
1. - Աստծո մասին տրվող սահմանումների անբավարարությունը (Կղեմես Ալեքսանդրացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Ագրիջենտումացի մի բանաստեղծ Աստծո մասին ասում է. «Հնարավոր չէ տեսնել Նրան աչքերով, կամ շոշափել ձեռքերով. Աստծուն հասնելու լավագույն ուղին այն է, որ մարդիկ իրենց սրտում համոզվեն Նրա [գոյության] մեջ»[1]: Իսկ Հովհաննես Առաքյալն ասում է. «Աստծուն ոչ ոք երբևէ չի տեսել. միածին Աստվածը, որ Հոր ծոցում է, Նա՛ հայտնեց Նրան» (Հվհ 1, 18):
Անդրադառնալով «Աստծո ծոց» արտահայտությանը, որն ինքնին շվարեցնող և խորհրդավոր [արտահայտություն] է, ոմանք Տիրոջը սահմանել են որպես անդունդ, որն իր ներսում ընդգրկում և պարփակում է գոյություն ունեցող ամեն ինչ՝ մնալով անհասանելի որևէ մեկի համար, իր անսահմանության մեջ:
Անկասկած, Աստծո մասին խոսելը չափազանց դժվարին է: Իրոք, եթե որևիցէ մի բանի սկզբնավորումը քննելն արդեն հեշտ գործ չէ, ապա ի՜նչ ասել սկզբունքներից առաջինի և հնագույնի մասին, որը նաև գոյություն ունեցող ամեն ինչի լինելության և դառնալիության պատճառն է: Մյուս կողմից, ինչպե՞ս կարելի է սահմանում գտնել մի բանի համար, որը չի հանդիսանում ո՛չ սեռ, ո՛չ տարբերություն, ո՛չ տեսակ, ո՛չ անհատ, ո՛չ քանակ, և ո՛չ էլ մի բան, որը կատարում կամ կրում է որոշակի երևույթ:
Ոչ ոք չի կարող Նրան իրավամբ անվանել «ամբողջություն». Նա, արդարև, սահմանվում է որպես «ամբողջություն» իր մեծության պատճառով, բայց, որոշակի իմաստով, ամեն ինչի հայրն է: Մյուս կողմից, չի կարելի ասել, թե Նրա մեջ կա մասերի բազմազանություն, քանի որ Մեկն անբաժանելի է: Մանավանդ թե, հե՛նց դրա համար էլ Նա անսահման է. այսինքն՝ ո՛չ թե այն իմաստով, որ բացատրելի չէ, այլ՝ որովհետև զուրկ է չափերից ու մասերից, պատկերից ու սահմանումից: Եվ եթե երբեմն Նրան անվանում ենք ո՛չ պատշաճ կերպով՝ կոչելով Նրան Միակ, Բարիք, Միտք, «Նրան, Ով արդարև Է՛» Հայր, Աստված, Արարիչ, Տեր, մենք ո՛չ թե արտասանում ենք Նրա ճշմարիտ Անունը, այլ՝ գործածում ենք գեղեցիկ սահմանումներ՝ ճշմարիտ Անվան բացակայության պատճառով: Մեր միտքն, այսպիսով, առանց լիովին մոլորվելու վտանգի, կկարողանա ունենալ գոնե մի քանի հավաստի հենակետ:
Այս սահմանումներից և ո՛չ մեկն, իրոք, առանձին վերցված, չի տալիս Աստծո համարժեք հասկացությունը. այնուամենայնիվ, իրենց ամբողջության մեջ վերցված, դրանք գոնե գաղափար են տալիս Ամենակարողի զորության մասին: Երբ սահմանվում է ինչ որ մի բան, մենք այն մատնանշում ենք կա՛մ նրա մեջ եղածի, կա՛մ ա՛յլ բաների հետ ունեցած իր հարաբերության միջոցով. բայց Աստծուն սահմանելու համար հնարավոր չէ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը:
Գիտությունն էլ չի կարող վավերական համարվել այս նպատակի համար, քանի որ այն ենթադրում է նախորդող և ճանաչված տարրեր, մինչդեռ ոչինչ չկա «Անծնունդից» առաջ:
Մնում է միակ ուղին՝ ճանաչելու համար այն, ինչը որ մեզ անհայտ է. Աստծո շնորհը և միակ Բանը[2], որ Նրա մոտ է[3]: Ղուկասը նույնպես, Առաքյալների Գործեր գրքում, հիշատակում է, որ Պողոսն այս կերպ է խոսել. «Ո՜վ աթենացիներ, տեսնում եմ, որ դուք ամեն հարցում չափազանց կրոնասեր եք: Քանի որ մինչ շրջում էի և դիտում այն արձանները, որոնց դուք պաշտում եք, նկատեցի նաև մի բագին, որի վրա գրված էր. ԱՆԾԱՆՈԹ ԱՍՏԾՈՒՆ: Արդ, ես ձեզ քարոզում եմ Նրան, Ում դուք, առանց ճանաչելու անգամ, արդեն իսկ պաշտում եք» (Գրծ 17, 22-23): [...]
Սբ. Կղեմես Ալեքսանդրացի (150-215), « Երկեր », Ե, 81, 2 - 82, 4.