2. - Աստվածային հեղեղող լույսի ներգործությունները (Դիոնիսիոս Արիսպագացի) – Գրադարան – Mashtoz.org

2. - Աստվածային հեղեղող լույսի ներգործությունները (Դիոնիսիոս Արիսպագացի)

[...] Աստծո անտեսանելի հատկությունները, ճանաչելի լինելով Իր գործերի մեջ, կարող են դիտարկվել աշխարհի արարածների կողմից. թե՛ Նրա հավիտենական զորությունը և թե՛ աստվածությունը (Հռմ 1, 20): Այժմ պետք է փառաբանենք բարու անունը, որ բխում է իմացական լույսից, և ասենք, որ Նա, Ով բարի է, սահմանվում է որպես իմացական լույս, քանի որ իմացական լույսով լցնում է յուրաքանչյուր վերերկրային միտք: Հալածում է ամեն տեսակ տգիտություն և ամեն տեսակ մոլորություն այն բոլոր հոգիներից, որոնց մեջ տարածված է, բոլորին հաղորդակից է դարձնում սուրբ լույսին, մաքրագործում և ազատում է նրանց բանականության աչքերը տգիտության մթությունից՝ ցրելով թանձր ու ծանր խավարը:

Սկզբում սփռում է մի չափավոր փայլ. այնուհետև, երբ այդ լույսին վարժված աչքերը դրանից է՛լ ավելին են տենչում, տալիս է իրեն առավել չափով և շողում է ավելի շլացուցիչ պայծառությամբ:

Այդ պատճառով իմացական լույս է կոչվում այն Բարին, որը վեր է ամեն լույսից՝ որպես լուսավոր ճառագայթների աղբյուր, որոնք ողողում են ամեն միտք աշխարհի վրա և աշխարհի շուրջը և աշխարհի մեջ, նորոգելով նրանց ըմբռնողության բոլոր կարողությունները: Այն վեր է ամեն ինչից և ունի լուսավորելու ամեն կարողություն՝ որպես Լույսի Իշխան, Իր մեջ հավաքելով, ուղղորդելով և միասնաբար համադրելով մտքով ու բանականությամբ օժտված բոլոր էակներին:

Արդարև, Նա ուղղորդում է տգիտության պատճառով մոլորվածներին՝ համադրելով ու կատարելագործելով լուսավորումներն ու լուսավորված բաները, շրջելով դրանք, ի վերջո, դեպի այն, ինչն իրապես գոյություն ունի, բազմաթիվ կեղծ կարծիքներից հրաժարեցնելուց հետո: Այդպես անելով՝ Նա զանազան պատկերները կամ, ավելի ճիշտ, երևակայությունները հավաքում է մեկ միակ, ճշմարիտ, մաքուր և պարզ գիտության մեջ, լցնելով դրանք մեկ միակ միավորող լույսով: [...]

 

Սբ. Դիոնիսիոս Արիսպագացի (5-6-րդ դարեր), « Աստվածային անունների մասին », 4, 4-6.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։