12. - Արեգակը՝ աստվածային զորության և ամենուրեքության պատկեր (Մարկուս Մինուցիուս Ֆելիքս) – Գրադարան – Mashtoz.org

12. - Արեգակը՝ աստվածային զորության և ամենուրեքության պատկեր (Մարկուս Մինուցիուս Ֆելիքս)

[...] Անշուշտ, այն Աստծուն, որին մենք պաշտում ենք, չենք կարող ո՛չ ցույց տալ, և ո՛չ էլ տեսնել: Բայց հե՛նց այս պատճառով է Նա մեր համար Աստված. որովհետև, այսինքն, մենք ընկալում ենք Նրան՝ չտեսնելով հանդերձ: Արդարև, աշխարհի բոլոր իրողությունների և բոլոր շարժումների մեջ մենք միշտ ներկա ենք տեսնում Նրա զորությունը. որոտի, կայծակի, փայլատակումների մեջ, ինչպես նաև՝ պարզ երկնքում: Չպետք է զարմանաս, որ չես կարող տեսնել Աստծուն. երբ քամին փչում է, ամեն ինչ շարժվում է, տատանվում ու ցնցվում. և սակայն, քամու շունչը ենթակա չէ մեր տեսողությանը:

Արեգակին, որն ինքնին թույլ է տալիս մեզ տեսնել, չենք կարող սևեռուն հայացքով նայել. նրա ճառագայթները թուլացնում են մեր աչքի սրությունը, նրան սևեռուն կերպով նայողի հայացքը խավարում է, և եթե նա համառի, նրա տեսողական ողջ ուժը կկործանվի: Այդ դեպքում ինչպե՞ս քո տեսողությունը կարող էր դիմանալ արեգակի Արարչին՝ լույսի աղբյուրին: Նրա փայլակի առջև դու հեռանում ես, և նրա որոտի առջև՝ թաքնվում: Դու կկամենայիր տեսնել Աստծուն մարմնական աչքերով, մինչդեռ չես կարող ո՛չ տեսնել, և ո՛չ էլ ընկալել քո իսկ սեփական հոգին, որը քեզ կյանք և խոսք է տալիս:

Դու կարծում ես, թե այս Աստվածը ոչինչ չգիտի մարդկային արարքների ու գործերի մասին. թե չի կարող երկնային Իր գահից իջնել դեպի բոլորը և ճանաչել բոլորին: Ո՜վ մարդ, դա մոլորություն է, մի պատրանք: Ինչպե՞ս է հնարավոր, որ Աստված հեռու լինի, եթե Նա լցնում է ողջ երկինքը, ողջ երկիրը և այն ամենը, ինչը որ մեր երկրագնդից այն կողմ է: Ամենուր Նա մեզ չափազանց մոտ է, մանավանդ թե՝ Նա մեր իսկ մեջ է: Դարձյալ դիտարկիր արեգակը. այն երկնքում է, և սակայն՝ նրա լույսը սփռվում է բոլոր տարածաշրջանների վրա. ամեն վայրում նա հավասարապես ներկա է, թափանցում է ամեն ինչի մեջ և ոչինչ չի կարող նսեմացնել նրա պայծառությունը. որքա՜ն ևս առավել Աստված, Ով ամեն ինչ ստեղծել և ամեն ինչին նայում է, Ում առջև ոչինչ չի կարող թաքնված մնալ, Ով ներկա է խավարի մեջ, ներկա է մեր մտքի մեջ, որն ինքնին մի ա՛յլ տեսակի խավար է: Մենք ո՛չ միայն գործում ենք Նրա աչքի առջև, այլ նաև, կուզենայի ասել, ապրում ենք Նրա հետ: [...]

 

Մարկուս Մինուցիուս Ֆելիքս (2-3-րդ դդ.), « Օկտավիուս », 32, 4.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։