15. - Աստվածային ամենուրեքության անբաժանելիությունը (Օգոստինոս Հիպպոնացի) – Գրադարան – Mashtoz.org

15. - Աստվածային ամենուրեքության անբաժանելիությունը (Օգոստինոս Հիպպոնացի)

[...] Աստված տարածված է ամեն ինչի մեջ: Նա Ինքն է Մարգարեի բերանով ասում. «Ես լցնում եմ երկինքն ու երկիրը» (Երմ 23, 24), և Նրա իմաստության մասին գրված է, որ «ծագից ծագ ձգվում է հզորությամբ և ամեն ինչ կարգավորում է քաղցրությամբ» (Իմս 8, 1), և տակավին գրված է. «Տիրոջ Հոգին լցրեց տիեզերքը» (Իմս 1, 7): Նրան է, ապա, ասվում սաղմոսներից մեկում. «Ո՞ւր կարող եմ երբևէ հեռանալ Քո հոգուց, և ո՞ւր կարող եմ փախչել Քո երեսից: Եթե ելնում եմ երկինք, դու այնտեղ ես. եթե իջնում եմ անդունդի մեջ, դու ներկա ես» (Սղմ 138, 7): Բայց Աստված տարածված է ամեն ինչի մեջ այնպես, որ Նա ո՛չ թե աշխարհի որակներից մեկն է, այլ` աշխարհի Արարիչ Էությունը, որն առանց ջանքի կառավարում է այն և առանց ծանրության՝ բովանդակում:

Սփռված չէ, սակայն, տեղային տարածությունների մեջ, ինչպես մի զանգված, այնպես, որ կեսը լինի աշխարհի մարմնավոր զանգվածի կեսի մեջ, և մյուս կեսը՝ մյուս կեսի մեջ, և ամբողջը՝ ողջ աշխարհում. Նա, մինչդեռ, ամբողջական է երկնքում միայն, ամբողջական է երկրում միայն, և ամբողջական է թե՛ երկնքում, թե՛ երկրում, չպարփակվելով որևէ վայրում, այլ` ամենուրեք ամբողջական լինելով Ինքն Իր մեջ։ [...]

Եվ սակայն, շա՜տ ավելի ապշեցուցիչ է այն փաստը, որ, Աստված ամենուրեք ամբողջական լինելով հանդերձ, այնուամենայնիվ` նա չի բնակվում բոլորի մեջ: Հիրավի, բոլորի մասին չէ, որ կարելի է ասել այն, ինչ ասում է Առաքյալը. «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք, և որ Աստծո Հոգին բնակվում է ձեր մեջ» (1Կր 3, 16), մինչդեռ մյուսների մասին, ընդհակառակը, հաստատում է. «Բայց ով որ Քրիստոսի Հոգին չունի, նա չի պատկանում Նրան» (Հռմ 8, 9)։ [...]

Ուստի, պետք է հասկանանք սա այն իմաստով, որ Աստված ամենուր է Իր աստվածության ներկայությամբ, բայց ամենուր չէ Իր շնորհի ներբնակությամբ։ [...] Եվ ինչպես որ Նա, որ ամենուր է, բոլորի մեջ չէ, որ բնակվում է, այնպես էլ` նրանց մեջ, որոնց մեջ բնակվում է, չի բնակվում հավասարապես։ [...] Ինչի՞ց կբխեր, արդարև, [փաստը,] որ բոլոր Սրբերի մեջ ոմանք ավելի սուրբ են, քան մյուսները, եթե ո՛չ` որովհետև նրանց մեջ առավել առատ է աստվածային ներբնակությունը։ [...]

Այն փաստի պատճառով, ապա, որ Աստված ավելի պակաս չափով է ըմբռնվում նրա կողմից, ում մեջ ներկա է, դա չի նշանակում, թե Նա նվազ [չափով] է [ներկա]: Իրոք, Նա ամբողջական է Ինքն Իր մեջ, իսկ նրա մեջ, ում մեջ ներկա է, ներկա չէ այնպես, որ կարծես թե դրա կարիքն ունի, կարծես թե չկարողանար լինել [ա՛յլ կերպ], եթե ո՛չ` նրա մեջ: Ինչպես որ չի պակասում նրան, ում մեջ չի բնակվում, բայց ում համար ամբողջովին ներկա է, թեև նա չունի Իրեն, այնպես էլ` ամբողջովին ներկա է նրա մեջ, ում մեջ բնակվում է, թեև նա ամբողջովին չի ըմբռնում Իրեն:

Նա չի բաժանվում՝ մարդկանց սրտերում կամ մարմիններում բնակվելու համար, մեկին տալով Իր մի մասը, իսկ մյուսին՝ Իր մի ա՛յլ մասը, ինչպես մեր լույսը, որ թափանցում է տան տարբեր պատուհաններից. ավելի շուտ, նման է գրեթե մի ձայնի. – որն, ակնհայտորեն, մարմնավոր և անցողիկ իրականություն է։ – [...] Խուլը չի ընկալում այն. ծանր լսողություն ունեցողը այն չի ընկալում ամբողջությամբ. իսկ նրանք, ովքեր լսում են, թեև բոլորն էլ հավասարապես հեռու են դրանից, ընկալում են այնքան ավելի, որքան ավելի սուր է մեկի լսողությունը, և այնքան պակաս, որքան այն պակաս սուր է. բայց ձայնը չի փոխվում, ո՛չ էլ հնչում է ավելի կամ պակաս [ուժգնությամբ], այլ` բոլորին հասնում է հավասարապես` այն վայրում, որտեղ նրանք գտնվում են:

Եվ որքա՜ն առավել գերազանց կերպով կարող է Աստված, որն անմարմին բնություն է և անփոփոխ կերպով կենդանի, որը չի կարող հոսել և բաժանվել ժամանակի տարբեր պահերի մեջ, ինչպես ձայնը, և կարիք չունի մթնոլորտային տարածության՝ ներկաներին հասնելու համար, այլ` մնում է Ինքն Իր մեջ հաստատուն հավիտյան. որքա՜ն առավել, ուրեմն, Նա կարող է ամբողջովին ներկա լինել բոլոր գոյություններին, և ամբողջովին՝ յուրաքանչյուր առանձին իրականությանը:

Եվ այնուամենայնիվ, նրանք, որոնց մեջ Նա բնակվում է, տիրապետում են Նրան ըստ իրենց տարբեր կարողության. մեկն` ավելի, մյուսը՝ նվազ. Նա, այսպես, կերտում է նրանց որպես Իրեն ամենասիրելի տաճար՝ իր բարության շնորհի միջոցով: [...]

 

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Նամակներ », III, 187, 4, 14 - 6, 18.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։