« ԼՈՒՅՍԻ ՄԵՋ ԱՅՆ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԻ, ՈՐ ԴՈՒ ԻՆՔԴ ԵՍ, ՏԵՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ԼՈՒՅՍԻ ՄԵՋ ԱՅՆ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԻ, ՈՐ ԴՈՒ ԻՆՔԴ ԵՍ, ՏԵՐ »

ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, Խոստովանություններ, IX, 10, 23-25 (PL 32, 773-775).
 
 
[...] Սակավ ժամանակ առաջ այն օրից, երբ Քո աղախինը [Մոնիկան, Օգոստինոսի մայրը] թողնելու էր այս աշխարհը, [...] պատահեց, որ նա և ես մենակ մնացինք, կռթնած այն պատուհանին, որից երևում էր պարտեզը տան, որտեղ բնակվում էինք Օստիայում կեցության ժամանակ: [...] Բազում քաղցրություն կար մեր զրույցներում: Մոռանալով անցյալը, մեր ամբողջ էությամբ ձգտելու համար դեպի այն, ինչ առջևում է, ջանում էինք հասկանալ, – լույսի մեջ այն հավիտենական ներկայի, որ Դու Ինքդ ես, Տեր, – թե ինչպիսին կարող է լինել սրբերի անմահ կյանքը. այն կյանքը, որն աչքը երբեք չի տեսել, ո՛չ էլ ականջն է երբևէ լսել, ո՛չ էլ սիրտն է երբևէ ընկալել: Մեր ամբողջ սիրտը բացում էինք խմելու ջրերը Քո երկնային աղբյուրի, կյանքի այն աղբյուրի, որ Քեզնում է, որպեսզի մեր տարողության համաձայննրանով լցվելով, կարողանայինք ինչ որ մի նախազգացումն ունենալ այն առավել բարձր կյանքի: [...]
Միշտ ավելի բոցավառ փափաքով վեր բարձրանալով, անցանք մարմնեղեն բոլոր արարածների աստիճաններն իրենց ամբողջ երկարությամբ, հասնելով մինչև ֆիզիկական երկինքը, որտեղից արևը, լուսինն ու աստղերը իրենց լույսն առաքում են երկրի վրա: Ապա բարձրացանք է՛լ ավելի վեր, ներքուստ Քո մասին մտածելով, Քո մասին խոսելով և Քո գործերով զմայլվելով: Այդպիսով հասանք մեր հոգիներին և նրանց էլ գերազանցեցինք, հասնելու համար անսպառ արգասավորության այն ոլորտին, [...] ուր կյանքը նույն ինքն Իմաստությունն է, որի միջոցով է ստեղծվել այն ամենը, որ գոյություն ունի, որ գոյություն է ունեցել և որ գոյություն է ունենալու, մինչ Ինքը ստեղծված չէ. որովհետև այսօր այնպիսին է, ինչպիսին էր և ինչպիսին լինելու է: Կամ ավելի ճիշտ է ասել՝ ինչպիսին է, որովհետև հավիտենական է: [...] Եվ մինչ խոսում էինք և բուռն կերպով փափաքում էինք հասնել այդ գերագույն Իմաստությանը և նրանից լիաբերան խմել, մի քիչ հպվեցինք նրան մեր սրտի մի ամբողջ զարկով: Ապա, հառաչանքով, երկնքում թողեցինք մեր հոգու այդ երախայրիքները, և վերադարձանք գործածությանը խոսքի, որն արտասանվում է, որը սկսվում է և վերջանում: [...]
Մենք, ուստի, ասում էինք. ով իր մեջ կլռեցնի մարմնի խռովությունները. ով իր աչքերը կփակի երկրի, ջրերի ու երկնակամարի տեսարանի դիմաց. ով կլռեցնի իր սեփական հոգին, առանց նրան թույլատրելու, որ կանգ առնի ինքն իր վրա և իր մասին մտածի. ով կմերկանա երևակայության ցնորքներից ու հիշողություններից. ով մոռացության կմատնի որևէ բարբառ, որևէ խոսք, այն ամենը՝ ինչ փոփոխական է (որովհետև, եթե ունկն դներ այս բաներին, բոլորն էլ կասեին իրեն. մենք չենք, որ ստեղծել ենք ինքներս մեզ, այլ Նա, ով մնում է հավետ). ով, ապա, այլևս չի լսի այդ արարածներին, ընդունելուց հետո նրանց կոչը՝ լսելու իրենց Արարչին. նա, ում միայն Աստված կխոսի և նա կլսի աստվածային խոսքը, որն արտասանված չէ մարմնեղեն լեզվով, ո՛չ էլ հրեշտակային ձայնով, ո՛չ էլ կայծակի որոտումով, ո՛չ էլ պատկերների ու խորհրդանշանների բարբառով, այլ՝ արտասանված է Ինքնին Նրա կողմից, ում մենք սիրում ենք արարածների մեջ. և ով կխոսեր [...] ամբողջովին հոգևոր ձևով, ինչպես ամբողջովին հոգևոր էր այն հպումը, որը քիչ առաջ տեղի էր ունեցել երկինք հափշտակված մեր մտքի և հավիտենական Իմաստության միջև. [...] եթե, ուրեմն, նման հափշտակությունը տևեր [...] և այս անխառն հայեցողությունը ներքին բերկրանքի անդունդի մեջ ներքաշեր նրան, ով այն վայելում է, այնպես, որ հավիտենական կյանքը նմանվեր այն կարճատև հափշտակությանը, որից հետո մենք շա՜տ հառաչեցինք, – մի՞թե դա չէր լինի կատարումը Ավետարանի խոսքի. «Մտե՛ք ձեր Տիրոջ ուրախության մեջ» (Մտթ 25, 21): [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։