությունը, ամբողջ զվարթությունը, ամբողջ երանությունը, [...] որը ոչ ոք երբևէ չի կարող ճանաչել, ըմբռնել կամ տեսնել, եթե անկեղծորեն ու ջերմեռանդորեն կապված չէ Քրիստոսին։ [...]
(*) «Օր» կամ «Այսօր» ասելով Հայրերը սովորաբար հասկանում են ներկա կյանքը, որին հաջորդելու է հավիտենական Վաղվա անմայրամուտ Օրը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։