
17. - Աղոթք ճշմարտության, իմաստության և երջանկության Հորը (Օգոստինոս Հիպպոնացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Ո՜վ Աստված, Արարի՜չ աշխարհի, նախևառաջ պարգևի՜ր ինձ, որ լա՛վ աղոթեմ Քեզ. ապա, որ ինձ արժանի դարձնեմ, որ Դու լսես ինձ. և ի վերջո, որ Քեզնից ստանամ փրկագնումը:
Աստվա՜ծ, որի զորությամբ բոլոր բաները, որոնք ինքնըստինքյան գոյություն չէին ունենա, շարժվում են դեպի գոյությունը:
Աստվա՜ծ, որ թույլ չես տալիս, որ դադարի գոյություն ունենալ և ո՛չ իսկ այն իրականությունը, որի տարրերն իրենց մեջ պարունակում են փոխադարձաբար միմյանց ոչնչացնելու պայմանները:
Աստվա՜ծ, որ ոչնչից ստեղծեցիր այս աշխարհը, որի մեծ ներդաշնակությունն ընկալում են բոլորի աչքերը:
Աստվա՜ծ, որ չես գործում չարը, բայց թույլատրում ես [դրա գոյությունը], որպեսզի տեղի չունենա առավել մեծ չարիքը:
Աստվա՜ծ, որ քչերի, – նրանց, ովքեր իրենց հայացքներն ուղղում են այն բանին, որն իրոք գոյություն ունի, – հայտնում ես, որ չարը իրական [գոյություն] չէ:
Աստվա՜ծ, որի զորությամբ տիեզերքը, չնայած նպատակի համար իր անհարմար մասի, հավասարապես հասնում է դրան:
Աստվա՜ծ, որի հետ աննմանությունը չի առաջացնում ծայրահեղ քայքայում, քանի որ վատթար իրականությունները ներդաշնակվում են լավագույնների հետ:
Աստվա՜ծ, որ սիրված ես սիրելու կարողությունն ունեցող յուրաքանչյուր էակի կողմից, ինքը գիտակից լինի դրան, թե՝ ո՛չ:
Աստվա՜ծ, որի մեջ են [գոյություն ունեցող] բոլոր բաները, բայց որին տիեզերքում գոյություն ունեցող տձևությունը տձև չի դարձնում, ո՛չ էլ չարը՝ նվազ կատարյալ, ո՛չ էլ սխալը՝ նվազ ճշմարիտ:
Աստվա՜ծ, որ կամեցար, որ միմիայն մաքուր հոգիները ճանաչեն ճշմարտությունը:
Աստվա՜ծ, Հա՜յր ճշմարտության, Հա՜յր իմաստության, Հա՜յր ճշմարիտ և գերագույն կյանքի, Հա՜յր երջանկության, Հա՜յր բարու և գեղեցիկի, Հա՜յր իմացական լույսի, Հա՜յր մեր վերազարթոնքի և մեր լուսավորության, Հա՜յր Գրավականի, Ով մեզ հորդորում ու խրատում է վերադառնալ Քո մոտ:
Աղերսո՜ւմ եմ Քեզ, ո՜վ Աստված-Ճշմարտություն, ճշմարտության հիմք, սկիզբ և կարգավորող՝ այն բոլոր գոյությունների, որ ճշմարիտ են.
Աստված-Իմաստությո՜ւն, իմաստության հիմք, սկիզբ և կարգավորող՝ այն բոլոր գոյությունների, որոնք տիրապետում են իմաստությանը.
Աստված-Ճշմարիտ և Գերագույն Կյա՜նք, կյանքի հիմք, սկիզբ և կարգավորող՝ այն բոլոր գոյությունների, որոնք ունեն ճշմարիտ և գերագույն կյանքը.
Աստված-Երանությո՜ւն, երանության հիմք, սկիզբ և կարգավորող՝ այն բոլոր գոյությունների, որ երանելի են.
Աստված-Բարիք և Գեղեցկությո՜ւն, բարու և գեղեցկության հիմք, սկիզբ և կարգավորող՝ այն բոլոր գոյությունների, որոնք բարի են ու գեղեցիկ.
Աստված-Լո՜ւյս Իմացական, իմացական լույսի հիմք, սկիզբ և կարգավորող՝ այն բոլոր գոյությունների, որոնք մասնակցում են իմացական լույսին.
Աստվա՜ծ, որի թագավորությունն է այն ամբողջ աշխարհը, որը թաքցված է զգայարաններից.
Աստվա՜ծ, որի թագավորությունից է սկիզբ առնում օրենքը բնության թագավորությունների համար.
Աստվա՜ծ, որից հեռանալ՝ նշանակում է ընկնել, դեպի որը շրջվել՝ նշանակում է հարություն առնել, որի մեջ մնալ՝ նշանակում է ապահովություն ունենալ.
Աստվա՜ծ, որից դուրս ելնել՝ նշանակում է մահանալ, դեպի որն ընթանալ՝ նշանակում է վերադառնալ ապրելու, որի մեջ բնակվել՝ նշանակում է ապրել.
Աստվա՜ծ, որին ոչ ոք չի կորցնում, եթե խաբված չէ. որին ոչ ոք չի փնտրում, եթե կանչված չէ. որին ոչ ոք չի գտնում, եթե մաքրագործված չէ.
Աստվա՜ծ, որին լքել՝ նշանակում է կորստյան մատնվել. որին ձգտել՝ նշանակում է սիրել. որին տեսնել՝ նշանակում է ունենալ.
Աստվա՜ծ, դեպի որն է մեզ մղում հավատքը, վերամբարձում՝ հույսը, միավորում՝ սերը.
Աստվա՜ծ, որի միջոցով հաղթում ենք հակառակորդին.
Աղերսո՜ւմ եմ Քեզ:
Աստվա՜ծ, որին ընդունել ենք՝ չենթարկվելու համար ամբողջական մահվանը.
Աստվա՜ծ, որի կողմից խթանվում ենք՝ հսկելու արթնությամբ.
Աստվա՜ծ, որի օգնությամբ զանազանում ենք բարին չարից.
Աստվա՜ծ, որի օգնությամբ խուսափում ենք չարից և գործում ենք բարին.
Աստվա՜ծ, որի օգնությամբ ետ չենք նահանջում հակառակությունների դիմաց.
Աստվա՜ծ, որի օգնությամբ ուղղամտորեն ենթարկվում ենք իշխանությանը և ուղղամտորեն կիրառում ենք այն.
Աստվա՜ծ, որի օգնությամբ ըմբռնում ենք, որ նաև ուրիշներինն են այն բաները, որոնք մի ժամանակ համարում էինք միայն մերը, և նաև մերն են այն բաները, որոնք մի ժամանակ համարում էինք միայն ուրիշներինը.
Աստվա՜ծ, որի օգնությամբ չենք շղթայվում կրքերի հրապույրներին ու խաբկանքներին.
Աստվա՜ծ, որի օգնությամբ՝ բազմակիությանը ենթակա լինելը մեզնից չի խլում մեկ լինելը.
Աստվա՜ծ, որի օգնությամբ մեր էության լավագույն մասը ենթակա չէ վատթար մասին.
Աստվա՜ծ, որի օգնությամբ մահը ջնջված է հաղթանակով.
Աստվա՜ծ, որ մեզ շրջում ես դեպի Քեզ.
Աստվա՜ծ, որ մեզ մերկացնում ես այն բաներից, որոնք անգո են, և զգեստավորում ես այն բաներով, որոնք գոյություն ունեն.
Աստվա՜ծ, որ մեզ արժանի ես դարձնում լինելու ընդունելի.
Աստվա՜ծ, որ միավորում ես մեզ.
Աստվա՜ծ, որ մեզ ներածում ես ամբողջական ճշմարտության մեջ.
Աստվա՜ծ, որ մեզ հայտնում ես բարու լիությունը, և մեզ անընդունակ չես դարձնում հասնելու դրան, և չես թույլատրում, որ ուրիշներն անեն դա.
Աստվա՜ծ, որ մեզ ետ ես կանչում ճանապարհի վրա.
Աստվա՜ծ, որ ընկերակցում ես մեզ դեպի դուռը.
Աստվա՜ծ, որ այնպես ես անում, որ բացվի նրանց առաջ, ովքեր բախում են.
Աստվա՜ծ, որ մեզ տալիս ես կյանքի հացը.
Աստվա՜ծ, որ մեր մեջ ծարավ ես արթնացնում այն ընպելիքի նկատմամբ, որից խմելով՝ այլևս երբեք չենք ծարավելու.
Աստվա՜ծ, որ մեղադրում ես աշխարհին՝ մեղքի, արդարության և դատաստանի հարցում.
Աստվա՜ծ, որի օգնությամբ մենք չենք ազդվում նրանցից, ովքեր չեն հավատում.
Աստվա՜ծ, որի օգնությամբ մերժում ենք սխալը նրանց, ովքեր պնդում են, թե հոգիները որևէ արժանիք չունեն Քո առաջ.
Աստվա՜ծ, որի օգնությամբ՝ տկար ու անկարող տարրերի պաշտողներ չենք դառնում.
Աստվա՜ծ, որ մաքրագործում ես մեզ և նախապես պատրաստում ես աստվածային պարգևներին.
Ընդառա՜ջ ելիր ինձ, ո՜վ Բարեխնամ:
Ի՛նչ ձևով էլ որ կարողացած լինեմ մտածել Քո մասին, Մեկ Աստվածը Դու ես, և Դու օգնության ես հասնում ինձ, ո՜վ միակ, հավիտենական և ճշմարիտ Էություն, որի մեջ գոյություն չունի ո՛չ մի աններդաշնակություն, ո՛չ մի խառնում ու շփոթություն, ո՛չ մի փոփոխություն, ո՛չ մի պակաս ու անբավարարություն, ո՛չ մի մահ. այլ՝ գերագույն ներդաշնակություն, գերագույն ակնհայտություն, գերագույն անփոփոխ հարատևություն, գերագույն լիություն, գերագույն կյանք. որի մեջ ոչինչ չի պակասում, ոչինչ ավելորդ չէ. որի մեջ Ծնողն ու Ծնվածը միևնույն բանն են.
Աստվա՜ծ, որին ենթակա է ամեն բան, որ զուրկ է ինքնաբավությունից. որին հնազանդվում է յուրաքանչյուր բարի հոգի. որի օրենքների շնորհիվ պտտվում են բևեռները, իրենց ընթացքն են կատարում աստղերը, արեգակը նորոգում է ցերեկը, լուսինը մեղմում է գիշերը, և աշխարհն ամբողջ, ժամանակաշրջանների պարբերական վերադարձի միջոցով, ապահովում է – որքանով որ հարմար ու հնարավոր է մարմնեղեն նյութին – երևույթների մեծ ու համաչափ կանոնավորությունը, ցերեկվա և գիշերվա հերթափոխմամբ սահմանելով օրերը, լուսնի աճմամբ ու նվազմամբ՝ ամիսները, գարնան, ամռան, աշնան ու ձմեռվա հերթափոխմամբ՝ տարիները, արևային պտույտի կատարմամբ՝ հնգամյակները, իրենց մեկնակետին աստղերի վերադարձով՝ դարերը.
Աստվա՜ծ, որի հավիտենապես հաստատուն օրենքները թույլ չեն տալիս, որ խանգարվի փոփոխական արարածների անհաստատ ընթացքը, այլ՝ որ կրկնվի, մշտական միաձևության համաձայն, ժամանակների շրջապտույտ կատարող չափման մեջ.
Աստվա՜ծ, որի օրենքների որոշմամբ՝ հոգու ընտրողունակ կամքն ազատ է, և հաստատված են պարգևատրումներ՝ բարիների համար, և պատիժներ՝ չարերի համար, համընդհանուր կերպով սահմանված օրենքների ներքո.
Աստվա՜ծ, որից ծագում և մեզ են հասնում բոլոր բարիքները. Աստվա՜ծ, որ հեռացնում ես մեզնից բոլոր չարիքները.
Աստվա՜ծ, որից վեր ոչինչ չկա, որից դուրս ոչինչ չկա, և առանց որի ոչինչ չկա.
Աստվա՜ծ, որից ներքև է գտնվում ամեն բան. որի մեջ է գտնվում ամեն բան. որի հետ է գոյություն ձեռքբերում ամեն բան.
Աստվա՜ծ, որ մարդուն ստեղծեցիր Քո պատկերով ու նմանությամբ, ինչը որ կարող է ըմբռնել նա, ով ճանաչում է ինքն իրեն.
Ո՜ւնկն դիր, ո՜ւնկն դիր, ո՜ւնկն դիր ինձ, իմ Աստվա՜ծ, իմ Տե՜ր, իմ Թագավո՜ր, Հա՜յր իմ, Պատճա՜ռ իմ, իմ Հո՜ւյս, իմ Ի՜նչք, Պատի՜վ իմ, Օթևա՜ն իմ, Հայրենի՜ք իմ, Փրկությո՜ւն իմ, իմ Լո՜ւյս, Կյա՜նք իմ:
Ո՜ւնկն դիր, ո՜ւնկն դիր, ո՜ւնկն դիր ինձ, ամբողջովին Քո՛ ձևով, որը միայն քչերին է քաջ հայտնի:
Ես այլևս միայն Քեզ եմ սիրում, միայն Քեզ եմ հետևում, միայն Քեզ եմ փնտրում, և պատրաստված եմ ծառայելու միայն Քեզ, քանի որ միայն Դու ես հրամայում արդարությամբ, և ես եռանդագին կամենում եմ Քո իշխանության ներքո լինել:
Հրամայի՛ր, աղաչո՜ւմ եմ Քեզ, և պատվիրիր ի՛նչ կամենում ես, բայց բժշկի՜ր և բացի՜ր իմ ականջները, որպեսզի կարողանամ լսել Քո ձայնը: Բժշկի՜ր և բացի՜ր իմ աչքերը, որոնցով կարողանամ տեսնել Քո նշանները: Ինձնից հեռո՛ւ վանիր անբանական շարժումները, որպեսզի կարողանամ ճանաչել Քեզ:
Ասա՜ ինձ, թե ո՛ր կողմ պետք է նայեմ, որպեսզի կարողանամ տեսնել Քեզ, և հուսով եմ, որ կկատարեմ այն ամենը, որ Դու ինձ կպատվիրես:
Ընդունի՛ր, աղաչո՜ւմ եմ Քեզ, Քո փախստական ստրուկին, ո՜վ ամենաբարեգութդ Տեր: Կարծում եմ, թե արդեն բավականին վճարել եմ պատիժս. կարծում եմ, թե արդեն բավական շատ ժամանակ ստրուկ եմ եղել Քո թշնամիներին, որոնց Դու տրորում ես Քո ոտքերի ներքո. կարծում եմ, թե արդեն բավական շատ անգամներ ենթարկվեցի խաբեական իրողությունների անգութ ծաղրանքին:
Ընդունի՜ր ինձ, Քո ծառային, որ փախչում եմ այդ իրողություններից, որոնք, մինչ փախչում էի Քեզնից, ընդունեցին ինձ որպես ո՛չ իրենցը:
Զգում եմ, որ պետք է վերադառնամ Քո մոտ: Իմ առաջ, որ բախում եմ, թող բացվի Քո դուռը. սովորեցրո՜ւ ինձ, թե ինչպե՛ս կարող եմ հասնել Քեզ:
Ուրիշ բան չունեմ, քան միայն՝ կամքը: Ուրիշ բան չգիտեմ, քան միայն այն, որ մահկանացու ու վաղանցուկ իրողությունները հարկավոր է արհամարհել, անփոփոխ ու հավիտենական իրողություններին հետամուտ լինել:
Սա՛ եմ անում, ո՜վ Հայր, որովհետև միայն սա գիտեմ: Անգիտանում եմ, սակայն, թե որտեղի՛ց է հարկավոր մեկնել՝ Քեզ հասնելու համար: Դու Ի՛նքդ հուշիր ինձ դա. Դու Ի՛նքդ ցույց տուր ինձ ճանապարհը. ապահովիր ինձ այն ամենով, որ հարկավոր է ուղևորության ընթացքում:
Եթե հավատքի միջոցով են վերագտնում Քեզ նրանք, ովքեր վերադառնում են Քո մոտ, տո՜ւր ինձ հավատքը. եթե առաքինության միջոցով, տո՜ւր ինձ առաքինությունը. եթե գիտելիքի միջոցով, տո՜ւր ինձ գիտելիքը:
Ավելացրո՜ւ ինձնում հավատքը, ավելացրո՜ւ ինձնում հույսը, ավելացրո՜ւ ինձնում սերը: Ո՜վ Բարությունդ Քո, եզակի ու զմայլելի:
Դեպի Քեզ եմ ես կամենում ընթանալ և ի՛նչ միջոցներով որ մղվում ենք դեպի Քեզ, դրանք Քեզնից կրկին անգամ հայցում եմ:
Հիրավի, եթե Դու լքում ես մեզ, մահանում ենք: Դու, սակայն, երբեք չես լքում, քանի որ գերագույն Բարիքն ես, որին ոչ ոք երբեք չի փնտրել առանց գտնելու, եթե ուղղամտությամբ է փնտրել: Իսկ ուղղամտությամբ են փնտրել բոլոր նրանք, որոնց Դու ընդունակ ես դարձրել ուղղամտությամբ փնտրելու:
Այնպես արա՛, ո՜վ Հայր, որ ես էլ Քեզ փնտրեմ, պոկի՛ր ինձ սխալից: Մինչ ես փնտրում եմ Քեզ, այնպես չպատահի, որ հանդիպեմ ուրիշ մեկի, Քո փոխարեն: Եթե ուրիշ բան չեմ փափաքում, քան միայն՝ Քեզ, թող որ ես կարողանամ այլևս գտնել Քեզ, ո՜վ Հայր, աղերսո՜ւմ եմ Քեզ:
Իսկ եթե տակավին գոյատևում է իմ մեջ ավելորդ ինչ որ մի բանի փափաք, Դու Ի՛նքդ սրբիր ինձ և ընդունակ դարձրու ինձ Քեզ տեսնելու:
Իսկ մնացածը, ինչ վերաբերվում է իմ այս մահկանացու մարմնի առողջությանը, քանի որ չգիտեմ, թե դրանից ի՛նչ օգտակարություն կարող է ծագել իմ կամ իմ սիրելիների համար, այն ամբողջովին Քեզ եմ հանձնում ու վստահում, ո՜վ իմաստնագույն և լավագույն Հայր, և նրա համար Քեզնից կխնդրեմ այն, ինչ կհուշես ինձ պատշաճ ժամանակին:
Այժմ Քո գերագույն գթությունն եմ միայն աղերսում, որպեսզի ամբողջովին դառնամ դեպի Քեզ և որպեսզի դեպի Քեզ ձգտելուս ընթացքում խոչընդոտների չհանդիպեմ. որպեսզի թույլ տաս ինձ, – նաև քանի դեռ իշխանության գլուխ եմ և կրում եմ այս մարմինը, – լինելու մաքուր, ուժեղ, արդար, խոհեմ, կատարյալ սիրող և մասնակից Քո իմաստությանը, արժանի քաղաքացիության և քաղաքացի բոլոր երանությունների Քո Արքայության:
Ամեն, ամեն:
Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Մենախոսություններ », Ա, 1.2-6.