« ՎԵՐԱԾՆՈՂ ՍԵՐԸ ՍՈՍԿ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԵՐԸ ՉԷ » – Գրադարան – Mashtoz.org

« ՎԵՐԱԾՆՈՂ ՍԵՐԸ ՍՈՍԿ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԵՐԸ ՉԷ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացու (354-430) « Ճառեր Հովհաննու Ավետարանի մասին » աշխատությունից, 65, 1-3 ։ CCL 36, 490-492 .

 

[...] Տեր Հիսուսն ասում է, որ նոր պատվիրան է տալիս Իր աշակերտներին, այն է, որ փոխադարձաբար սիրեն միմյանց. « Ձեզ նոր պատվիրան եմ տալիս. Որ դուք սիրեք մեկդ մյուսիդ » (Հվհ 13, 34)։

Բայց մի՞թե այս պատվիրանը գոյություն չուներ Տիրոջ հին օրենքում արդեն, ուր պատվիրված էր. « Պիտի սիրես մերձավորիդ ինչպես ինքդ քեզ » (Ղևտ 19, 18)։

Ուրեմն ինչո՞ւ է Տերը նոր անվանում այս պատվիրանը, որն այսքա՜ն հին է թվում։

Թերևս նոր պատվիրան է, որովհետև մեզ մերկացնում է հին մարդուց՝ մեզ նոր մարդով զգեստավորելու համա՞ր։ Այո՛, անկասկած։

Նորոգում է նրան, ով Իրեն լսում է, կամ ավելի ճիշտը՝ ով Իր հանդեպ հնազանդություն է դրսևորում։

Բայց սերը, որ վերածնում է, սոսկ մարդկային սերը չէ։

Այն սերն է, որը Տերը բնորոշում և որակավորում է հետևյալ խոսքերով. « Ինչպես որ ես ձեզ սիրեցի » (Հվհ 13, 34)։

Սա՛ է սերը, որ նորոգում է մեզ, որպեսզի դառնանք նոր մարդիկ, ժառանգորդներ Նոր Ուխտի, երգողներ նոր երգի։

Այս սերը, թանկագին եղբայրներ, նորոգեց հին ժամանակների արդարներին, նահապետներին ու մարգարեներին, ինչպես որ հետագայում նորոգեց առաքյալներին։

Այս սերն այժմ նորոգում է նաև բոլոր ժողովուրդներին, և երկրի վրա ցրված ողջ մարդկային զարմից կազմում է մի նոր ժողովուրդ, Աստծո Միածին Որդու նոր Հարսի մարմինը, որի մասին խոսվում է Երգ Երգոցում. « Ո՞վ է սա, որ ոտքի է կանգնում անարատությամբ փայլուն » (հմմտ. Երգ 8, 5)։

Անարատությամբ փայլուն, անշուշտ, որովհետև նորոգվել է։

Ո՞ւմ շնորհիվ է նորոգվել, եթե ո՛չ միայն՝ նոր պատվիրանի։

Սրա համար է, որ անդամները հոգատար են միմյանց հանդեպ փոխադարձաբար. և եթե անդամներից մեկը տառապում է, նրա հետ բոլորն են տառապում, իսկ եթե մեկը պատվի է արժանանում, բոլորն ուրախանում են իր հետ (հմմտ. 1Կր 12, 25-26)։

Լսում և գործադրում են այն, ինչ ուսուցանում է Տերը. « Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. որ սիրեք մեկդ մյուսիդ » (Հվհ 13, 34), բայց ո՛չ այնպես, ինչպես միմյանց սիրում են նրանք, ովքեր հրապուրում են, ո՛չ էլ այնպես, ինչպես սիրում են մարդիկ, սոսկ այն բանի համար, որ մարդիկ են։

Այլ՝ սիրեք այնպես, ինչպես սիրում են նրանք, ովքեր աստվածներ են և Բարձրյալի զավակները, լինելու համար Նրա միակ Որդու եղբայրներն ու քոյրերը։

Փոխադարձաբար միմյանց սիրելով այն սիրով, որով Նա Ինքը սիրեց մարդկանց՝ Իր քույրերին ու եղբայրներին, առաջնորդելու համար նրանց այնտեղ, ուր ցանկությունը հագենալու է բարիքներով (հմմտ. Սղմ 102, 5)։

Ցանկությունը լիովին կբավարարվի ու կհագենա, երբ Աստված կլինի ամեն ինչ ամենքի մեջ (հմմտ. 1Կր 15, 28)։

Սա՛ է սերը, որ մեզ պարգևում է Նա, Ով հանձնարարել է. « Ինչպես որ ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեցեք մեկդ մյուսիդ » (Հվհ 13, 34)։

Այս նպատակով է, ուրեմն, մեզ սիրել, որպեսզի մենք սիրենք միմյանց փոխադարձաբար։

Սիրում էր մեզ և դրա համար կամեցավ, որ կապված լինեինք փոխադարձ սիրով, որպեսզի լինեինք Գերագույն Գլխի Մարմինը, և անդամներ, որոնք միմյանց կապված են այսքա՜ն քաղցր զոդով։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։