1. - Աստծո էության մի ընդարձակ սահմանում (Հովհան Դամասկացի) – Գրադարան – Mashtoz.org

1. - Աստծո էության մի ընդարձակ սահմանում (Հովհան Դամասկացի)

[...] Անստեղծ և անսկիզբ, անմահ, անհուն, հավիտենական, աննյութական, բարի, արարիչ, արդար, լույսի լիություն, անփոփոխ, անչարչարելի, անպարագիր, անբովանդակելի, անսահմանելի, անսահմանափակ, անտեսանելի, ավելի մեծ, քան կարելի է պատկերացնել։ Ո՛չ մի բանի կարիք չունի, բացարձակ տեր և անբեկանելի դատավոր, ամենայնի տեր, կյանքի պարգևատու, ամենակալ, սրբացնող և առատաձեռն, պատում և իր մեջ բովանդակում է բոլոր բաները և ամեն ինչի հանդեպ խնամք է դրսևորում։

Այս բոլոր ստորոգելիները, և նման ա՛յլ ստորոգելիները, Նա ունի ըստ Իր էության, առանց դրանք ուրիշից ստացած լինելու, այլ՝ ընդհակառակը, Ինքն է Իր արարածներին հաղորդակից դարձնում բոլոր բարիքներին՝ յուրաքանչյուրի կարողության համաձայն։

Աստվածային Անձերի միջև գոյություն ունի մի փոխադարձ համագոյություն և փոխներթափանցում (Նրանք, արդարև, չեն կարող առանձնացվել կամ բաժանվել, քանի որ միաձուլվում են միմյանց հետ՝ առանց, սակայն, շփոթվելու. այսինքն՝ ո՛չ թե այնպես, կարծես խառնված կամ շփոթված լինեն, այլ՝ սերտորեն միմյանց կապված)։ Որդին, արդարև, Հոր և Սուրբ Հոգու մեջ է. Հոգին, նմանապես, Հոր և Որդու մեջ. Հայրը, ի վերջո, Որդու և Սուրբ Հոգու մեջ. ամբողջը այնպես, որ որևէ խառնում կամ շփոթություն տեղի չունենա։

Գոյություն ունի միություն և ինքնություն շարժման մեջ, քանի որ երեք Անձերի մղումը և շարժումը մեկն է, ինչը հնարավոր չէ գտնել ստեղծված բնության մեջ։

Բացի այդ, աստվածային շողարձակումն ու գործողությունը մեկն է, պարզ, անբաժան, և բաղադրյալ էակների մեջ գործում է տարբեր ձևերով, համաձայն այն բանի, թե ինչպե՛ս է արդարացի երևում, բաշխելով բոլորին այն, ինչը որ կազմում և իրականացնում է յուրաքանչյուրի բնությունը։ Այդուհանդերձ, սակայն, Նա մնում է պարզ, արտահայտվելով՝ առանց բաժանելի բաների մեջ բաժանվելու, այնպիսի ձևով, որ հավաքի և Իր սեփական պարզությանը վերադարձնի այդ բաժանելի բաները։

Ամեն ինչ, արդարև, ձգտում է դեպի Աստված և Նրա մեջ գտնում է իր սեփական գոյության իմաստը. Նա Ինքն է գոյություն տալիս ամեն ինչի՝ յուրաքանչյուրի բնության համաձայն։ Աստված գոյություն ունեցող բաների էությունն է, կյանքը նրանց, ովքեր ապրում են. բանականությամբ օժտված արարածների բանական պատճառն է, իմացական արարածների իմացականությունը. մնալով հանդերձ, Իր կողմից, մտքից, բանականությունից, կյանքից վեր. գոյությունից վեր։

Աստվածային էությունը թափանցում է ամեն ինչի մեջ՝ երբեք չշփոթվելով դրանց հետ. ընդհակառակը, ոչինչ չի կարող թափանցել նրա մեջ։ Նմանապես, Իր պարզ գիտությամբ Նա ամեն ինչ գիտի։ Իր աննյութական աչքով, որ քննում է ամենուր, Աստված մեկ հայացքով ընդգրկում է բոլոր բաները՝ ներկայի և անցյալի և ապագայի, նախքան դրանց տեղի ունենալը։ Նա երբեք չի ընկնում մեղքի մեջ, այլ՝ Ինքն է թողություն տալիս հանցանքներին և շնորհում է փրկությունը։ Մի խոսքով, Աստված կարող է այն ամենը, ինչ կամենում է. բայց չի կամենում այն ամենը, ինչ կարող է։ Իրոք, Նա կարող էր կործանել աշխարհը, բայց դա չի կամենում։ [...]

 

Սբ. Հովհան Դամասկացի (մոտ 675-749), « Ուղղափառ հավատքի մասին », 1, 14.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։