10. - Ձևը՝ մնայուն տարրը անցողիկի մեջ (Օգոստինոս Հիպպոնացի) – Գրադարան – Mashtoz.org

10. - Ձևը՝ մնայուն տարրը անցողիկի մեջ (Օգոստինոս Հիպպոնացի)

[...] Ինչպես որ հոգին մարմնի ամբողջ կյանքն է, այնպես էլ Աստված հոգու երանելի կյանքն է։ [...] Եվ որտե՛ղ էլ որ դու շրջվես դեպի Իրեն, Նա քո հետ խոսում է այն հետքերի միջոցով, որոնք թողել է Իր արարչագործության մեջ։ Եվ եթե դու կրկին ընկնում ես արտաքին աշխարհի մեջ, Նա քեզ հետ է կանչում դեպի ներքինը՝ այն ձևերի միջոցով, որոնք դրոշմել է հենց այդ ստորին աշխարհում. և սա [այն բանի համար է], որպեսզի դու տեսնես, թե ինչպե՛ս այն ամենը, ինչը քեզ գրավում է մարմնական ոլորտում և քեզ հրապուրում է ապրելու զգացողությամբ, կարգավորված է թվով։ Դու պետք է փնտրես, ուստի, թե որտեղի՛ց է այն սկիզբ առնում. պետք է վերադառնաս քո մեջ և խորհես, որ դու չէիր կարողանա ո՛չ գնահատել, ո՛չ էլ արհամարհել այն, ինչին դիպչում ես մարմնական զգայարաններով, եթե քո մեջ չկրեիր գեղեցկության ճշգրիտ օրենքը, որին դու միշտ հանգեցնում ես այն գեղեցիկը, որն արտաքուստ քաղում ես զգայարաններով։

Նայի՛ր երկնքին ու երկրին և ծովին, և այն ամենին, ինչ նրանցում փայլում է վերևում կամ սողում ներքևում, թռչում է կամ լողում։ Նրանք ունեն ձևեր, որովհետև ունեն հստակ թվային հարաբերություններ. խլիր նրանցից սա, և նրանք այլևս ոչինչ կլինեն։ Ուրեմն որտեղի՞ց են նրանք գալիս, եթե ո՛չ՝ Նրանից, Ումից սերում է թիվը։ Արդարև, նրանք գոյություն ունեն միայն այնքանով, որքանով թիվ են։ [...]

Այնուհետև, դիտարկի՛ր արվեստը, որից նրանք բոլորը սկիզբ են առնում. քննի՛ր նրա ժամանակն ու նրա վայրը. այն ինչ որ մի ժամանակի մեջ չէ, ինչ որ մի վայրի մեջ չէ, այլ՝ նրա մեջ ապրում է թիվը։ Նրա դիրքը տարածության մեջ չէ, և նրա տարիքը չի չափվում օրերով, և սակայն, երբ խոսքը վերաբերվում է արվեստ սովորելուն, նրանք, ովքեր ցանկանում են արվեստագետ դառնալ, իրենց մարմինը շարժում են դեպի մի վայր և մի ժամանակի մեջ, բայց իրենց հոգին շարժում են ժամանակից վեր, քանի որ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեծ փորձ են ձեռքբերում։ Բարձրացիր, ուստի, արվեստագետի հոգուց վեր՝ տեսնելու համար նրա մեջ թիվը, որ տևում է հավերժ. իմաստությունն իսկույն կշողա քո ներսում իր նստավայրից՝ ճշմարտության հենց այդ գաղտնի սենյակից։ [...]

Եթե դու, ուրեմն, տեսնում ես ինչ որ մի անցողիկ բան, այն ընկալել չէիր կարողանա ո՛չ մարմնի զգայարաններով, ո՛չ էլ հոգու խորհրդածությամբ, եթե այն հաստատված չլիներ ձևի և թվի մեջ, առանց որի՝ այն կվերադառնար ոչնչության մեջ։ Ուստի մի՛ կասկածիր. որպեսզի այս անցողիկ էակը չնվազի իր ընթացքի մեջ, այլ՝ շարունակվի իր շարժման դանդաղության և իր ձևի բազմերանգ զանազանության մեջ՝ կարծես ժամանակների ընթացքում չափվելով ինչպես բանաստեղծական տողերը, դրա համար գոյություն ունի մի հավերժական և անփոփոխ ձև, որը չի շարժվում տարածության մեջ՝ կարծես այս ու այն կողմ թափառելով, չի ընդարձակվում և չի փոխվում ժամանակի մեջ. այլ՝ նրա շնորհիվ են այստեղ բոլոր բաները ձևավորվում և կարողանում լրացնել ու կատարել տարածության և ժամանակի իրենց թվային գործը։ [...]

 

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Ազատ կամքի մասին », 2, 16, 41-44.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։