
13. - Աստված գործում է ամենուրեք (Հովհան Դամասկացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Աստված, լինելով աննյութական և անսահման` ինչպես որ է, ոչ մի վայրում չէ: Մանավանդ թե, հե՛նց Ինքն է Իր իսկ վայրը, քանի որ լցնում է ամեն ինչ, տարածվում է ամեն ինչից վեր և ընդգրկում է ամեն ինչ:
Այդուհանդերձ, սակայն, ասում են, որ Նա գտնվում է մի վայրում, որը կոչվում է Աստծո վայր, որտեղ հայտնվում է Նրա ներգործությունը: Արդարև, Աստված Ինքը, առանց նվազագույն չափով անգամ խառնվելու, Իր [զորությամբ] ներթափանցում է բոլոր գոյությունների մեջ՝ դրանց հաղորդակից դարձնելով իր ներգործությանը՝ յուրաքանչյուրի կարողության և ընկալունակության համեմատ, մի մաքրությամբ, որը մերթ բնության պտուղ է, մերթ՝ կամքի: Արդարև, ավելի մաքուր են նյութի մեջ չընկղմված գոյությունները, քան նյութականները, այն նույն ձևով, ինչպես որ կատարյալներն ավելի մաքուր են, քան չարերը:
Աստծո վայր, ուստի, սովորաբար կոչվում է այն ամենը, ինչը որ հաղորդակից է Նրա շնորհին և Նրա ներգործությանը: Երկինքն, ուրեմն, Նրա գահն է. այստեղ են, իրոք, հրեշտակները, որոնք կատարում են Նրա կամքը և միշտ փառաբանում են Նրան իրենց օրհներգերով (հմմտ. Ես 6, 1...): Այստեղ, սակայն, նրա հանգիստն է. երկիրը, մինչդեռ, նրա ոտքերի պատվանդանն է (հմմտ. Ես 66, 1), որտեղ, մարմնի միջոցով, Նա բնակվեց մարդկանց հետ (հմմտ. Բրք 3, 38): Եվ Նրա սուրբ մարմինը անվանվում է Աստծո «ոտք»:
Եկեղեցին նույնպես կոչվում է Աստծո վայր. արդարև, մենք այն ընտրել ենք Նրա փառքը երգելու համար, որպես մի տաճար, որտեղ աղոթում ենք Նրան: Նմանապես այն վայրերը, որտեղ մեզ հայտնի է դառնում Նրա ներգործությունը՝ թե՛ մարմնի միջոցով և թե՛ առանց մարմնի, դրանք նույնպես կոչվում են Աստծո վայրեր:
Հարկավոր է իմանալ, սակայն, որ Աստված բաժանված չէ մասերի, այլ ընդհակառակը՝ բացարձակապես ամբողջական է ամենուրեք, և ո՛չ թե` մի մասն այստեղ, իսկ մյուսն՝ այնտեղ: Նա ոչ մի առնչություն չունի մարմինների հետ. Նա ամբողջովին բոլոր գոյությունների ներսում է և բոլոր գոյություններից վեր:
Հրեշտակները, մինչդեռ, սահմանափակված լինելով մի վայրում, ինչպես մարմնավոր գոյությունները, – այնպես, այսինքն, որ ստանում են ձև և կերպարանք, – ասվում է, որ հոգևոր եղանակով ներկա են մի վայրում և ո՛չ ուրիշ տեղերում, քանի որ չեն կարող լինել կամ գործել միաժամանակ տարբեր վայրերում: Նրանք սահմանափակված են այն վայրում, որտեղ գործում են:
Իրոք, միայն Աստծուն է բնորոշ միաժամանակ ամենուրեք գործելը: Հրեշտակներն, ուստի, իրենց արագաշարժության և իրենց պատրաստակամության շնորհիվ գործում են տարբեր վայրերում. Աստված, մինչդեռ, լինելով ամենուրեք և ամեն ինչից վեր, միևնույն ակնթարթում, միակ և պարզ ներգործությամբ, զանազան կերպերով գործում է ամենուր:
Ընդհակառակը, հոգին ինքը, որն ամբողջովին զոդված է ամբողջ մարմնին, և ո՛չ թե միայն մի մասին, ինքը չի բովանդակվում մարմնի կողմից, այլ` ինքն է բովանդակում մարմինը, ինչպես կրակը, որ պատում է երկաթը: Եվ հե՛նց այս վիճակում է հոգին կատարում իր գործառույթները:
Սահմանափակ է այն, ինչը որ պարփակված է մի վայրում կամ մի ժամանակվա մեջ, կամ հոգու մի հասկացության մեջ. սահմանափակ չէ, մինչդեռ, այն, ինչը որ չի բովանդակվում վերը նշվածներից ո՛չ մեկի մեջ: Ուստի, միմիայն Աստված կարող է համարվել անսահմանափակ, լինելով անսկիզբ ու անվախճան, ինչպես որ է, ամեն ինչ ընդգրկող և բացարձակապես անըմբռնելի: Արդարև, Նա միակն է, որ չի ըմբռնվում, չի սահմանագծվում և ո՛չ ոքի կողմից չի ճանաչվում, մինչ միայն Ինքն է ըմբռնում Իրեն: [...]
Սբ. Հովհան Դամասկացի (670/680-749), « Ուղղափառ հավատքի մասին », 1, 13.