11. - Աստծո ամենուրեքությունը (Հիլարիուս Պիկտավիումացի) – Գրադարան – Mashtoz.org

11. - Աստծո ամենուրեքությունը (Հիլարիուս Պիկտավիումացի)

[...] Երկնքի ողջ անհունությունը Աստծո ափի մեջ է, և երկրի ողջ ընդարձակությունը պարփակված է նրա բռունցքի մեջ: Սակայն Աստծո խոսքը, եթե անշուշտ օգնում է մեզ կազմելու աստվածպաշտությամբ ճառագայթող մի գաղափար, խորը ըմբռնման համար առավել նշանակություն ունի, քան որքան որ արտաքուստ ընկալվում է:

Արդարև, երկինքը, որ պարփակված է Աստծո ափի մեջ, նաև Նրա գահն է. իսկ երկիրը, որ բովանդակված է Նրա բռունցքի մեջ, նաև Նրա ոտքերի պատվանդանն է: Սակայն ո՛չ գահը, և ո՛չ էլ պատվանդանը չեն կարող մեկնաբանվել նստող մարմնի տարածական իմաստով, քանի որ այդ անհուն Էակը կարող է բռնել ու բռունցքի մեջ պարփակել այն, ինչն Իրեն ծառայում է որպես պատվանդան և գահ:

Սկզբում ստեղծված այս բոլոր իրականությունների մեջ, ներսում և դրսում, հարկավոր է ճանաչել Աստծուն որպես դրանց նկատմամբ անդրանցական, և միևնույն ժամանակ՝ ներգո, այսինքն՝ ամեն ինչին շրջապատող և ամեն ինչի մեջ ներթափանցող. արդարև, ամեն ինչ բովանդակող ափն ու բռունցքը բացահայտում են Նրա արտաքին տիրապետությունը բնության վրա, մինչդեռ գահն ու պատվանդանը բացահայտում են, որ բոլոր բաները ենթակա են Նրան՝ որպես այն, ինչը որ արտաքին է, նրան, ով գտնվում է ներսում: Այսպիսով Նա, Իր ամբողջականության մեջ, ամեն ինչ բովանդակում է Իր մեջ և Իրենից դուրս, որովհետև, Իր անհունության շնորհիվ, Նա հեռու չէ ամեն ինչից, և այնուամենայնիվ՝ բոլոր բաներն արտաքին են Նրա համար, որ անհուն է:

Աստծո մասին այս մտքերի մեջ, որոնք այդքա՜ն հագեցած են աստվածպաշտությամբ, հոգիս, ճշմարտության ուսումնասիրությամբ ամբողջովին տարված, գտավ իր հրճվանքը։ [...] Եվ մեր այս բարեպաշտ գիտելիքն ապա հստակ կերպով վերահաստատվեց Մարգարեի կողմից, որն ասում է. «Ո՞ւր կգնամ Քո հոգուց հեռու և ո՞ւր կփախչեմ Քո երեսից: Եթե բարձրանում եմ երկինք, Դու այնտեղ ես. եթե իջնում եմ դժոխք, այնտեղ էլ Դու ներկա ես: Եթե բացում եմ թևերս արևածագից առաջ և ապաստան եմ փնտրում ծովից այն կողմ, այնտեղ էլ Քո ձեռքն առաջնորդում է ինձ և Քո աջը գրկում է ինձ» (Սղմ 138, 7-10): Չկա մի վայր առանց Աստծո, և չկա մի վայր, որն Աստծո մեջ չէ: Նա երկնքում է և անդունդներում. Նա ծովերից այն կողմ է: Ներկա է նրանց ներսում, անցնում է նրանցից դուրս: Հետևաբար, Նա ունի և ունեցել է. Նա ինչ որ մեկի մեջ չէ, բայց ոչ ոքի համար Նա բացակա չէ: [...]

 

Սբ. Հիլարիուս Պիկտավիումացի (315-367), « Երրորդության մասին », 1, 6.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։