« ՍԻՐՈ ԴԵՄՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՍԻՐՈ ԴԵՄՔԸ »

Սբ. Օգոստինոսի (354-430) « Մեկնություն Հովհաննես Առաքյալի Ընդհանրական Առաջին Նամակի » աշխատությունից, 7, 10

 

[...] Աստված սեր է (1Հվհ 4, 9)։ Ինչպիսի՞ դեմք ունի սերը։ Ի՞նչ ձև ու կերպարանք ունի։ Ի՞նչ հասակ ունի։ Ինչպիսի՞ ոտքեր։ Ինչպիսի՞ ձեռքեր։ Ոչ ոք չի կարող ասել դա։ Եվ սակայն, ոտքեր ունի. բերում են քեզ Եկեղեցի։ Ձեռքեր ունի. գթությամբ տարածվում են դեպի աղքատները։ Աչքեր ունի. դրանց միջոցով, իրոք, կարող ենք հասկանալ, թե ո՛վ է կարիքի մեջ գտնվում. «Երանելի է նա, ով հասկանում է կարիքավորին ու աղքատին» (Սղմ 40, 2)։ Ականջներ ունի, որոնց մասին Տերն ասում է. «Ով ականջներ ունի լսելու, թող լսի» (Ղկս 8, 8)։ Խոսքը չի վերաբերվում միմյանցից բաժանված, տարբեր վայրերում գտնվող անդամների, այլ՝ ով սերն ունի, մտքով տեսնում է ամբողջը և միաժամանակ։

Դու, հետևաբար, բնակվիր սիրո մեջ, և սերը կբնակվի քո մեջ. մնա նրա մեջ, և այն կմնա քո մեջ։ Ի՞նչ է, եղբայրներս. մի՞թե մեկը սիրում է այն, ինչը չի տեսնում։ Բայց ինչո՞ւ է այնպես պատահում, որ երբ դրվատանքի խոսքեր են հյուսվում սիրո հասցեին, ոտքի եք կանգնում, ծափահարում եք, գովաբանում։ Ի՞նչ եմ ցույց տվել ձեզ։ Ինչ որ մի գեղեցիկ գո՞ւյն։ Ձեր դիմաց ոսկի կամ արծա՞թ եմ դրել։ Թանկագին քարե՞ր եմ դուրս հանել գանձանակից։ Մի՞թե նման ինչ որ մի բան եմ ցույց տվել ձեր աչքերին։ Կամ միգուցե իմ դե՞մքն է փոխվել, մինչ խոսում էի ձեզ։ Կրում եմ իմ մարմինը. այն միևնույն վիճակում եմ, որով որ եկել էի. դուք էլ միևնույն վիճակում եք, որով որ եկել էիք։ Սերը գովաբանվում է, և դուք ցնծում եք։ Ստույգ է, որ ոչինչ չեք տեսնում։ Ինչպես որ հաճելի է ձեզ այն, ինչը գովում եք, թող որ հաճո լինի ձեզ պահպանել դա ձեր սրտերում։

Հասկացեք այն, ինչ ձեզ ասում եմ, եղբայրներ. հորդորում եմ ձեզ, որքան որ տալիս է ինձ Տերը, որ տիրանաք մի մեծ գանձի։ Եթե ձեզ ցույց տայի քանդակազարդ, ոսկեզօծ, արվեստագիտական հմտությամբ աշխատված մի անոթ, կգրավեր ձեր հայացքները, կառինքներ ձեր սրտերի ցանկությունը. ձեզ հաճելի կլիներ գեղարվեստական վարպետությամբ կատարված աշխատանքը, արծաթի կշիռը, մետաղի փայլը։ Մի՞թե ձեզնից յուրաքանչյուրը չէր ասի. Երանի՜ թե այդ անոթն իմը լիներ։ Եվ դա կասեր առանց ինչ որ մի օգուտ քաղելու, քանի որ իրենը չէ։ Կարող է նաև պատահել, որ ինչ որ մեկը, այն ցանկանալով, մտածեր գողանալ այդ անոթը ուրիշների տնից։ Այստեղ հյուսվում է սիրո գովքը. եթե այն հաճելի է ձեզ, այն արդեն ձերն է, ունեք արդեն սերը։ Կարիք չկա գողություն անելու, կարիք չկա, որ մտածեք գնել այն. ձրի է։ Ամուր բռնեք այն, սեղմեք ձեր կրծքին. ոչինչ չկա նրանից ավելի քաղցր։ Եթե, երբ խոսում ենք նրա մասին, այսքա՜ն գեղեցիկ է, ինչպիսի՞ն կլինի, երբ ունենանք նրան։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։