12. - Անփոփոխի որոնումը, նաև հոգուց անդին (Օգոստինոս Հիպպոնացի) – Գրադարան – Mashtoz.org

12. - Անփոփոխի որոնումը, նաև հոգուց անդին (Օգոստինոս Հիպպոնացի)

[...] Հարցրո՛ւ երկրի գեղեցկությանը, հարցրո՛ւ ծովի գեղեցկությանը, հարցրո՛ւ տարածված ու սփռված օդի գեղեցկությանը։ Հարցրո՛ւ երկնքի գեղեցկությանը, հարցրո՛ւ աստղերի կարգին, հարցրո՛ւ արեգակին, որն իր պայծառությամբ լուսավորում է ցերեկը. հարցրո՛ւ լուսնին, որն իր շողով մեղմում է գիշերվա խավարը։ Հարցրո՛ւ ջրերում շարժվող, երկրի վրա քայլող, օդում թռչող գազաններին. հոգիներ, որ թաքնվում են, մարմիններ, որ երևում են. տեսանելին, որն առաջնորդել է տալիս իրեն, և անտեսանելին, որն առաջնորդում է։ Հարցրո՛ւ նրանց։ Բոլորը քեզ կպատասխանեն. «Նայի՛ր մեզ, մենք գեղեցիկ ենք»։ Նրանց գեղեցկությունը ճանաչել է տալիս նրանց։ Այս փոփոխական գեղեցկությունը [...] ո՞վ է ստեղծել այն, եթե ո՛չ՝ անփոփոխ Գեղեցկությունը։

Հե՛նց մարդու մեջ, ի վերջո, – բացահայտել և ճանաչել կարողանալու համար Աստծուն՝ ողջ տիեզերքի Արարչին, – հ՛ենց մարդու մեջ, ասում եմ, հարցաքննվեցին երկուսը՝ հոգին և մարմինը։ Հարցաքննողները հարցրեցին այն, ինչը որ հե՛նց իրենք էլ կրում էին. տեսնում էին մարմինը, բայց չէին տեսնում հոգին։ Տեսնում էին աչքերի միջոցով, բայց ներսում կար մեկը, որ նայում էր կարծես երկու պատուհանների միջով։ Եվ եթե այս բնակիչը հեռանում է, տունը փլուզվում է. եթե հեռանում է առաջնորդը, առաջնորդվողը վայր է ընկնում, և հե՛նց այն պատճառով, որ ընկնում է, ասում են, թե նա «մահացել է»[1]։ Մի՞թե նրա աչքերն անվնաս չեն։ Եվ սակայն, նույնիսկ եթե բաց են, ոչինչ չեն տեսնում։ Ահա՛ ականջները, բայց նա, ով լսում էր, հեռացել է. լեզուն մնում է որպես գործիք, բայց երաժիշտը, որ նվագում էր նրա վրա, այլևս չկա։

Հարցաքննողներն, ուստի, հարցրեցին այս երկուսին՝ մարմնին, որը տեսանելի է, և հոգուն, որն անտեսանելի է. և գտան, որ այն, ինչը չի երևում, ավելի լավն է, քան այն, ինչը երևում է. ավելի լավն է հոգին, որ թաքնվում է, նվազ լավն է մարմինը, որ տեսանելի է։ Տեսան մեկին և մյուսին. հարցաքննեցին նրանց, հետազոտության առարկա դարձրեցին և գտան, որ մարդու մեջ թե՛ մեկը և թե՛ մյուսը փոփոխական են։ Փոփոխական է մարմինը տարիքի պատճառով, որովհետև այն քայքայվում է, որովհետև սնվում է, որովհետև աճում է և հյուծվում, որովհետև ապրում է ու մեռնում։ Այնժամ դարձան դեպի հոգին, որն ընկալում էին որպես ավելի լավ մի բան և հիանում էին որպես անտեսանելի մի բան. բայց հայտնաբերեցին, որ այն նույնպես փոփոխական է. մերթ կամենում է, մերթ՝ ո՛չ. մերթ գիտի, մերթ՝ ո՛չ. մերթ հիշում է, մերթ՝ մոռանում. մերթ վախենում է, մերթ՝ համարձակվում. մերթ նվիրվում է իմաստությանը, մերթ՝ անձնատուր լինում հիմարությանը։ Տեսան, ուրեմն, որ այն փոփոխական է և այդ պատճառով անցան նրանից էլ այն կողմ. փնտրեցին, այդպիսով, անփոփոխ մի բան։ Եվ այս կերպ հասան Աստծո ճանաչողությանը։ [...]

 

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Ճառեր », 241, 2-3.

[1] Օգոստինոսի մայրենի լատիներենում «decessus» նշանակում է ընկած, հեռացած, բեմահարթակից դուրս ելած։ Հայրապետը, ուստի, մեկնաբանում է որպես «տեղը զիջած»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։