« ԵԿԵՂԵՑԻՆ ՀԻՄՆՎԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՎԱՏՔԻ ԴԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԵՄԻ ՎՐԱ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵԿԵՂԵՑԻՆ ՀԻՄՆՎԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՎԱՏՔԻ ԴԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԵՄԻ ՎՐԱ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացու (354-430) « Ճառեր Հովհաննու Ավետարանի մասին » աշխատությունից .

 

[...] Քրիստոսն ասաց Պետրոսին. «Քեզ տալու եմ երկնքի արքայության բանալիները, և այն ամենը, որ կկապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, և այն ամենը, որ կարձակես երկրի վրա, արձակված կլինի երկնքում» (Մտթ 16, 19)։ Դրանով Պետրոսը վեր բարձրացավ և դարձավ ողջ Եկեղեցու խորհրդանշանը, այն Եկեղեցու, որն այս աշխարհում ենթակա է ամեն տեսակ վշտակրության և կարծես հեղեղված է հորդառատ անձրևներով, ջրհեղեղներով, փոթորիկներով, և այդուհանդերձ՝ երբեք չի փլուզվում, որովհետև հիմնված է այն վեմի վրա, որից Պետրոսն ինքն էլ ստացավ իր անունը։ Ուստի Տերն ասաց. «Այս ժայռի վրա եմ կառուցելու իմ Եկեղեցին» (Մտթ 16, 18)։ Դա Պետրոսի դավանությանը տրված պատասխանն էր, թե. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո Որդին» (Մտթ 16, 16)։

Հիսուսն, հետևաբար, կամեցավ ասել. Այն վեմի վրա, որը քո հավատքի դավանության առարկան հանդիսացավ, ես կկառուցեմ իմ Եկեղեցին։ Այդ վեմը Քրիստոսն էր (հմմտ. 1Կր 10, 4)։ Այդ հիմքի վրա կառուցվեց նաև ինքը՝ Պետրոսը։ «Արդարև, ոչ ոք չի կարող տարբեր հիմք դնել, քան այն, որն արդեն իսկ դրված է, որը Հիսուս Քրիստոսն է» (1Կր 3, 11)։

Հետևաբար Եկեղեցին, որ հիմնված է Քրիստոսի վրա, Նրանից հանձինս Պետրոսի ստացավ երկնքի արքայության բանալիները, այսինքն՝ մեղքերն արձակելու ու կապելու իշխանությունը, և այս Եկեղեցին սիրում ու հետևում է Քրիստոսին, և սրա համար է ազատվում չարիքներից։ Եկեղեցին Քրիստոսին հետևում է հատկապես հանձինս նրանց, ովքեր ճշմարտության համար պայքարում են մինչ ի մահ։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։