« ԻՆՉՊԵՍ ԵՍ ՁԵԶ ՍԻՐԵՑԻ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՆՉՊԵՍ ԵՍ ՁԵԶ ՍԻՐԵՑԻ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացու (354-430) « Ճառեր Հովհաննու Ավետարանի մասին » աշխատությունից .

 

[...] Տեր Հիսուսն ասում է, որ մի նոր պատվիրան է տալիս Իր աշակերտներին, այն է՝ որ փոխադարձաբար սիրեն միմյանց. « Մի նոր պատվիրան եմ ձեզ տալիս. որ սիրեք մեկդ մյուսիդ » (Հվհ 13, 34)։

Այս պատվիրանը, սակայն, մի՞թե արդեն գոյություն չուներ Տիրոջ հին օրենքում, որն հրամայում էր. « Պիտի սիրես քո մերձավորին ինչպես ինքդ քեզ » (Ղևտ 19, 18)։ Ուրեմն ինչո՞ւ է Տերը նոր անվանում այն պատվիրանը, որն այդքա՜ն հին է թվում։ Արդյո՞ք նոր պատվիրան է այն պատճառով, որ մերկացնում է մեզ հին մարդուց, որպեսզի զգեստավորի մեզ նորով։ Անկասկած։ Նոր է դարձնում նրան, ով ունկնդիր է լինում Իրեն, կամ ավելի ճիշտ է ասել՝ ով Իրեն հնազանդվում է։ Բայց սերը, որ վերածնում է, սոսկ մարդկային սերը չէ։ Այն սերն է, որը Տերը տարբերակում ու որակավորում է հետևյալ խոսքերով. « Ինչպես ես ձեզ սիրեցի » (Հվհ 13, 34)։

Սա՛ է սերը, որ նորոգում է մեզ, որպեսզի նոր մարդիկ դառնանք, Նոր Ուխտի ժառանգներ, մի նոր երգ եղանակողներ։ Այս սերը, թանկագին եղբայրներ, նորոգեց հին ժամանակների արդարներին, նահապետներին ու մարգարեներին, ինչպես որ հետագայում նորոգեց առաքյալներին։ Այս սերն այժմ նորոգում է նաև բոլոր ժողովուրդներին, և ամբողջ մարդկային ցեղից, որ սփռված է երկրի երեսին, ձևավորում է մի նոր ժողովուրդ՝ Աստծո Միածին Որդու նոր Հարսի մարմինը։ [...]

Այս նպատակով է, հետևաբար, սիրել մեզ, որպեսզի մենք էլ սիրենք միմյանց փոխադարձ կերպով։ Սիրում էր մեզ և դրա համար կամեցավ, որ միմյանց կապված լինեինք փոխադարձ սիրով, որպեսզի լինեինք գերագույն Գլխի Մարմինը և այսքա՜ն քաղցր զոդով սերտորեն միմյանց միացած անդամներ։ [...] ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։