« ԲԵՐՆԵԲԵՐԱՆ ԼՑՐԵԼ ԵՍ ԳԱՆՁԱՆԱԿԴ, ԲԱՅՑ ԿՈՐԾԱՆԵԼ ԵՍ ԽԻՂՃԴ » – Գրադարան – Mashtoz.org

« ԲԵՐՆԵԲԵՐԱՆ ԼՑՐԵԼ ԵՍ ԳԱՆՁԱՆԱԿԴ, ԲԱՅՑ ԿՈՐԾԱՆԵԼ ԵՍ ԽԻՂՃԴ »

ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, Ճառեր, CCLXI, 4-6 (PL 38, 1204-1205).
 
 
[...] Մաքրագործվելու համար՝ հավատա՛: Որովհետև դու կուզենայիր տեսնել Աստծուն: Քո այդ փափաքը բարի է, մեծ է, և ես քեզ խրախուսում եմ սնուցելու այն: Կուզենայի՞ր տեսնել Նրան: «Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն» (Մտթ 5, 8): Նախևառաջ մտածիր մաքրագործելու սիրտդ: [...] Դու հավատում ես, որ Աստված լույսի նման է, ակներև, աչքերին հայտնի: [...] Բայց եթե աչքերիդ մեջ ավազ լցվեր, լույսը տեսնելու համար մի՞թե նախ չպետք է մաքրեիր դրանք:
Սիրտդ էլ է ապականված: Եվ ագահությունը նրանում տարածում է իր ստվերը: [...] Մի՞թե չես հասկանում, որ այդ կերպ դիզելով՝ ցեխ ես լցնում սրտիդ վրա: Ուրեմն ինչպե՞ս կարող ես տեսնել Նրան, ում փափաքում ես տեսնել:
Դու ինձ ասում ես. «Ցույց տուր ինձ քո Աստծուն»: [...]
Պատասխանում եմ քեզ. «Փորձիր սրտիդ մեջ նայել: Այն ամենը, որ նրա մեջ տեսնում ես, որ կարող է վշտացնել Աստծուն, հեռացրո՛ւ: Աստված ուզում է գալ քո մեջ: Լսի՛ր Քրիստոսին, քո Տիրոջը. “Իմ Հայրը և ես կգնանք նրա մոտ և նրա մեջ կբնակվենք” (Հվհ 14, 23): Ահա՛ Աստծո խոստումը: Եթե ես քեզ ասեի, թե գալու եմ քո տուն, դու կմաքրեիր տունդ: Եվ ահա՛ Աստված Ինքն է, որ ուզում է գալ սրտիդ մեջ, և դու չե՞ս շտապում սրբել այն: Ինչպե՞ս կարող է Նա բնակվել ագահության հետ միասին: [...] Աստված քեզ պատվիրել է հագցնել նրան, ով մերկ է: Մինչդեռ ագահությունը քեզ մղում է մերկացնելու նրան, ով հագնված է: [...] Ես քո սիրտն եմ փնտրում: Ի՞նչ կա քո սրտում: Բերնեբերան լցրել ես գանձանակդ, բայց կործանել ես խիղճդ: [...] Մաքրի՛ր քո սիրտը»: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։