« ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԵՐԿՈՒ ՀՈԳԻ ՀԱՄԱՍԻՐՏ ԵՆ, ՔՐԻՍՏՈՍԸ ՆԵՐԿԱ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԵՐԿՈՒ ՀՈԳԻ ՀԱՄԱՍԻՐՏ ԵՆ, ՔՐԻՍՏՈՍԸ ՆԵՐԿԱ Է »

Տերտուղիանոս (155? - 220?). « Հորդոր կնոջը », II, 9.
 
 
[...] Որտե՞ղ կարող եմ [պատշաճ] խոսքեր գտնել՝ նկարագրելու համար քրիստոնեական ամուսնության մեծությունն ու երջանկությունը։ Եկեղեցին պատրաստում է դաշինքը, Գոհաբանական Զոհը հաստատում է այն, օրհնությունը՝ կնքում է, հրեշտակներն իբրև վկաներ՝ գրանցում են, և Հայրը երկնքում՝ վավերացնում է։
Ինչպիսի՜ զույգ է սա, երկու քրիստոնյաների միությամբ կազմված զույգը. միայն մեկ հույսի, միայն մեկ փափագի, միայն մեկ կանոնի, միայն մեկ ծառայության մեջ միացած։ Երկուսն էլ միևնույն Հոր զավակներն են, միևնույն Տիրոջ ծառաները, [...] ճշմարտապես երկու անձ են միայն մեկ մարմնի մեջ (Մտթ 19, 5)։ Ո՛ւր մարմինը մեկ է, մե՛կ է հոգին։
Միասին աղոթում են, միասին պաշտում, միասին պահում են ծոմերն ու պահքերը։ Միմյանց փոխադարձաբար ուսուցանում են, միմյանց փոխադարձաբար հորդորում, միմյանց փոխադարձաբար քաջալերում։
Մեկը և մյուսը հավասար են Աստծո Եկեղեցում, հավասար՝ Աստծո խնջույքի մեջ, միմյանց միջև կիսում են աղքատությունն ու առատությունը, հալածանքները, մխիթարությունները։ Նրանց միջև՝ ո՛չ մի գաղտնիք, ո՛չ մի կեղծիք, [արհեստական] վշտի ո՛չ մի պատճառ։ Ամենայն ազատությամբ՝ այցելում են հիվանդներին, օգնում են կարիքավորներին. ողորմություն տալու հանդեպ՝ ո՛չ մի չկամություն, զոհողություն կատարելու հանդեպ՝ ո՛չ մի երկմտանք, ամենօրյա պարտականությունների պահպանման հարցում՝ ո՛չ մի արգելակ։ Երբեք չեն խաչակնքվում գաղտագողի կերպով, ողջույն չեն տալիս անհանգիստ սրտով, չեն խուսափում բարձրաձայն օրհնելուց(*)։ Նրանց երկուսի միջև հնչում են սաղմոսներ ու տաղեր։ Եթե կա նրանց միջև մրցակցություն, վերաբերվում է այն բանին, թե երկուսից ո՛վ է երգում Տիրոջն ամենահաճելի շարականը։ Քրիստոսն ուրախանում է սա տեսնելով և այս համերգին ի լուր։ Նրանց առաքում է Իր խաղաղությունը։ «Այնտեղ, ուր երկու հոգի միացած են», Նա Ինքը ներկա է։ Այնտեղ, ուր Ինքը ներկա է, տեղ չկա սատանայի համար։ [...]
(*) Խոսքը վերաբերվում է քրիստոնեական ողջույնին, գրկախառնությանը, խաղաղության համբույրին, և միմյանց Ամենասուրբ Երրորդության անունով օրհնելուն (Հոր և Որդու և Սուրբ Հոգու Անվամբ)։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։