
1. - Արարչի անհամեմատելի գերազանցությունը (Ամբրոսիուս Մեդիոլանումացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծնդ 1, 1): Այս խոսքերով Մովսեսը հռչակում է, միաժամանակ, գոյությունների սկիզբը, աշխարհի Արարչին և նյութի արարումը. և սա այն պատճառով, որ դու իմանաս, որ Աստված գոյություն ուներ նախքան աշխարհի սկիզբը, և որ Նա է ամեն ինչի սկիզբը. – ինչպես որ Ավետարանում Աստծո Որդին, նրան, ով Իրեն հարցրել էր. «Դու ո՞վ ես», պատասխանեց. «Սկիզբն եմ, որ խոսում եմ ձեր հետ» (Հվհ 8, 25). – և որպեսզի դու իմանաս նաև, որ Աստված է սկիզբ տվել բոլոր արարված բաներին, որ Նա է աշխարհի Հեղինակը, ո՛չ իբրև մի գաղափարի գործադրողը, որին պետք էր նմանակել նյութի մեջ, կարծես թե Նա Իր գործը կատարում էր ո՛չ թե Իր որոշող կամքով, այլ` Իրեն առաջադրված մի սկզբնօրինակի համաձայն: Եվ իրավամբ է ասվում. «Սկզբում ստեղծեց», որովհետև այդ կերպ արտահայտվում է Նրա գործողության անըմբռնելի արագությունը, որի հետևանքները ներկայացվում են նախքան գործի իսկ սկզբնավորության մասին խոսելը։ [...]
Այս կերպ մարդիկ կհասկանային Արարչի անհամեմատելի գերազանցությունը, Ով այդքա՜ն մեծ գործն ավարտեց այնքա՜ն կարճ ու ակնթարթային պահի մեջ, որ Նրա կամքի իրագործումը կանխեց ամեն տեսակ ընկալելի ժամանակվա: Ոչ ոք չտեսավ Նրան գործելիս, այլ` Նրա գործերը միայն ճանաչվեցին: Ինչպե՞ս կարող ես հապաղման մասին մտածել, երբ կարդում ես. «Որովհետև Նա ասաց, և եղան. հրամայեց, և ստեղծվեցին» (Սղմ 32, 9): Արվեստի կարիք չունեցավ, ուրեմն, ստիպված չեղավ ուժեր կիրառել Նա, Ով Իր կամքի մի ակնթարթի մեջ կատարեց մի այդքա՜ն վեհաշուք գործ. այն ամենը, ինչը չկար, Նա այնպես արեց, որ լինեին, և այնքա՜ն արագ, որ Նրա կամքը չկանխեց գործին, և ո՛չ էլ գործը՝ կամքին:
Դու հիանում ես գործով, փնտրում ես հեղինակին, հարցնում ես, թե ո՞վ սկիզբ տվեց այդքա՜ն վիթխարի աշխատանքին, ո՞վ այն այդքա՜ն արագ ավարտեց: Մովսեսն իսկույն տալիս է քեզ պատասխանը՝ հավելելով, որ «Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»: Լսեցիր, թե ո՛վ է Արարիչը. չես կարող կասկածել: Նա է, Ում անունով Մելքիսեդեկն օրհնեց Աբրահամին՝ բազմաթիվ ազգերի հորը, ասելով. «Օրհնյա՜լ թող լինի Աբրահամը բարձրյալ Աստծուց, Ով ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծնդ 14, 19): Եվ Աբրահամը հավատաց Աստծուն և բացականչեց. «Բարձրացնում եմ ձեռքերս դեպի բարձրյալ Աստվածը, Ով ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծնդ 14, 22): Տե՛ս, ուրեմն, որ սա մարդու հայտնագործությունը չէ, այլ` Աստծո ավետումը: Արդարև, Աստված [Ինքն] է այդ Մելքիսեդեկը, որ խաղաղության և արդարության Թագավորն է, և Նրա կյանքը ո՛չ սկիզբ ունի, ո՛չ էլ վախճան (Եբր 7, 3):
Ուստի զարմանալի չէ, որ Աստված, Ով անսկիզբ է, սկիզբ տվեց բոլոր գոյություններին, և այն, ինչը որ չկար, սկսեց գոյություն ունենալ: Զարմանալի չէ, որ Աստված, Ով ամեն ինչ բովանդակում է Իր զորության մեջ և ամեն ինչի փարվում է Իր անըմբռնելի վեհությամբ, ստեղծեց տեսանելի գոյությունները՝ [նախապես] ստեղծած լինելով նաև անտեսանելիները: Եվ ո՞վ է ժխտում, որ անտեսանելի գոյությունները գերազանցում են տեսանելիներին: «Տեսանելիները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական» (2Կր 4, 18): Եվ ո՞վ կարող է կասկածել, որ Աստված է ստեղծել դրանք, Նա, որ Մարգարեի բերանով ասում է. «Ո՞վ է չափել ջուրը ձեռքով, և երկինքը՝ թիզով, և երկիրը՝ բռով: Ո՞վ է դրել լեռները կշեռքի վրա, ժայռերը՝ նժարի մեջ, և անտառները` դրա լծի վրա։ Ո՞վ ճանաչեց Տիրոջ մտքերը, ո՞վ եղավ Նրան խորհրդատու, կամ ո՞վ սովորեցրեց Նրան» (Ես 40, 12...): Նրա մասին մի ուրիշ տեղում կարդում ենք. «Նա Իր ձեռքերի մեջ է պահում երկրի շրջագիծը և աշխարհը ստեղծել է իբրև ոչինչ» (Ես 40, 22-23): Եվ Երեմիան բացականչում է. «Աստվածները, որոնք չեն ստեղծել երկինքն ու երկիրը, անհետանալու են այս երկրի վրայից և երկնքի տակից: Տերն է, որ ստեղծել է երկիրն Իր զորությամբ և հաստատել է տիեզերքն Իր իմաստությամբ, որ Իր հանճարով տարածել է երկինքը` սփռելով ջրերը, որ նրա վերևում են գտնվում» (Երմ 10, 11-12): Եվ հավելում է. «Մարդը դյութվել է իր գիտությամբ» (Երմ 10, 14): Ով հետևում է այս աշխարհի ապականացու իրականություններին և խաբվելով կարծում է, թե դրանցով կարող է ճանաչել աստվածային բնության ճշմարտությունը, ինչպե՞ս կարող է չդյութվել խորամանկ սոփեստության նրբություններից:
Եթե լսում ես, ուրեմն, աստվածային այսքա՜ն խոսքեր, որոնք վկայում են քեզ, թե ինչպե՛ս է Աստված ստեղծել աշխարհը, չպետք է հավատաս, հետևաբար, թե այն անսկիզբ է։ [...] Իսկ այն, ինչը որ սկիզբ ունի, ունի նաև վերջ, ինչպես և ընդհակառակը՝ այն, ինչի համար սահմանված է վերջ, ստույգ է, որ ունեցել է սկիզբ: Իսկ որ մի օր աշխարհը հասնելու է իր վերջին, Փրկիչն Ինքը ուսուցանում է մեզ դա Իր Ավետարանում, ասելով. «Իրոք, անցնում է այս աշխարհի կերպարանքը» (1Կր 7, 31). «Երկինքն ու երկիրը կանցնեն [...] » (Մտթ 24, 35). և ապա. «Ահա՛, ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վախճանը» (Մտթ 28, 20):
Ինչպե՞ս կարող են պնդել, ուրեմն, թե աշխարհը հավիտենակից է Աստծուն, ինչպե՞ս կարող են արարածին ընկերակից դարձնել ամեն ինչի Արարչին, և ինչպե՞ս համարել արարածին Նրան հավասար: Ինչպե՞ս կարող են կարծել, թե նյութական մարմինը կարող է մերձենալ աստվածային բնության այդ անտեսանելի և անմատչելի աշխարհին: Մանավանդ որ, իրենց իսկ համոզմամբ, չեն համարձակվում ժխտել, որ այն, ինչի մասերը ենթակա են ապականության և փոփոխության, պետք է անհրաժեշտաբար, իր ամբողջության մեջ, ենթակա լինի այն սահմանափակումներին, որոնք վերաբերվում են մասերին(1): [...]
Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի (339/340-397), « Արարչագործության վեց օրերի մասին », 1, 5.8-11.
(1) Ամբրոսիուսը դատապարտում է նյութի (մատերիայի) հավերժության գաղափարը: