1. - Աղոթք Մեկ և Եռանձն Աստծուն (Օգոստինոս Հիպպոնացի) – Գրադարան – Mashtoz.org

1. - Աղոթք Մեկ և Եռանձն Աստծուն (Օգոստինոս Հիպպոնացի)

[...] Տե՜ր մեր Աստված, հավատում ենք Քեզ՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Որովհետև Ճշմարտությունը չէր ասի. «Գնացե՛ք, բոլոր ազգերին մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մտթ 28, 19), եթե Դու Երրորդություն չլինեիր: Եվ ո՛չ էլ կպատվիրեիր, Տե՜ր Աստված, որ մկրտվեինք ինչ որ մեկի անունով, ով Տեր Աստված չլիներ: Եվ աստվածային ձայնը չէր ասի. «Լսի՛ր, Իսրայել. Տերը` քո Աստվածը, մեկ Աստված է» (2Օր 6, 4), եթե Դու Երրորդություն չլինեիր մի այնպիսի ձևով, որ [միաժամանակ] լինեիր [նաև] միայն մեկ Տեր և Աստված:

Եվ եթե Դու լինեիր Հայր Աստվածը և լինեիր նաև Որդին՝ Քո Բանը՝ Հիսուս Քրիստոսը, և ձեր պարգևը՝ Սուրբ Հոգին, մենք Սրբազան Գրվածքներում չէինք կարդա. «Աստված ուղարկեց Իր Որդուն» (Գղտ 4, 4; Հվհ 3, 17), և ո՛չ էլ Դու, ո՜վ Միածին, Սուրբ Հոգու մասին կասեիր. «Նա, Ում Հայրը կուղարկի իմ անունով» (Հվհ 14, 26), և. «Նա, Ում ես կուղարկեմ Հոր մոտից» (Հվհ 15, 26):

Ուղղելով ուշադրությունս դեպի հավատքի այս կանոնը՝ որքան որ կարողացա, որքան որ Դու շնորհեցիր ինձ կարողանալ, փնտրեցի Քեզ և փափագեցի բանականությամբ տեսնել այն, ինչին հավատացի. և շատ վիճաբանեցի ու շատ չարչարվեցի: Տե՜ր իմ Աստված, իմ միակ հույս, լսի՜ր ինձ և այնպե՛ս արա՜, որ հոգնածության պատճառով չդադարեմ փնտրել Քեզ, այլ` թող որ միշտ եռանդով փնտրեմ Քո երեսը: Դո՛ւ տուր ինձ փնտրելու ուժը, Դո՛ւ, որ թույլ տվեցիր գտնել Քեզ, և ինձ հույս տվեցիր` գտնելու Քեզ միշտ ավելի ու ավելի կատարյալ ճանաչողությամբ: Քո առջև են իմ ուժն ու իմ տկարությունը. պահպանի՜ր մեկը, բժշկի՜ր մյուսը: Քո առջև են իմ գիտությունն ու իմ տգիտությունը. այնտեղ, որտեղ դուռը բացել ես իմ առաջ, ընդունի՜ր ինձ, երբ ներս եմ մտնում. այնտեղ, որտեղ փակել ես, բացի՜ր իմ առաջ, երբ բախում եմ: Շնորհի՜ր, որ հիշեմ Քեզ, որ հասկանամ Քեզ, որ սիրեմ Քեզ: Ավելացրո՜ւ իմ մեջ այս պարգևները, մինչև որ Դու ինձ կփոխակերպես ամբողջովին:

Գիտեմ, որ գրված է. «Շատախոսության մեջ մեղքը չի պակասում» (Առկ 10, 19), բայց երանի՜ թե կարողանայի խոսել միմիայն Քո խոսքը քարոզելու և Քո գովքը երգելու համար: Այդ ժամանակ ո՛չ միայն կխուսափեի մեղքից, այլ նաև` թանկարժեք արժանիքներ ձեռք կբերեի, շատ խոսելով հանդերձ: Որովհետև այն մարդը, որի երջանկությունը Դու էիր, իր հավատքի հարազատ որդուն չէր պատվիրի մեղանչել, երբ նրան գրում էր. «Քարոզի՛ր խոսքը, պնդի՛ր ժամանակին և տարաժամ» (2Տմ 4, 2): Մի՞թե պիտի ասվի, թե շատ է խոսել նա, ով չէր լռում Քո խոսքը հռչակելուց, Տե՜ր, ո՛չ միայն ժամանակին, այլ նաև` տարաժամ: Բայց այնտեղ շատ խոսքեր չկային, որովհետև կար միայն այն, ինչը որ անհրաժեշտ էր:

Ազատի՜ր ինձ, ո՜վ Աստված իմ, այն շատախոսությունից, որով տառապում եմ իմ խեղճ հոգու ներսում Քո ներկայությամբ, և որն(1) ապավինում է Քո ողորմությանը: Արդարև, միտքս չի լռում, նույնիսկ երբ լռում է իմ բերանը: Եթե գոնե չմտածեի ուրիշ ոչինչ, բացի այն բաներից, որոնք հաճելի են Քեզ, ապա անշուշտ չէի աղոթի Քեզ՝ ինձ շատախոսությունից ազատելու համար: Բայց բազմաթիվ են իմ մտքերը, այնպիսին` ինչպիսին Դու գիտես, որ մարդկանց մտքերն են, այսինքն՝ ունայն: Շնորհի՜ր ինձ չհամաձայնվել դրանց հետ, և նույնիսկ երբ դրանց մեջ որևէ հաճույք եմ գտնում, գոնե դատապարտեմ դրանք և չհանձնվեմ դրանց, ինչպես մի տեսակ քնի մեջ: Եվ թող որ դրանք իմ վրա այնքան ուժ չհավաքեն, որ կարողանան որևէ կերպ ազդել իմ գործունեության վրա, այլ` դրանց հոսանքից ապահով լինեն գոնե իմ դատողությունները, ապահով լինեն իմ գիտակցությունն ու իմ խիղճը՝ Քո պաշտպանությամբ:

Քո մասին խոսելիս՝ մի իմաստուն մարդ իր գրքում, որ կոչվում է Սիրաքի Իմաստություն, ասել է. «Շատ բան կարող էինք ասել` առանց հասնելու նպատակին, բայց բոլոր խոսքերի գումարը սա է. Նա ամեն ինչ է(2)» (Սրք 43, 29): Երբ, ուրեմն, կհասնենք Քո ներկայությանը, կդադարեն այս «բազում խոսքերը, որոնք ասում ենք՝ առանց Քեզ հասնելու». կմնաս Դու` Միակդ, Ամեն Ինչդ ամենքի մեջ (1Կր 15, 28), և մենք անվերջ կասենք միայն մեկ խոսք՝ գովաբանելով Քեզ մեկ միասնական սլացքով և մենք էլ միայն մեկ բան դարձած Քո հետ:

Տե՜ր, միա՜կ Աստված, Աստված-Երրորդություն, թող որ յուրայիններդ նույնպես ընդունակ լինեն երախտագետ լինելու Քեզ այն ամենի համար, ինչը որ Քոնն է այս գրքերում գրածներիս մեջ: [Իսկ] եթե դրանց մեջ կա մի բան, որ իմն է, իմ հանդեպ ներողամի՜տ եղիր Դու և թող որ ներողամիտ լինեն նրանք, ովքեր Քոնն են: Ամեն: [...]

 

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Երրորդության մասին », 15, 51.

(1) Այսինքն՝ հոգին։
(2) Կամ. «Նա ամբողջն է»։ Կամ էլ. «Նա ամենքի մեջ է»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։