
11. - Ուրեմն ի՞նչ է իմ Աստվածը (Օգոստինոս Հիպպոնացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Բայց թերևս երկինքն ու երկիրը Քեզ բովանդակո՞ւմ են, որովհետև լի են Քեզնով, թե՞ Դու նրանց լցնում ես և դեռ ավելանում է Քեզնից, որովհետև Քեզ չեն բովանդակում։ Եվ արդյոք ո՞ւր ես լցնում Քեզնից ավելացած այդ մասը, լիացնելուց հետո երկինքն ու երկիրը: Կամ ավելի ճիշտ չէ՞, որ կարիքը չունես Քեզ բովանդակող ոչնչի, Դու, որ բովանդակում ես ամեն ինչ, որովհետև այն, ինչը որ լիացնում ես, բովանդակելով ես լիացնում: Իրոք, Քեզնով լի անոթները չէ, որ հաստատուն են դարձնում Քեզ: Եթե նույնիսկ նրանք ընդարձակվեն, Դու չես տարածվում. երբ հեղվում ես մեր վրա[1], ո՛չ թե Դու ցածրանում ես, այլ՝ մեզ բարձրացնում ես. ո՛չ թե Դու բաժանվում ես, այլ՝ մեզ միավորում ես: Սակայն, երբ լիացնում ես – ինչպես որ վարվում ես – էակներից յուրաքանչյուրին, լիացնում ես նրան ողջ էությամբդ։ Եվ հետևաբար, եթե տիեզերքի բոլոր էակները չեն կարողանում բովանդակել ամբողջ էությունդ, բովանդակում են թերևս մի փոքրիկ մասնի՞կ, և այդ միևնույն մասնիկը բոլորը միասի՞ն: Թե՞ յուրաքանչյուր էակ բովանդակում է մի առանձին մասնիկ, մեծերը՝ մեծ, փոքրերը՝ փոքր: Հետևաբար, գոյություն ունեն Քո մեջ մասնիկնե՞ր, ոմանք մեծ, ոմանք փոքր, թե՞ ամբողջական ես ամենուր և ոչինչ չի բովանդակում Քեզ ամբողջովին:
Ի՞նչ ես Դու, ուրեմն, Աստված իմ: Ուրիշ ի՞նչ ես, անշուշտ, եթե ո՛չ՝ մեր Տեր Աստվածը: Ո՞վ է, հիրավի, տեր, Տիրոջից բացի, ո՞վ է Աստված, Աստծուց բացի[2]: Ո՜վ Դու գերագույն, լավագույն, զորեղագույն, ամենակարող, ողորմած ու արդարագույն, մերձավոր ու ամենահեռու, գեղեցկագույն ու ամենաուժեղ, հաստատուն ու անըմբռնելի. անփոփոխ, որ ամեն բան փոխում ես. երբեք նոր, երբեք զառամյալ, նորոգող ամեն ինչի[3], որ առանց իրենց իմանալու՝ ծերացնում ես հպարտներին[4]. միշտ գործող, միշտ հանգիստ, որ հավաքում ես առանց կարոտության, որ կրում ես և լիացնում և պահում, որ ստեղծում ես և սնում և հասունացնում, որ փնտրում ես, մինչ ոչինչ Քեզ չի պակասում: Սիրում ես, բայց առանց խելագարվելու. նախանձախնդիր ես[5], բայց միշտ խաղաղ. զղջում ես[6] առանց տառապելու, զայրանում ես[7] առանց անդորրդ կորցնելու, փոփոխում ես գործերը, բայց ո՛չ երբեք ծրագիրը. ձեռք ես բերում այն, ինչ գտնում ես, առանց երբևէ կորցրած լինելու. ամենահարուստ՝ ուրախանում ես ձեռքբերումներովդ, երբե՛ք ագահ՝ պահանջում ես շահերդ[8], Քեզ փոխ է տրվում՝ Քեզ պարտապան ունենալու համար[9], բայց ո՞վ ինչ որ մի բան ունի, որն իրականում Քոնը չէ: Վճարում ես պարտքեր՝ առանց որևէ մեկին պարտական լինելու, ներում ես ու շնորհում՝ առանց որևիցէ մի բան կորցնելու:
Արդյոք ի՞նչ ասացի, Աստվա՜ծ իմ, կյա՜նք իմ, քաղցրությո՜ւն իմ սուրբ: Արդյոք ի՞նչ է ասում նա, ով խոսում է Քո մասին։ Եվ սակայն, տարաբախտ են նրանք, ովքեր լռում են Քո մասին, որովհետև համր շատախոսներ են[10]: [...]
Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Խոստովանություններ », 1, 3 - 1, 4.