2. - Երրորդութենական հավատքը (Հովհան Դամասկացի) – Գրադարան – Mashtoz.org

2. - Երրորդութենական հավատքը (Հովհան Դամասկացի)

[...] Հավատում ենք մեկ Աստծո՝ միակ սկզբնապատճառին, որն անսկիզբ է. անստեղծ, անծին, անկործանելի և անմահ, հավիտենական, անհուն, անպարփակելի, անսահմանափակ, անբավ զորությամբ, պարզ, ո՛չ բաղադրյալ, անմարմին, անփոփոխելի, անչարչարելի, անշարժ և անայլայլելի. անտեսանելի, աղբյուր ամենայն բարության և արդարության, իմացական և անմատչելի լույս, անչափելի զորություն, որ չափվում է [միայն] Իր կամքով. – հիրավի, կարող է այն ամենը, ինչ կամենում է (Սղմ 134, 6). – հիմնադիր բոլոր՝ թե՛ տեսանելի և թե՛ անտեսանելի գոյությունների, պահպանող ամենայնի, նախախնամող ամենայնի, բովանդակող ու կառավարող ամենայնի, որն հավերժական և անմահ թագավորություն ունի ամենքի վրա:

[Հավատում ենք մեկ Աստծո], որին ոչինչ չի հակառակվում, որը լցնում է բոլոր բաները՝ առանց որևէ բանի կողմից պարփակվելու. մանավանդ թե, Նա Ինքն է պարփակում ամենը, բովանդակում ամենը և ամենին նախախնամում, որ թափանցում է բոլոր գոյացությունների մեջ՝ թողնելով դրանք անխաթար, Ինքը լինելով բոլոր գոյություններից անդին, բոլոր գոյացությունների նկատմամբ անդրանցական, գերգոյացական և բարձրագույն ամեն ինչից. բարձրագույն` աստվածությամբ, բարությամբ, լիությամբ. մի Աստված, որ հաստատում է բոլոր իշխանություններն ու բոլոր կարգերը, մինչ Ինքը կանգնած է որևէ կարգից և որևէ իշխանությունից վեր. բարձրագույն է [Իր] էությամբ, կյանքով, խոսքով, բանականությամբ. մի Աստված, որն Ինքնին լույսն է, Ինքնին բարությունը, Ինքնին կյանքը, Ինքնին գոյությունը(1). արդարև, Նա ուրիշ ոչ ոքից չի ստանում ո՛չ Իր սեփական էությունը, և ո՛չ էլ գոյություն ունեցող որևէ բանի էությունը, այլ՝ մանավանդ թե, Նա Ինքն է էության աղբյուրը՝ բոլոր այն բաների համար, որոնք գոյություն ունեն. կյանքի աղբյուրը՝ բոլոր այն բաների համար, որոնք ապրում են. բանականության աղբյուրը՝ բոլոր այն արարածների համար, որոնք գործածում են այն:

[Հավատում ենք մեկ Աստծո], որն ամեն տեսակ բարիքի պատճառն է անխտիր բոլոր գոյությունների համար, որը կանխատեսում է ամեն ինչ նախքան դրանց կայանալը. միակ գոյացություն, միակ աստվածություն, միակ զորություն, միակ կամք, միակ ներգործություն, միակ սկզբունք, միակ իշխանություն, միակ տերություն, միակ թագավորություն:

[Հավատում ենք այս] միակ Աստծուն՝ ճանաչված երեք կատարյալ Անձերի մեջ և երկրպագված մեկ միասնական պաշտամունքով, Ով հավատքի և երկրպագության առարկա է յուրաքանչյուր բանական արարածի կողմից. և այս Անձերը միավորված են առանց խառնվելու կամ շփոթվելու, և բաժանված են – ինչը որ անցնում է որևէ խելքից անդին – առանց որևէ հեռավորության. Հոր և Որդու և Սուրբ Հոգու մեջ, որոնց Անունով էլ մենք մկրտվել ենք: Արդարև, Տերն այսպես պատվիրեց Առաքյալներին մկրտել, երբ ասաց. «Մկրտեցե՛ք նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մտթ 28, 19):

Հավատում ենք միակ Հորը՝ ամենքի ու ամեն ինչի սկզբին և պատճառին, ոչ ոքից չծնված, միակ անպատճառ և անծին Փրկչին. բոլոր գոյությունների Արարչին. Հայր, ըստ բնության, Իր միակ Միածին Որդու և Աստծո՝ մեր Հիսուս Քրիստոսի, և Ամենասուրբ Հոգուն բխեցնողին:

Հավատում ենք նաև Աստծո Միածին Որդուն՝ մեր Տիրոջը, ծնված Հորից` բոլոր դարերից առաջ. Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց. ծնված, ո՛չ թե ստեղծված. համագոյակից Հորը. որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ [...](2):

[...] Նույն կերպ, հավատում ենք նաև Սուրբ Հոգուն, Ով Տեր է և կենդանարար, որ բխում է Հորից և հանգչում է Որդու մեջ. Ով Հոր և Որդու հետ միասին երկրպագվում է և համափառավորվում, լինելով նրանց նման համագոյակից և հավիտենական. Աստծո Հոգի, արդար, ինքնիշխան. աղբյուր իմաստության, կյանքի և սրբության. Ով Աստված է և Աստված է կոչվում Հոր և Որդու հետ միասին. անստեղծ, կատարյալ, ստեղծող, որ կառավարում է գոյություն ունեցող ամեն ինչ, Արարիչ ամեն ինչի, ամենակարող, անսահման զորություն, որ հրամայում է ամբողջ արարչությանը՝ առանց որևէ մեկի իշխանությանը ենթակա լինելու. որ աստվածացնում է՝ առանց աստվածացվելու. որ լցնում է՝ առանց լցվելու. որին հաղորդակից են դառնում, բայց Ինքը չի հաղորդակցվում. որ սրբագործում է, բայց չի սրբագործվում. Մխիթարիչ(3), քանի որ ընդունում է բոլորի աղերսանքները. ամեն ինչով նման` Հորը և Որդուն. բխելով Հորից՝ շնորհվում է Որդու միջոցով և ընդունվում է յուրաքանչյուր արարածի կողմից: [...]

 

Սբ. Հովհան Դամասկացի (670/680-749), « Ուղղափառ հավատքի մասին », 1, 8.

(1) Կամ` էությունը։
(2) Քրիստոնեական հավատքի Նիկեա-Կոստանդնուպոլսյան հանգանակից:
(3) Բնագրում գործածված է հունարեն «Παράκλητος» - «Պառակլետոս» եզրը։ Նոր Կտակարանում այն գործածված է միայն Հովհաննես Ավետարանչի կողմից, 5 անգամ (Հվհ 14, 16.26; 15, 26; 16, 7; 1Հվհ 2, 1): Այն սերում է իրավագիտական եզրաբանությունից և մատնանշում է դատապաշտպանին, բայց լեզվաբանական հարթության վրա կարող է նշանակել նաև միջնորդ, բարեխոս, մխիթարող, օգնության հասնող, համապարփակ իմաստով՝ աջակցող: Համապատասխանում է «παρακαλέω» - «պառակալէօ» բային, որ բառացի նշանակում է «մոտիկից ձայն տալ», ուստի աղերսել, աղաչել, մխիթարել, խոսքով պաշտպանել, և այլն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։