« Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՏԵՍՆԵԼ ՆՐԱ ԼՈՒՅՍԸ ՆԱԽՔԱՆ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԳՏՆԵԼԸ » – Գրադարան – Mashtoz.org

« Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՏԵՍՆԵԼ ՆՐԱ ԼՈՒՅՍԸ ՆԱԽՔԱՆ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԳՏՆԵԼԸ »

ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, Ճառեր, CCCXLVI, 2 (PL 38, 1523-1524).
 
 
[...] «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հվհ 14, 6): Հավատքը մեր ճանապարհն է, հայեցողությունը՝ ճշմարտությունը և կյանքը: «Այժմ մենք տեսնում ենք ինչպես պատկերը հայելու մեջ» (1Կր 13, 12). սա հավատքն է: «Իսկ այն ժամանակ, կլինի դեմ առ դեմ». սա հայեցողությունն է: Պողոսը նաև ասում է. «Քրիստոսը հավատքի միջոցով բնակվում է մեր սրտերի մեջ, ներքին մարդու համաձայն». ահա՛ ճանապարհը, որի վրա մենք միայն նշմարում ենք: Բայց հավելում է. «Դուք ճանաչելու եք Քրիստոսի սերը, որ գերազանցում է որևէ ճանաչողության, և ամբողջովին մտնելու եք Աստծո ամբողջ լիության մեջ» (հմմտ. Եփս 3, 16-19): Հայեցողությունը ահա այդ լիությունն է: [...] «Դուք մեռել եք», ասում է տակավին, «և ձեր կյանքը Քրիստոսի հետ թաքնված է Աստծո մեջ». սա հավատքն է: «Բայց երբ Քրիստոսը՝ ձեր կյանքը, կհայտնվի, հայնժամ դուք նույնպես կհայտնվեք Նրա հետ փառքով» (Կղս 3, 3-4). սա Աստծո տեսությունն է:
«Սիրելիներ», ասում է Հովհաննեսը, «այժմ արդեն Աստծո որդիներ ենք, բայց այն, ինչ լինելու ենք, տակավին չի հայտնվել». սա հավատքն է: Եվ շարունակում է. «Մենք գիտենք, որ այն ժամանակ լինելու ենք Նրա նման, որովհետև Նրան տեսնելու ենք այնպես, ինչպես Նա կա» (1Հվհ 3, 2). սա հայեցողությունն է:
[...] Հիսուսը նրանց, ովքեր հավատացել էին Իրեն, ասաց. «Եթե իմ խոսքի մեջ մնաք, իսկապես իմ աշակերտները կլինեք, կճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հվհ 8, 31-32): Նրանք հավատում էին, սկսում էին ընթանալ Քրիստոսի մեջ այնպես, ինչպես ճանապարհի վրա: Ահա՛ թե ինչու տվեց նրանց ընթանալ մինչև նպատակակետը: Նպատակակետ, որն Ինքը ավետեց. «Ճշմարտությունը ձեզ կազատի»: Կազատի ինչի՞ց, եթե ոչ [...] ապականությունից ու մահից:
Այս ճամփորդությունը, այս ճանապարհը՝ հավատքը, ստիպում է ինձ կրկնել Առաքյալի խոսքերը. «Սիրելիներ, այսպիսի խոստումներ ունենալով, մաքրվենք մարմնի և հոգու բոլոր աղտերից, մեր սրբացումը կատարելագործելով Աստծո երկյուղի մեջ» (2Կր 7, 1):
Կան ոմանք, ովքեր նախքան հավատալը կկամենային ինքնուրույն բացահայտել մաքուր ու անփոփոխ ճշմարտությունը: Բայց միայն հավատքը և մաքրագործված սիրտը նրանց թույլ կտան տեսնելու այն. «Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն» (Մտթ 5, 8): Այլապես կնմանվեին կույրերի, որոնք կարծում են, թե կբուժվեն, իրենց հանգած աչքերն ուղղելով դեպի արևը:
Ո՞վ երբևէ կարող է տեսնել նրա լույսը նախքան տեսողությունը վերագտնելը: [...]
 
***
 
ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, Ճառեր, XXIII, 18 (PL 38, 162).
 
 
[...] Երկու մարդիկ, ովքեր ուզում են տեսնել արևածագը, իսկապես հիմար կլինեին, եթե սկսեին վիճաբանել այն կետի շուրջ, որտեղից արևը ծագելու է, կամ արևածագը դիտելու կերպերի շուրջ, ապա վիճաբանությունը սաստկացնելով դարձնեին կռիվ, հասնեին միմյանց ծեծելու և, կռվի թունդ պահին, մեկը մյուսի աչքերը հանեին: Այդ ժամանակ արշալույս դիտելու հարց չէր լինի այլևս:
[...] Մենք, որ ուզում ենք տեսնել Աստծուն, մաքրենք մեր սիրտը հավատքի միջոցով, բուժենք խաղաղության դարմանով, քանի որ եռանդը, որով փոխադարձաբար սիրում ենք մեկս մյուսիս, արդեն իսկ պարգևներից մեկն է Նրա, դեպի ում են բարձրանալով ուղղվում մեր հայացքները: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։