« ՄԻ ԻՐԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՄԻ ԻՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԻ ԻՐԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՄԻ ԻՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « Ամուսնության և ցանկասիրության մասին », 1, 11; Ճառ 51.
 
 
[...] Ստապատիր չեն հրեշտակի կողմից Հովսեփին ուղղված խոսքերը. «Մի՛ վախեցիր քո մոտ վերցնել Մարիամին՝ քո կնոջը» (Մտթ 1, 20)։ [...] Կին տիտղոսը չէր ջնջվել և կեղծ չէր, քանի որ Կույսը է՛լ ավելի սրբորեն և զմայլանք ծնող կերպով սիրելի էր իր ամուսնուն այն պատճառով, որ մայր էր դարձել առանց ամուսնու միջամտության, բայց նրան հավատարիմ մնալով։
Այդ հավատարիմ ամուսնության պատճառով երկուսն էլ արժանացան Քրիստոսի ծնողները կոչվելու. ո՛չ միայն Մարիամը կոչվեց մայր, այլ նաև Հովսեփը, Նրա մոր ամուսինը լինելով, կոչվեց Նրան հայր. Հովսեփը ամուսին և հայր էր ըստ հոգու, ո՛չ ըստ մարմնի։ Այդուհանդերձ, և՛ Հովսեփը, որ հայր էր միայն ըստ հոգու, և՛ Մարիամը, որ մայր էր նաև ըստ մարմնի, երկուսն էլ ծնողները եղան Նրա խոնարհությա՛ն, ո՛չ Նրա մեծության,  Նրա տկարությա՛ն, ո՛չ Նրա աստվածության։ Ավետարանն, արդարև, չի ստում, այնտեղ՝ ուր կարդում ենք. « Նրա մայրն ասաց Նրան. "Որդիս, ինչո՞ւ այս բանն արեցիր մեզ։ Ահա՛ հայրդ և ես վշտագին փնտրում էինք քեզ"» (Ղկս 2, 48)։ Հիսուսը, սակայն, ցույց տալու համար, որ նրանցից բացի ուներ մի ուրիշ Հայր ևս, որն Իրեն ծնել էր առանց որևիցէ մի մոր մասնակցության, պատասխանեց. « Ինչո՞ւ էիք ինձ փնտրում։ Չգիտեի՞ք, որ ես պետք է իմ Հոր գործերով զբաղվեմ » (Ղկս 2, 49)։ Եվ կրկին, որպեսզի չկարծվի, թե այդ խոսքերով ուրանում էր նրանց որպես ծնողներ, Ավետարանիչը շարունակում է՝ ասելով. « Բայց նրանք չհասկացան այն խոսքը, որ ասել էր իրենց։ Եվ նրանց հետ իջավ ու վերադարձավ Նազարեթ, և նրանց հնազանդ էր » (Ղկս 2, 50-51)։ Ինչո՞ւ, ուրեմն, ենթարկվեց նրանց, որ շա՜տ ավելի ցածր էին, քան [Իր] աստվածային հանգամանքը, եթե ո՛չ՝ որովհետև ունայնացրեց Իրեն, ստանձնելով ծառայի հանգամանքը (Փլպ 2, 7), որի ծնողներն էին նրանք։ Եթե նրանք միավորված չլինեին մի իրական ամուսնությամբ, [...] անկասկած երկուսն էլ չէին լինի և ո՛չ իսկ ծառայի հանգամանքի ծնողները։
Հետևաբար, Հովսեփից սկսած ենք հաշվում Քրիստոսի ծննդաբանությունը. ամուսին լինելով ողջախոհության մեջ, նաև հայր է նույն այդ կերպ։ [...] Կասեք, թե նա Հիսուսին չի ծնել բնության գործողության համաձայն։ Բայց Մարիամն ինքն էլ, մի՞թե Նրան հղացավ բնության գործողության համաձայն։ Եվ ուրեմն. այն, ինչը որ Հոգին գործեց, արեց նրանց երկուսի համար միասին։ Արդարև, Հովսեփը Մատթեոսի համաձայն (1, 19), « արդար էր »։ Արդար էին, այր և կին։ Սուրբ Հոգին հանգչեց նրանց ընդհանուր արդարության մեջ, և մի որդի տվեց երկուսին։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։