
2. - Աստծո անունները. բազմաթի՞վ, թե՞ ոչ մի (Դիոնիսիոս Արիսպագացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Սրբազան Հեղինակները գովերգում են Աստծուն թե՛ որպես անանվանելի, թե՛ ամեն տեսակ անուններով։ Նրան որպես անանվանելի են փառաբանում, երբ հաստատում են, օրինակ, որ խորհրդաբանական աստվածահայտնության միստիկ տեսիլքի ժամանակ Նա հանդիմանեց նրան, ով Իրեն հարցրել էր. «Ի՞նչ է Քո անունը» (Ծնդ 32, 29)։ Եվ մի ուրիշ տեղում, կարծես մտադիր լինելով մերժել որևէ մի անուն, հավելեց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ Անունը. այն խորհրդավոր է» (Դտվ 13, 18)։ Եվ մի՞թե սա իսկապես խորհրդավոր անուն չէ՝ գերիվեր քան ամեն անուն, անանուն, արտասանվող որևէ անունից վեր դասված, թե՛ այս ժամանակվա մեջ և թե՛ հանդերձյալ ժամանակներում (հմմտ. Եփս 1, 21)։
Մյուս կողմից, բազմաթիվ անուններ են վերագրվում Աստծուն, ինչպես՝ երբ հիշատակվում է, որ Նա Ինքն Իր մասին հաստատեց. «Ես Նա Եմ, Ով որ Ես Եմ» (Ելց 3, 14)։ Նրան սահմանում են նաև որպես կյանք, լույս, Աստված, ճշմարտություն։ Գիտենալով, ապա, որ Աստված ամեն ինչի Արարիչն է, սրբազան իմաստունները, նայելով Նրա գործին, գովերգում են Նրան որպես բարի, գեղեցիկ, իմաստուն, սիրելի, աստվածների Աստված, տերերի Տեր, սրբերի Սուրբ, հավիտենական, Նա, որ Է, դարերի հեղինակ, կյանք պարգևող, իմաստություն, բանականություն, Բան[1], ճանաչողություն, որն իր մեջ ամփոփում է, գերազանցապես, որևէ գիտության բոլոր գանձերը։ Եվ տակավին, Աստված հռչակվում է որպես զորություն և որպես զորավոր, թագավորների Թագավոր, Հինավուրց[2], անփոփոխ և երբեք չծերացող[3], փրկություն, արդարություն, սրբացում, փրկագնում, Որի մեծությունն ամեն ինչից վեր է և Ով ներկա է անտեսանելի ոլորտներում։
Նրանք ասում են, որ Աստված ներկա է նաև ոգիների[4], հոգիների[5] և մարմինների մեջ, երկնքում և երկրի վրա, և միաժամանակ՝ աշխարհի մեջ, աշխարհի շուրջը և աշխարհի վրա, երկնքից վեր, ամեն գոյացությունից վեր։ Ասում են, որ Աստված նաև արևն է, աստղերը, հուրը, ջուրը, օդը, ցողը, ամպերը, մինչև իսկ ժայռերն ու քարերը[6]։ Կարճ ասած՝ Աստված այն ամենն է, ինչ գոյություն ունի, և ոչինչ չէ այն ամենից, ինչ գոյություն ունի։ [...]
Սբ. Դիոնիսիոս Արիսպագացի (5-6-րդ դարեր), « Աստվածային անունների մասին », 1, 6.