
16. - Բարկությունը և սերը՝ աստվածային կարողության արտահայտություններ (Լակտանցիուս)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Կան մեծ թվով մարդիկ, որոնք համոզված են, թե արդարությունը հաճելի է Աստծուն. նրանք պատվում են Նրան որպես ամեն ինչի Տեր և Արարիչ: Նրանք շարունակական աղոթքներով ու բազում ուխտերով Նրան ընծաներ ու զոհեր են մատուցում, օրհներգում են Նրա անունը և ջանում են բարի ու արդար գործերով արժանանալ նրա հաճությանը: Կա, ուստի, մի պատճառ, թե ինչո՛ւ Աստված կամենում է և պետք է բարեհաճ գտնվի. արդարև, ոչինչ այնքան համաձայն չէ աստվածային էությանը, որքան բարիք գործելը, և ոչինչ այնքան օտար չէ Աստծուն, որքան ապերախտութունը: Հնարավոր չէ, հետևաբար, չընդունել, որ Աստված – զերծ մնալու համար անշնորհակալության հանցանքից, որը նույնիսկ մարդու համար պարսավելի է – լիովին ճանաչում է ազնիվ, սուրբ և կենդանի մարդկանց ծառայության այս վկայությունները, և նրանց ընծայում է փոխհատուցումը:
Սակայն կան նաև անարգ ու մոլի մարդիկ, որոնք ամեն ինչ ապականում են իրենց ագահությամբ. գործում են սպանություններ, խաբեություններ, հափշտակություններ ու երդմնազանցություններ, չեն խնայում նույնիսկ արյունակիցներին ու ծնողներին՝ իրենց վեր դասելով օրենքից և մինչև իսկ Ինքնին Աստծուց: Այստեղ Աստծո բարկությունը գործելու պատճառ ունի: Արդարև, սուրբ կարգի դեմ կլիներ, եթե Աստված անտարբեր մնար նման սոսկալիության հանդեպ, եթե ոտքի չկանգներ վրեժխնդիր լինելու ոճիրների համար և արմատախիլ անելու այս մարդկանց, որոնք վնասակար են հասարակությանը, ընդունելով նրանց բարիների հետ միասին. հետևաբար, հե՛նց Նրա բարկության մեջ է Նրա շնորհի ապացույցը:
Առաքինի զգացումները, ինչպիսիք են բարկությունը չարերի դեմ, սերը բարիների հանդեպ և ողորմածությունը տառապյալների նկատմամբ, Աստծո մեջ առկա են բուն, ուղիղ և ճշմարիտ իմաստով, որովհետև արժանի են աստվածային զորությանը: Եթե Աստված չունենար դրանք, ողջ մարդկային կյանքը կվերջանար խառնաշփոթության մեջ, իրերի հաստատունությունը կհասներ այնպիսի անկարգության, որ օրենքի հանդեպ արհամարհանքի ու անտեսման պատճառով կտիրեր միայն հանդգնությունը, և ոչ ոք երբեք վստահ չէր լինի, թե կարող է գերազանցել մյուսներին սեփական ուժով: Կպատահեր այն, ինչը որ տեղի է ունենում ավազակախմբի քմահաճ տիրապետության տակ. ողջ երկիրը կամայանար: [...]
Լուկիուս Լակտանցիուս (250-325), « Աստծո բարկության մասին », 16.