« ԿՈՐՑՐԵԼ ԷԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՆԴԵՊ ՀՈՒՅՍԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՏԵՍԵԼ ԷԻՆ ՆՐԱՆ ՄԵՌԱԾ » – Գրադարան – Mashtoz.org

« ԿՈՐՑՐԵԼ ԷԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՆԴԵՊ ՀՈՒՅՍԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՏԵՍԵԼ ԷԻՆ ՆՐԱՆ ՄԵՌԱԾ »

Սբ. Օգոստինոսի (354-430) « Ճառեր »ից, 236, 2-3.

 

[...] Երբ Քրիստոսը մահացավ, Իր աշակերտները թողեցին, որ իրենց հոգիներից վար ընկներ այս հույսը, այս պարգևը, այս խոստումը, այս շնորհը, որի մասին Նա շատ անգամներ էր խոսել և նրանց մատնացույց արել, և Նրան մեռած տեսնելով՝ կորցրեցին իրենց բոլոր հույսերը։ Ուշադրություն դարձրեք։ Նրանց տեղեկություն է բերվում, որ հարություն է առել, բայց այդ ավետիսը բերողի խոսքերն ընդունվում են որպես խելագար մտքերի ցնորք ու բանդագուշանքներ։ Ճշմարտությունը գրեթե խելագարություն էր դարձել։ [...] Ահա՛ իրավիճակը, որի մեջ գտնվում էին աշակերտները Քրիստոսի մահից հետո. այն, ինչը մեզ սոսկում է պատճառում, ա՛յդ էին նրանք դարձել։ [...]

Եվ անցնենք այն երկուսին, որոնց Քրիստոսը հայտնվեց ճանապարհին, բայց նրանց աչքերը փակ էին և չկարողացան ճանաչել Նրան։ Նրանց խոսքերը ցույց են տալիս, թե ինչպիսի վիճակում էին գտնվում նրանց սրտերը. ձայնը վկան է այն բանի, ինչ կատարվում էր նրանց հոգիներում. վկա է, ասում եմ, մե՛ր համար, քանի որ Քրիստոսի համար սրտերն ինքնըստինքյան հայտնի են։ Իրար հետ խոսում էին Քրիստոսի մահվան մասին։ Նա միացավ նրանց որպես ճանապարհի երրորդ ընկեր։ Նա, որ Ճանապարհն է, սկսեց երկխոսել նրանց հետ ճանապարհի երկայնքին և սկիզբ տվեց զրույցին։ Ամեն բան իմանալով հանդերձ, հարցրեց, թե ինչի՞ մասին էին խոսում, և իրադարձությունների շուրջ չտեղեկացված ձևանալով՝ կամեցավ հասունացնել նրանց մեջ ինքնաբուխ խոստովանությունը։ Նրան ասացին. « Երուսաղեմ ժամանած ուխտավորների մեջ դու անկասկած միակն ես, որ չգիտես, թե ի՛նչ է տեղի ունեցել քաղաքում այս օրերին. որ չգիտես Հիսուս Նազովրեցու մասին, որը մի մեծ մարգարե էր » (Ղկս 24, 18-19)։ Այլևս Տեր չեն անվանում Նրան, այլ՝ մարգարե։ Նրա մահից հետո կարծում էին, թե Նա սոսկ մարգարե էր եղել։ Նրան դեռ մեծարում էին որպես մարգարե, թեև չէին ճանաչում Նրան որպես Տերը ո՛չ միայն մարգարեների, այլ նաև հրեշտակների։ Շարունակում են. « Մեր ծերերն ու քահանայապետերը ձերբակալեցին Նրան, որպեսզի մահվան դատապարտվեր։ Եվ ահա՛, սա երրորդ օրն է այն ժամանակվանից, ինչ այս բաները կատարվեցին։ Եվ սակայն, մենք հույսն ունեինք, թե Նա լինելու էր Իսրայելի փրկիչը » (Ղկս 24, 20-21)։ Սա՞ է ձեր ողջ վիշտն ու տվայտանքը։ Հույսն ունեիք։ Այժմ հուսահատվա՞ծ եք։ Ինչպես տեսնում եք, նրանք կորցրել էին բոլոր հույսերը։ Նա այդ ժամանակ սկսեց բացատրել նրանց Գրվածքները, այնպես, որ սովորեին ճանաչել Քրիստոսին հենց ա՛յն կետից, որտեղից սկսած հեռացել էին Քրիստոսից։ Կորցրել էին Քրիստոսի հանդեպ հույսը, որովհետև տեսել էին Նրան մեռած։ Ինքն, ընդհակառակը, նրանց բացատրեց Գրվածքները, այն կերպ պատճառաբանելով, որ համոզվեին, որ եթե չմեռներ, չէր կարող լինել Քրիստոսը։ Սկսած Մովսեսից, հաջորդ Գրվածքներից ու Մարգարեներից՝ ներկայացրեց ուսուցումն այն բանի, ինչ ասել էր նրանց, որ հարկավոր էր, որ Քրիստոսը մեռներ և այդպես մտներ Իր փառքի մեջ (հմմտ․ Ղկս 24, 26)։ Նրա խոսքերը լսելով՝ վայելում էին ու հառաչում. և, ինչպես հենց իրենք են խոստովանում, այրվում էին ներքուստ. բայց չէին կարողանում ճանաչել Լույսը, որ այդտեղ ներկա էր։

Ինչպիսի՜ խորհուրդ է սա, եղբայրներ և քույրեր իմ։ Մտնում է նրանց տուն, դառնում է նրանց հյուրը և, մինչ անծանոթ էր մնացել ճանապարհի ողջ ընթացքում, Նրան ճանաչում են հացի բեկանման պահին (հմմտ. Ղկս 24, 30-31)։ Սովորեցե՛ք հյուրընկալությունը, քանի որ հանձինս հյուրի ճանաչվում է Քրիստոսը։ Կամ թե չգիտե՞ք տակավին, որ ամեն անգամ, որ հյուրընկալում եք մի քրիստոնյայի, հյուրընկալում եք Քրիստոսին։ Մի՞թե Նա Ինքը չի ասում. « ''Օտարական էի և հյուրընկալեցիք ինձ''։ Իսկ եթե հարցնեն. ''Բայց ե՞րբ, Տեր, Քեզ իբրև օտարական տեսանք''. կպատասխանի. ''Ամեն անգամ, որ դա արեցիք իմ եղբայրների համար, նույնիսկ նրանցից ամենափոքրի համար, ի՛մ համար է, որ արեցիք դա'' » (հմմտ. Մտթ 25, 35.38.40)։ Երբ, հետևաբար, մի քրիստոնյա հյուրընկալում է մի ուրիշ քրիստոնյայի, մարմնի անդամներից մեկն է, որ իրեն դնում է ի ծառայություն մի ուրիշ անդամի, և դրանով ուրախություն է պատճառում Գլխին, Ով Իրե՛ն տրված է նկատում այն, ինչը տրվել է Իր անդամներից մեկին։ Ուստի, քանի դեռ այստեղ՝ ներքևում ենք, թող որ կերակուր տրվի Քրիստոսին, որ քաղցած է. թող որ խմելիք տրվի Քրիստոսին, որ ծարավ է. թող որ հագուստ տրվի Նրան, երբ մերկ է. թող որ հյուրընկալվի Նա, երբ օտարական է. թող որ այցելություն կատարվի Նրան, երբ հիվանդ է։ Այս բաները բխում են ուղևորության դժնդակությունից։

Այսպես պետք է ապրենք ներկա պանդխտության ժամանակ, որի ընթացքում Քրիստոսը կարիքի մեջ է. կարիքն ունի Իրենների, թեև ամեն ինչով լի է Ինքն Իր մեջ։ Բայց Նա, Ով կարիքավոր է հանձինս Իրենների, մինչ ամեն ինչով գերառատ է Ինքն Իր մեջ, Իր մոտ է հավաքելու բոլոր կարիքավորներին։ Եվ Նրա մոտ չի լինելու այլևս ո՛չ քաղց, ո՛չ ծարավ, ո՛չ մերկություն, ո՛չ հիվանդություն, ո՛չ պանդխտություն, ո՛չ հոգնություն, ո՛չ ցավ։ Գիտեմ, որ բոլոր այս կարիքներն այլևս չեն լինելու այնտեղ՝ վերևում, բայց չգիտեմ, թե ի՛նչ է լինելու։ Որ այս բոլոր բաները չեն լինելու, կարողացել եմ ուսանել. բայց ինչ վերաբերվում է նրան, թե ի՛նչ ենք գտնելու այնտեղ՝ վերևում, չի եղել մարդկային աչք, որ տեսած լինի, ո՛չ էլ ականջ, որ լսած լինի, ո՛չ էլ մարդու սիրտ, որի մեջ այն ներթափանցած լինի (հմմտ. 1Կր 2, 9)։ Այն կարող ենք սիրել, այն կարող ենք ցանկանալ. ներկա աքսորի ընթացքում կարող ենք բաղձալ այդքա՜ն բարիքների վայելքը. բայց չենք կարող հասնել մտքով, ո՛չ էլ պատշաճ կերպով բացատրել խոսքերով, թե ի՛նչ է լինելու դա. կամ, առնվազն, ես այդ կարողությունը չունեմ։ Ո՜վ եղբայրներ և քույրեր, փնտրեցե՛ք, այո՛, ինչ որ մեկին, ով ունի այդ կարողությունը, և եթե կկարողանաք գտնել, ինձ էլ ձեր հետ քաշ տվեք նրա մոտ, որպեսզի դառնամ իր աշակերտը։ Ինչ վերաբերվում է ինձ, ես միայն մի բան գիտեմ. որ, այսինքն, Աստված – ինչպես ասում է Առաքյալը – զորությունն ունի կատարելու այնպիսի գործեր, որոնք գերազանցում են հարցնելու և հասկանալու մեր կարողություններին (հմմտ. Եփս 3, 20)։ Նա առաջնորդելու և հասցնելու է մեզ այնտեղ, որտեղ իրականանալու են սուրբգրային խոսքերը. « Երանելի՜ են նրանք, որ բնակվում են Քո տանը։ Հավիտյանս հավիտենից օրհնելու են Քեզ » (Սղմ 83, 5)։ Մեր ողջ զբաղմունքը լինելու է Աստծո գովքը։ Իսկ ի՞նչն ենք գովելու, եթե ո՛չ այն, ինչը սիրելու ենք։ Եվ ուրիշ ոչինչ չենք սիրելու, եթե ո՛չ այն, ինչը տեսնելու ենք։ Տեսնելու ենք Ճշմարտությունը, և այդ Ճշմարտությունը լինելու է Աստված Ինքը, որի գովքն ենք երգելու։ Այնտեղ՝ վերևում գտնելու ենք այն, ինչի մասին այսօր երգեցինք. գտնելու ենք « Ամեն »ը, այսինքն «Այն, ինչը ճշմարիտ է», և գտնելու ենք « Ալելուիա »ն, այսինքն. «Գովեցե՛ք Տիրոջը»։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։