« ԱՍՏՎԱԾ ԿԱՄԵՆՈՒՄ Է, ՈՐ ՄԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՎԻ ԱՂՈԹՔԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ԿԱՄԵՆՈՒՄ Է, ՈՐ ՄԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՎԻ ԱՂՈԹՔԻՑ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). Նամակ 130, « Պռոբային՝ Աղոթքի մասին », 8-9 (CSEL 44, 56ss).
 
 
« Ի՞նչ օգուտ ունի մեր այս ու այն կողմ վազելը՝ փնտրելու, թե ի՛նչ խնդրել աղոթքի մեջ։ Ավելի լավ է ասենք Սաղմոսի խոսքերով. ''Մի բան խնդրեցի Տիրոջից, այս միակ բանն եմ ես ցանկանում. որ ես բնակվեմ Տիրոջ Տանը իմ կյանքի բոլոր օրերում, ճաշակելու համար Տիրոջ քաղցրությունը և զմայլվելու համար Իր սրբարանով'' (Սղմ 27, 4)։ Այնտեղ, արդարև, ''բոլոր օրերը'' չեն անցնում ՝ գալով ու չքանալով, այնպես՝ որ մեկը սկսվի, երբ մյուսն ավարտվի։ Ո՛չ, այնտեղ դրանք գոյություն ունեն միասին, չունեն վերջ, քանի որ ինքնին կյանքը, որի օրերն են, անվախճան է։
Որպեսզի մենք կարողանանք ձեռքբերել այդ երանելի կյանքը, Նա, Ով ճշմարիտ Կյանքն է անձամբ, մեզ սովորեցրեց աղոթել։ Ո՛չ բազմաթիվ խոսքերով, կարծես թե լսելի պետք է լինենք մեր շատախոսությամբ։ Արդարև, ինչպես Տերն Ինքն է ասում, աղոթում ենք Նրան, Ով մեր խնդրելուց առաջ արդեն գիտի, թե ինչի՛ կարիքն ունենք (Մտթ 6, 8)։ [...]
Մեր խնդրելուց առաջ արդեն գիտի՞, թե ի՛նչ է մեզ հարկավոր։ Ուրեմն ինչո՞ւ է մեզ հորդորում, որ անդադար աղոթենք (Ղկս 18, 1)։ Սա կարող է զարմացնել մեզ, բայց պետք է հասկանանք, որ Աստված մեր Տերը չի ցանկանում տեղեկացվել մեր ցանկության վերաբերյալ, որն իրեն արդեն իսկ հայտնի է։ Այլ՝ կամենում է, որ մեր ցանկությունը ծնվի աղոթքից, որպեսզի ընդունակ դառնանք ընդունելու այն, ինչը որ պատրաստվում է տալ մեզ։ Քանի որ սա մեծ բան է, մինչդեռ մենք փոքր ու խեղճ ենք։ Ահա՛ թե ինչո՛ւ է մեզ ասում. ''Դուք նույնպես բացեք ձեր սրտերը'' (2Կր 6, 13)։ [...] Անհավատալի է, անշուշտ։ [...] Այնքան ավելի ընդունակ կլինենք ստանալու, որքան ավելի կհավատանք առավել հավատքով, կհուսանք առավել ապահովությամբ, կփափաքենք առավել ուժգնությամբ։ Հավատքի, հույսի և սիրո գործադրմամբ է, հետևաբար, տևական ցանկությամբ, որ միշտ աղոթում ենք »։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։